Armenian      
Նոտարիատի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.06.2018

Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոտարական տարածքում նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման, ինչպես նաեւ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված հիմքերով պաշտոնից ազատման կամ նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքերում արդարադատության նախարարը, նոտարական պալատի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ, նոտարական գործողությունների իրականացումը նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման ժամանակահատվածում, իսկ պաշտոնից ազատման կամ լիազորությունների դադարման դեպքում՝ անժամկետ, դնում է այլ նոտարի վրա:»:

Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը «կառավարությունը:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Որակավորման վկայականի ձեւը սահմանում է արդարադատության նախարարը:»:

Հոդված 3. Օրենքի 62-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասերով.

«1.1. Մահացած անձանց ժառանգները կարող են գրավոր դիմել ժառանգության բացման վայր հանդիսացող նոտարական տարածքի ցանկացած նոտարին եւ նրանից ստանալ ժառանգության վկայագիր:

1.2. Միեւնույն նոտարական տարածքում աշխատող նոտարներից նույն ժառանգատուի գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալիս է այն նոտարը, որին առաջինն է տրվել ժառանգություն ընդունելու մասին դիմումը:

1.3. Անկախ միեւնույն տարածքում աշխատող նոտարների թվից՝ միեւնույն նոտարական տարածքում կարող է վարվել միայն ժառանգական գործերի հաշվառման եւ գրանցման մեկ ընդհանուր մատյան:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

28.06.2018
ՀՕ-353-Ն