Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2017

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 84-րդ հոդվածի 8-րդ մասը «ազգային անվտանգության մարմիններում ծառայողի» բառերից հետո լրացնել«, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տվող անձի,»:

Հոդված 3 . Օրենսգրքի 311.2 -րդ հոդվածում՝

1) վերնագրից «շահադիտական նպատակով» բառերը հանել.

2) 1-ին մասի «շահադիտական նպատակով» բառերը փոխարինել «շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով» բառերով, իսկ նույն մասը «միջնորդի միջոցով» բառերից հետո լրացնել «իր կամ այլ անձի համար» բառերով:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 314.2-րդ հոդվածով.

«Հոդված 314.2. Հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը

1. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.26-րդ հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, դիտավորությամբ չներկայացնելը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնելհետեւյալ բովանդակությամբ 314.3-րդ հոդվածով.

«Հոդված 314.3. Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը

1. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ341.1-ին հոդվածով.

«Հոդված 341.1. Կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տվող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց սպանության, առողջությանը վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը

1. Կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տվող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց սպանության, առողջությանը վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը, որը կապված է կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տալու հետ, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի իմաստով՝ փոխկապակցված անձինք են համարվում հաղորդում տվող անձի ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը եւ եղբայրները:

3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Հոդված 7. Օրենսգիրքըլրացնելհետեւյալբովանդակությամբ341.2-րդ հոդվածով.

«Հոդված 341.2. Կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տվող անձի տվյալների ապօրինի հրապարակումը

1. Կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տվող անձի տվյալների ապօրինի հրապարակումն այն անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահվել կամ հայտնի են դարձել նրա ծառայողական գործունեության կապակցությամբ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 8. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2018 թվականիապրիլի10-ից:

2. Սույն օրենքի 3-5-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

3. Սույն օրենքի 2-րդ, 6-րդ եւ 7-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.06.2017
ՀՕ-102