Բարեգործության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2018

Հոդված 1. «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-424 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Լիազորված մարմինն իրականացնում է հետեւյալ գործառույթները.

1) սույն օրենքով սահմանված բարեգործության նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերը՝ որպես բարեգործական որակում եւ գրանցում.

2) ծրագրի՝ բարեգործական որակումը փոփոխելը (չեղյալ ճանաչելը), իսկ եթե նման որակումը բխում է այլ իրավական ակտից, ապա այդ որակումը փոփոխելու մասին առաջարկություն ներկայացնելը տվյալ իրավական ակտն ընդունած մարմին.

3) որպես բարեգործական որակված ծրագրերի հետ անմիջականորեն կապված եւ դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների եւ ծառայությունների շրջանակը որոշելը.

4) որպես բարեգործական որակված ծրագրերի վարչական ռեգիստրը վարելը, ներառյալ՝ բարեգործական ծրագրերը գրանցելը, բարեգործական աջակցության եւ կամավորների կատարած աշխատանքի հաշվառումը վարելը.

5) որպես բարեգործական որակված ծրագրերի ընթացքի եւ ավարտի վերաբերյալ տեղեկատվություն ստանալը.

6) դրամական եւ բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները սահմանված ժամկետներում չօգտագործվելու դեպքում դրանց օգտագործման ժամկետների երկարաձգումը մինչեւ վեց ամիս ժամկետով.

7) բարեգործական ծրագրերի իրականացման փորձի ուսումնասիրությունը, դրանց արդյունավետության բարձրացման միջոցներ ձեռնարկելը, այդ թվում՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, ներառյալ՝ ստուգում անցկացնելու վերաբերյալ համապատասխան պետական մարմիններ միջնորդություններ ներկայացնելը.

8) որպես բարեգործական որակված ծրագրերի ավարտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության քննարկումը եւ ծրագրի իրականացման հավաստումը.

9) բարեգործության կարգով Հայաստանի Հանրապետության կողմից ստացված ապրանքների հաշվառման ու բաշխման աշխատանքները կազմակերպելը՝ Կառավարության՝ տվյալ ապրանքների տնօրինման մասին որոշմանը համապատասխան.

10) բարեգործության բնագավառում հրապարակայնություն ապահովելը.

11) սույն օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացումը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-2.4-րդ մասերով.

«2.1. Ծրագիրը բարեգործական որակելու հարցը կարող է դրվել այն դեպքերում, երբ ծրագիրն իրականացնող անձը՝

1) ակնկալում է սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված խրախուսում.

2) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա նախատեսում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից, եթե նշված արտոնությունները կամ վերը նշված որակումն ուղղակիորեն չեն բխում օրենսդրությունից կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից.

3) սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ակնկալում է Կառավարությունից կամ համապատասխան համայնքից ստանալ նյութատեխնիկական աջակցություն կամ դրամական օժանդակություն:

2.2. Վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմին առաջարկություններ է ներկայացնում սույն օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը եւ կանոնադրությունը հաստատվում են վարչապետի որոշմամբ:

2.3. Բարեգործական որակման ենթակա չէ շահառություն ենթադրող, կուսակցություններին եւ առեւտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական եւ այլ միջոցների հատկացում ներառող կամ կազմակերպության՝ իր աշխատողների կամ իր առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կամ դրանց աշխատողների սպառողական պահանջմունքների բավարարման ծրագիրը: Բարեգործական որակման ենթակա չէ բարեգործական ծախսերի համար դրամական միջոցների ստացման՝ ապրանքների առք ու վաճառքի գործարք (դրամայնացում) ներառող ծրագիրը:

2.4. Հարկային արտոնությունների ստացման նկատառումով բարեգործական կարող են որակվել միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են օտարերկրյա պետությունների, դրանց դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, դրանց ներկայացուցչությունների, միջազգային, օտարերկրյա եւ Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ՝ բարեգործական), կրոնական ու նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից եւ նրանց ֆինանսական կամ այլ միջոցների հաշվին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

26.06.2018
ՀՕ-342-Ն