Armenian      
Քաղաքաշինության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.03.2018
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) մշակում է քաղաքաշինության բնագավառում պետական քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության տարածքների եւ բնակավայրերի կայուն զարգացման ռազմավարությունը.»:

Հոդված 2. Օրենքի 10.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 10.1. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը

1. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը Քաղաքաշինության կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե):

2. Կոմիտեի անմիջական ղեկավարումն իրականացնում է կոմիտեի նախագահը:

3. Կոմիտեն`

1) իրականացնում է քաղաքաշինության բնագավառում Կառավարության քաղաքականությունը.

2) մշակում եւ վարչապետին է ներկայացնում պետական ծրագրերի նախագծեր, որոնց հաստատումից հետո իր լիազորությունների շրջանակներում վերահսկում է դրանց իրականացումը.

3) մշակում եւ վարչապետին է ներկայացնում քաղաքաշինության բնագավառի զարգացումն ապահովող եւ գործունեությունը կարգավորող օրենքների եւ իրավական այլ ակտերի նախագծեր.

4) մշակում է հանրապետության եւ առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն, գործառական այլ համակարգերի տարածքային կազմակերպման, ինչպես նաեւ արտադրական կարողությունների, ինժեներական, տրանսպորտային, կոմունալ եւ սոցիալական ենթակառուցվածքների տեղաբաշխման, պատմամշակութային ու բնության հատուկ պահպանվող տարածքներ ներառող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր.

5) օրենքով սահմանված կարգով կազմակերպում եւ համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.

6) ապահովում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի «ա»-«բ» կետերով սահմանված քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակումը եւ այդ նախագծերի հաստատումից հետո` դրանց իրականացման մոնիթորինգը.

7) սույն օրենքի 14.3-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ եւ 8.1-ին մասերով սահմանված պահանջների ապահովմամբ համակարգում է միկրոռեգիոնալ եւ տեղական մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքները եւ այդ փաստաթղթերի հաստատումից հետո ապահովում դրանց իրագործման վերահսկողությունը, մշակում է տարածքների եւ բնակավայրերի կայուն քաղաքաշինական զարգացման ռազմավարությունը.

8) եզրակացություն է տալիս տրանսպորտային եւ ինժեներական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շրջանակներում քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ.

9) մշակում եւ վարչապետի քննարկմանն է ներկայացնում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման, գործունեության կարգի վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաեւ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծեր.

10) մշակում է քաղաքաշինական եւ լանդշաֆտային համակարգերի ներդաշնակեցման ծրագրերի, տարածական պլանավորման նորմերի ու կանոնների, ինչպես նաեւ տարբեր գործառական տարածքների քաղաքաշինական եւ լանդշաֆտային չափորոշիչներ.

11) մշակում է քաղաքների էկոլոգիական վիճակի բարելավմանը, շրջակա միջավայրի վրա ուրբանիզացիայի բացասական հետեւանքների նվազեցմանը նպատակաուղղված, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացման տարածական զարգացման ծրագրեր.

12) մշակում եւ վարչապետին է ներկայացնում առաջարկություններ՝ շենքերի (այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի), շինությունների պահպանման եւ անվտանգ շահագործման, ինչպես նաեւ դրանց արդիականացման (այդ թվում՝ էներգախնայողության ու էներգաարդյունավետության բարձրացման) վերաբերյալ.

13) մշակում է բնակավայրերի պատմաճարտարապետական միջավայրի քաղաքաշինական վերականգնման ու զարգացման, ճարտարապետության բնագավառի զարգացման, քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների զարգացման, շինարարության բնագավառի զարգացման ծրագրեր եւ իրականացնում է դրանց մոնիթորինգ.

14) աջակցում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում քաղաքաշինական, ճարտարապետական եւ լանդշաֆտային համալիրների կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանը.

15) սահմանում է բնակավայրերի հողերի օգտագործման, ինչպես նաեւ կառուցապատման համար նախատեսված այլ հողերի քաղաքաշինական սահմանափակումներ եւ նորմեր.

16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումն ու կադաստրային ամփոփումը.

17) իրականացնում է քաղաքաշինական գործունեության լիցենզավորումը.

18) իրականացնում է Հայաստանի Հանրապետության հողային պաշարների պետական կառավարումը.

19) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառի գիտական եւ գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի մշակումը, տեխնիկական քաղաքականության վարումը եւ այդ աշխատանքների համակարգումը.

20) կազմակերպում եւ համակարգում է շենքերի անձնագրավորման, սեյսմակայունության ուղղությամբ իրականացվող հետազննական, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական աշխատանքները.

21) կազմակերպում եւ իրականացնում է բարձր եւ բարձրագույն ռիսկայնության աստիճան (կատեգորիա) ունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերով սահմանված սահմանային հարկայնությունը գերազանցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննությունը.

22) ապահովում է վտանգավոր երկրաբանական երեւույթներից քաղաքաշինական օբյեկտների պաշտպանության ծրագրերի մշակումը եւ դրանց մոնիթորինգի իրականացումը.

23) կազմակերպում է քաղաքաշինական օբյեկտների լավագույն ճարտարապետական լուծումների ընտրության նպատակով անցկացվող մրցույթներ եւ աջակցում է դրանց իրականացմանը.

24) քաղաքացիական պաշտպանության եւ զորահավաքային նախապատրաստության բնագավառում մշակում է պլաններ ու ծրագրեր, իրականացնում է հիմնական միջոցառումների, ինչպես նաեւ կազմակերպում է համակարգի աշխատողների պաշտպանությունը եւ զորահավաքային ռեսուրսների հաշվառումը.

25) համակարգում է կոմիտեի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատանքային գործունեությունը.

26) հաստատում է շենքերի եւ շինությունների բազմակի օգտագործման օրինակելի ու փորձարարական նախագծերը եւ դրանք առաջադրում կիրարկման:»:

Հոդված 2. Օրենքում «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին» եւ «քաղաքաշինության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «կոմիտե» բառով:

Հոդված 3. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Կառավարություն» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.03.2018
ՀՕ-265-Ն