Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.01.2018

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա1 » կետով.

«ա1 ) Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների համար.»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.

«Հոդված 9.1. Սահմանադրական դատարան տրվող անհատական դիմումների, Սահմանադրական դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.
 
1. Սահմանադրական դատարան դիմելու համար`
բազային տուրքի տասնապատիկի չափով
2. Սահմանադրական դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար`
բազային տուրքի 50 տոկոսի եւ յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով»:

Հոդված 3. Օրենքի 28.1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամները» բառերը փոխարինել «Սահմանադրական դատարանի դատավորները» բառերով:

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ1 » կետով.

«գ1 ) Սահմանադրական դատարանը` ելնելով դիմողի գույքային դրությունից.»:

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա1 » կետով.

«ա1 ) Սահմանադրական դատարանի կողմից դիմումը վերադարձնելու, գործի քննությունը մերժելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում.»:

Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասը «դատարանի» բառից առաջ լրացնել «Սահմանադրական դատարանի,» բառերով:

Հոդված 7. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.01.2018
ՀՕ-45-Ն