Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.12.2017

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Oրենսգիրք) 266-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենսգրքում թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափեր են համարվում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հնգապատիկից մինչեւ քսանհինգապատիկը ներառող չափերը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-5.4-րդ մասերով.

«5.1. Սույն օրենսգրքում թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի խոշոր չափեր են համարվում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի քսանհինգապատիկից մինչեւ հարյուրքսանհինգապատիկը ներառող չափերը:

5.2. Սույն օրենսգրքում թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առանձնապես խոշոր չափեր են համարվում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հարյուրքսանհինգապատիկը գերազանցող չափերը:

5.3. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հիմք ընդունելով սույն հոդվածի 5-րդ, 5.1-ին եւ 5.2-րդ մասերով սահմանված չափորոշիչները:

5.4. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 273-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 273. Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը».

2) 1-ին մասի «Մշակումն արգելված թմրանյութեր» բառերը փոխարինել «Շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ» բառերով եւ «ապօրինի» բառը հանել:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 275-րդ հոդվածում`

1) 2.2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ եւ 6-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենսգրքում նշված թունավոր նյութերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն օրենսգրքում նշված խիստ ներգործող նյութերի ցանկը, ինչպես նաեւ դրանց խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.12.2017
ՀՕ-241-Ն