Armenian      
Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.08.2018

Հոդված 1. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.5-րդ հոդվածով.

«Հոդված 2.5. Հաստատել 2018 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ժամանակավոր ծրագիր)` համաձայն N 6 հավելվածի :»։

Հոդված 2. Օրենքով հաստատված՝ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.7-րդ կետով.
 
«6.7) 2018 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 210 մլն մ3 : 2018 թվականի ընթացքում Սեւանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3 -ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում  առաջացող լրացուցիչ գումարները (այսուհետ` Lրացուցիչ գումարներ) ենթակա են վճարման այդ գումարների հավաքման եւ դրանց հաշվին Ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան  բացված արտաբյուջետային հաշվին (այսուհետ` Արտաբյուջետային հաշիվ): Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաեւ դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը (նախահաշիվները) սահմանում է Կառավարությունը: Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը եւ պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ  տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով (նախահաշիվներով) նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել «2018 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը» N6 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ Արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ):
 

Հավելված

«Հավելված N6

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ

2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ  ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2018 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակված է համաձայն «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետի երկրորդ պարբերության դրույթների:

Ծրագիրը նպատակաուղղված է 2018 թվականին Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:

2. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

«Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին»  օրենքով (այսուհետ՝ Օրենք)  ամրագրված է լճից ջրի բացթողման առավելագույն չափաքանակ՝ 170 մլն մ3 : Ջրբացթողումներն իրականացվում են  Կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝  սահմանված կարգին համապատասխան:
 

2016 թվականի նորմալ ջրատվության տարվա համեմատ, ինչպես 2017 թվականը (Սեւանա լճից բաց է թողնվել 266.757 մլն մ3 ջուր), այնպես էլ 2018 թվականը դիտվել են սակավ ջրատվության տարիներ: 2018 թվականի հունիսի 15-ի դրությամբ, 2016 թվականի՝ որպես նորմալ ջրատվության տարվա նույն օրվա համեմատ, ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 155 մլն մ3 , իսկ Սեւան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի եւ Մարմարիկի ջրամբարներում՝ 35 մլն մ3 :

Անխուսափելի է նաեւ ջրի դեֆիցիտ Սեւան-Հրազդան համակարգը սնող Հրազդան գետի ջրատվությունում  հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Սեւան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող 36 հազ. հա հողատարածքների ջրապահովվածության հաշվարկներում նախատեսվել է Հրազդան գետի ջրատվությունն ամբողջ ոռոգման ժամանակահատվածում 165 մլն մ3 (ինչպես 2016 թվականին), որից հուլիս-սեպտեմբեր ամիսներին՝ 110 մլն մ3 : Սակայն  գետերի բազմամյա ջրագրության տվյալների համաձայն՝ սակավաջուր տարում այդ ամիսներին Հրազդան գետի հոսքը կազմել է 5.8 մ3 /վրկ (55-60 մլն մ3 ), առանձին տարիներին՝ շուրջ 70 մլն մ3   կամ նախատեսվածից 40-45 մլն մ3 պակաս: Այսպիսով, 2018 թվականին համակարգի ոռոգման ջրի դեֆիցիտը 2016 թվականի համեմատ կկազմի շուրջ 40 մլն մ3 :
 
Սեւանա լճից հունիսի 15-ի դրությամբ 2016 թվականին բաց է թողնվել 8.978 մլն մ3 , 2017 թվականին՝ 52.231 մլն մ3 , 2018 թվականին՝ 27.268 մլն մ3 ջուր, իսկ Արփա-Սեւան թունելով 2016 թվականին Սեւանա լիճ է տեղափոխվել համապատասխանաբար 94.341 մլն մ3 , 2017 թվականին՝ 87.876 մլն մ3 , 2018 թվականին՝ 111.121 մլն մ3 ջուր:

3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ծրագրի հիմնական նպատակն է Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը:

Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրը նաեւ օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից տարեկան բացթողման 170 մլն մ3 չափաքանակի ավելացումն է՝ այն դարձնելով մինչեւ 210 մլն մ3 :

Լճից մինչեւ լրացուցիչ 40 մլն մ3 ծավալով ջրբացթողման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա նաեւ Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգի հէկ-երում լրացուցիչ արտադրելու եւս շուրջ 38 մլն կՎտ/ժամ  էլեկտրաէներգիա:  Սեւան-Հրազդան  կասկադի հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների հասույթի եւ կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը կուղղվի Կառավարության սահմանած նպատակային ներդրումներ իրականացնելուն:

4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
 
Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետեւյալ արդյունքները.

1) հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում.

2) ոռոգում իրականացնող կազմակերպություններում  մեխանիկական ջրարտադրության մեծացում:

5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3 ) ավել բացթողումը պետք է իրականացվի Կառավարության համապատասխան որոշումներով` ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի ներկայացրած կանխատեսումային առաջարկությունների հիման վրա:

Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր տասնօրյակը մեկ Կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3 ) ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ:

Էներգետիկայի բնագավառում լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր ամիս Կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3 ) ավել բաց թողնված ջրաքանակի օգտագործման միջոցով արտադրված էլեկտրական էներգիայի քանակի եւ դրա հետ կապված կատարված վճարումների  վերաբերյալ:

Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացնում է Կառավարություն  եւ  Ազգային ժողով:»:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

29.08.2018
ՀՕ-373-Ն