Լեզվի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.03.2018

Հոդված 1. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ հոդվածով.

«Հոդված 6. Լեզվի կոմիտեն

1. Լեզվի կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:

2. Լեզվի կոմիտեն՝

1) մասնակցում է լեզվի բնագավառում քաղաքականության մշակմանը եւ ապահովում այդ քաղաքականության իրականացումը, ինչպես նաեւ մշակում է լեզվի բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերը.

2) ապահովում է `

ա. սույն օրենքի պահանջների կատարումը եւ լեզվական քաղաքականության պետական ծրագրի իրականացումը,

բ. հայերենի կանոնարկումը եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում դրա լիակատար գործածությունը,

գ. ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանությունը.

3) աջակցում է`

ա. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացմանը,

բ. հեռուստառադիոընկերությունների՝ մշակութային, տեղեկատվական, տեղեկատվական-վերլուծական, հասարակական-քաղաքական, գիտահանրամատ-չելի, կրթական եւ մարզական հաղորդումների լեզուն գրական հայերենը լինելու պահանջի կատարմանը.

4) իրականացնում է լեզվաքարոզչություն, լեզվական փորձաքննություն, լեզվավիճակի մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ, կանխարգելիչ միջոցառումներ, գնահատումներ, ինչպես նաեւ կազմակերպում լեզվաքաղաքականության հարցերին նվիրված միջոցառումներ, խորհրդակցություններ, գիտաժողովներ, սեմինարներ, ասուլիսներ.

5) լեզվական պարզաբանումներ է տալիս հայերենի կանոնարկման եւ կիրառման, անձնանունների, հայրանունների եւ ազգանունների, աշխարհագրական տեղանունների, ինչպես նաեւ առանձնահատուկ բարդության տերմինների, հասկացությունների վերաբերյալ.

6) նպաստում է`

ա. Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը, տարածմանը եւ զարգացմանը,

բ. ոչ հայախոսների համար լեզվական ուսուցման հատուկ ծրագրերի մշակմանը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.03.2018
ՀՕ-305-Ն