Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԻ ՇԱՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.07.2018

Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
Գլուխ 2. Համաներման կիրառման շրջանակները
Գլուխ 3. Եզրափակիչ մաս

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված  1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները:

ԳԼՈՒԽ 2
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

Հոդված  2. Համաներման կիրառման շրջանակները

1. Վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ, 123.1-ին (բացառությամբ 2-րդ մասով նախատեսված իրավախախտումների), 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 4-րդ, 4.1-ին, 4.2-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ (բացառությամբ 31-րդ եւ 32-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ,   124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 128-րդ, 129.2-րդ (բացառությամբ  2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 131-րդ, 132-րդ,  135.2-րդ եւ 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից, բացառությամբ, երբ այդ պարտականությունը կապված է անձանց կողմից հանցագործություն կատարելու այնպիսի ոչ իրավաչափ վարքագծի հետ, ինչն առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակել, եւ այդ փաստի առթիվ իրականացվել է քրեական վարույթ, որի արդյունքում առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, կամ քրեական գործով վարույթը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով: Համաներման կիրառումը կասեցվում է մինչեւ քրեական գործով վարույթի ավարտը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված եւ մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական ակտերի, ինչպես նաեւ այդ վարչական իրավախախտումների վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման  վերաբերյալ գործերով վարչական դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման` կատարողական վարույթի կողմերին ազատելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված եւ մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումներ կատարած անձանց, անկախ նրանց՝ տուգանքը վճարած լինելու հանգամանքից, սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից համարել վարչական տույժի չենթարկված, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված` համաներման կիրառումը բացառող կամ դրա կիրառումը կասեցնող դեպքերի:

ԳԼՈՒԽ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

18.07.2018
ՀՕ-371-Ն