Armenian   Russian    
Ընդերքի մասին օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.03.2018

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 13-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում «ընդերքի պետական տեսչությանը, բնապահպանական պետական տեսչությանը» բառերը փոխարինել «ընդերքօգտագործման եւ պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ, 16-րդ եւ 17-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել, իսկ 10-րդ կետի «կառավարումը եւ վերահսկողությունն» բառերը փոխարինել «կառավարումն» բառով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են`

1) ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականության ձեւավորմանը մասնակցությունը.

2) ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը.

3) ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի, հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման եւ հրաժարման նախագծերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը.

4) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների չափերի հաշվարկման, ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ որոշումների ընդունումը.

5) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգի մշակումը.

6) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փուլում շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի հաստատումը.

7) ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգի մշակումը.

8) ընդերքօգտագործման թափոնների եւ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգի մշակումը.

9) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը եւ ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը եւ վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջների եւ չափանիշների մշակումը.

10) լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչների մշակումը.

11) օգտակար հանածոյի մշակման համար անհրաժեշտ վտանգավոր նյութերի օգտագործման առավելագույն սահմանաչափերի որոշման ընթացակարգի հաստատումը.

12) ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաեւ արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգի մշակումը.

13) ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների ընդունումը, դրանց վերաբերյալ միասնական համակարգի ստեղծումը, վարումը, տնօրինումը եւ հրապարակայնացումը.

14) ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման եւ ինդեքսավորման կարգի հաստատումը.

15) սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավասություններ:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Ընդերքօգտագործման հետ կապված՝ բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասություններն են`

1) ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

2) հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման եւ հրաժարման նախագծերի, ծրագրերի կատարման նկատմամբ բնապահպանական վերահսկողության իրականացումը.

3) բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

4) սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավասություններ:»։

Հոդված 3. Օրենսգրքի 74-77-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.03.2018
ՀՕ-186-Ն