Դատական ակտերի հարկադիր կատարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.11.2019

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 67-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են պետական բյուջե:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդում առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են պետական բյուջե` որպես ազատ մնացորդ:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող եւ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված արտաբյուջետային ծրագրերը, միջոցառումները, դրանց հետ կապված եկամուտները եւ ծախսերը համարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի համապատասխան ծրագրեր, միջոցառումներ, եկամուտներ եւ ծախսեր: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ծախսերը ֆինանսավորվում են բացառապես համապատասխան մուտքերի սահմաններում եւ դրանց հաշվին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

03.12.2019
Երեւան
ՀՕ-238-Ն