Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.03.2017
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 202-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա1» եւ «ա2» ենթակետերով.

«ա1. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս խտանյութի առանձին տեսակների համար վճարվող մետաղներ են համարվում՝

- պղնձի խտանյութերի դեպքում՝ պղինձը, ոսկին, արծաթը, ինչպես նաեւ խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ,

- մոլիբդենի խտանյութի դեպքում՝ մոլիբդենը, ինչպես նաեւ խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ,

- ցինկի խտանյութի դեպքում՝ ցինկը, ոսկին, արծաթը, ինչպես նաեւ խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ,

- այլ խտանյութերի դեպքում՝ խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող մետաղները,

ա2. ռոյալթիի  հաշվարկման  իմաստով  խտանյութի  իրացման շրջանառությունը որոշելիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել՝

- վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի առավելագույն սահմանաչափերը։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չլինելու դեպքում դրանք ընդունվում են պայմանագրով սահմանված չափով,

- մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ՝ տրանսպորտային) առավելագույն սահմանաչափերը: Սահմանաչափերը հրապարակվում են՝ հիմնվելով մասնագիտացված միջազգային պարբերականների, այդ թվում՝ Վուդ Մակենզի (Wood Mackenzie), Մետալ Բյուլետին (Metal Bulletin) կամ համանման հեղինակությամբ միջազգային այլ պարբերականների կողմից մետաղական խտանյութերի վերամշակման եւ զտման ծախսերի վերաբերյալ հրապարակվող տվյալները՝ հղում կատարելով համապատասխան աղբյուրին։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չլինելու դեպքում դրանք ընդունվում են պայմանագրով սահմանված չափով,»։

Հոդված 2. Օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ. եթե ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 20 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում՝ սույն օրենսգրքով կամ մատակարարման պայմանագրով վճարվողհանդիսացող մետաղների վերջնական պարունակության եւ նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում՝ սույն օրենսգրքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող հանդիսացող մետաղների վերջնական պարունակության եւ նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային միջին գների 80 տոկոսի արտադրյալը,»։

Հոդված 3. Օրենսգրքի  202-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Սույն օրենքի կիրառության իմաստով՝ մետաղի միջազգային միջին գին է համարվում ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի, իսկ նշված աղբյուրի կողմից որեւէ մետաղի վերաբերյալ տվյալներ չհրապարակվելու դեպքում՝ համանման միջազգային այլ հեղինակավոր աղբյուրի տվյալների հիման վրա յուրաքանչյուր ամսվա համար հրապարակված գինը (հրապարակելով նաեւ աղբյուրի վերաբերյալ տեղեկությունները):»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։ 
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.03.2017
ՀՕ-79