Armenian      
Ավտոմոբիլային ճանապարհների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 31.05.2019

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«է) թույլատրելի առավելագույն զանգվածը եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների.».

2) 6-րդ մասի «թ» կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» կետով.

«ժ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթեւեկությունն առանց ճանապարհը տնօրինողի թույլտվության:».

4) 6.1-ին եւ 6.2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6.1. Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ եւ (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցների երթեւեկությունն իրականացվում է փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման մեկանգամյա թույլտվության առկայությամբ, որի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:

6.2. Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող եւ (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման թույլտվության կարգը, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն զանգվածները եւ չափերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

5) 6.3-6.5-րդ մասերից հանել «Հատուկ» բառը.

6) 6.6-րդ մասից հանել «Սույն հոդվածի 6-րդ մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող՝» բառերը.

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Եթե չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող եւ (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու տրամադրումը մերժվում է, եւ հնարավոր չէ դիմողի առաջարկած երթուղիով փոխադրումն իրականացնել, ապա լիազոր մարմինը դիմողին առաջարկում է փոխադրումն իրականացնելու այլ երթուղի:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

06.06.2019
ՀՕ-37-Ն