Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.12.2019

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության իրականացման հիմունքները եւ կանոնակարգում աուդիտորական գործունեության հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող աուդիտորական գործունեության վրա: Պետական (հանրային) հատվածում արտաքին աուդիտը կոչվում է հաշվեքննություն եւ կարգավորվում է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) աուդիտոր՝ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքով սահմանված՝ մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող ֆիզիկական անձ, որն ունի աուդիտորի որակավորում.

2) աուդիտորական կազմակերպություն՝ մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող իրավաբանական անձ, որն իրավունք ունի մատուցելու աուդիտորական ծառայություններ.

3) աուդիտի ենթարկվող անձ՝ իրավաբանական անձ, հիմնարկ, որին մատուցվում են աուդիտորական ծառայություններ.

4) աուդիտորական ծառայություն՝ աուդիտը եւ (կամ) աուդիտորական դիտարկումը.

5) աուդիտորական գործունեություն՝ աուդիտը, աուդիտորական դիտարկումը եւ աուդիտին հարակից ծառայությունները (համաձայնեցված ընթացակարգեր, կոմպիլյացիա).

6) աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներ՝ Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) Աուդիտի եւ հավաստիացման միջազգային ստանդարտների խորհրդի (IAASB) հրապարակած եւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դրված հետեւյալ միջազգային ստանդարտները.

ա. որակի հսկողության միջազգային ստանդարտներ (ISQC),

բ. աուդիտի միջազգային ստանդարտներ (ISA),

գ. դիտարկման առաջադրանքների միջազգային ստանդարտներ (ISRE),

դ. հավաստիացման (բացի աուդիտը եւ դիտարկումը) միջազգային ստանդարտներ (ISAE),

ե. հարակից ծառայությունների միջազգային ստանդարտներ (ISRS).

7) պրոֆեսիոնալ հաշվապահների մասնագիտական էթիկայի կանոնագիրք՝ Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) Հաշվապահների էթիկայի միջազգային ստանդարտների խորհրդի (IESBA) հրապարակած եւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դրված պրոֆեսիոնալ հաշվապահների մասնագիտական էթիկայի կանոնագիրքը (այսուհետ՝ Մասնագիտական էթիկայի կանոնագիրք)՝ համապատասխանեցված սույն օրենքի, ինչպես նաեւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» եւ «Հաշվապահական հաշվառման մասին օրենքների պահանջներին.

8) աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների ռեեստր՝ ըստ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի սահմանման.

9) մասնագիտացված կառույց՝ ըստ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի սահմանման:

Հոդված 4. Աուդիտորական գործունեության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող աուդիտորական գործունեության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը ֆինանսների նախարարությունն է՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի:

Հոդված  5.  Աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը

1. Աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը ներառում են՝

1) սույն օրենքը.

2)  «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքը.

3)  աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտները.

4)  Մասնագիտական էթիկայի կանոնագիրքը.

5)  «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:

Հոդված 6. Աուդիտորական կազմակերպությունը

1. Աուդիտորական կազմակերպությունը ձեռք է բերում աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք այն ամսաթվից, երբ նրա մասին տեղեկությունները գրանցվում են մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների ռեեստրում (այսուհետ՝ ռեեստր):

2. Կազմակերպությունը, որի մասին տեղեկությունները պետական գրանցման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ 60 աշխատանքային օրվա ընթացքում, չեն ներառվել ռեեստրում, չի կարող օգտագործել «աուդիտ», «աուդիտոր», «աուդիտորական» բառերը կամ դրանց հոլովաձեւերն իր անվանման մեջ:

Հոդված 7. Աուդիտորը

1. Ֆիզիկական անձն աուդիտոր է ճանաչվում այն ամսաթվից, երբ նրա մասին տեղեկությունները գրանցվում են ռեեստրում:

2. Աուդիտորները պարտավոր են պահպանել Մասնագիտական էթիկայի կանոնագրքի պահանջները:

Հոդված 8. Փոխկապակցված անձինք

1. Սույն օրենքի իմաստով՝ իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`

1) նրանցից մեկը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի, բաժնեմասերի, փայերի եւ մասնակցությունը հավաստող այլ արժեթղթերի (այսուհետ` բաժնետոմս) 20 եւ ավելի տոկոսին կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջեւ կնքված պայմանագրին համապատասխան՝ հնարավորություն ունի մասնակցելու մյուսի որոշումների կայացմանը.

2) նրանցից մեկի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 եւ ավելի տոկոսին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձեւով նրա որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորություն ունեցող մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի տիրապետելու (այդ թվում` առք ու վաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարության կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 եւ ավելի տոկոսին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձեւով այդ անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն.

3) նրանցից մեկի խորհրդի նախագահը, խորհրդի անդամը, վարչության նախագահը, վարչության անդամը, գործադիր տնօրենը, ֆինանսական կառավարման գծով նրա տեղակալը, ֆինանսական ստորաբաժանման ղեկավարը, գլխավոր հաշվապահը կամ հաշվապահական հաշվառման վարման կամ ֆինանսական հաշվետվությունները կազմելու համար պատասխանատու անձը, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կամ ներքին աուդիտի համար պատասխանատու անձը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, վերստուգիչ հանձնաժողովի անդամը կամ նման այլ մարմինների անդամը (այսուհետ` կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ), ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներից որեւէ մեկը միաժամանակ մյուս անձի՝ որեւէ կառավարման մարմնի անդամ է կամ նման պարտականություններ կատարող այլ անձ:

2. Սույն օրենքի իմաստով՝ ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միեւնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն:

3. Սույն օրենքի իմաստով՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը՝

1) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 եւ ավելի տոկոսին տնօրինող մասնակից է.

2) օրենքով չարգելված այլ ձեւով իրավաբանական անձի որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորություն ունեցող անձ է.

3) տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ է:

4. Սույն օրենքի իմաստով՝ միեւնույն ընտանիքի անդամ են համարվում երեխան, ամուսինը, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները, ինչպես նաեւ ամուսնու երեխան, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը:

ԳԼՈՒԽ 2

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԸ


Հոդված 9. Աուդիտորական գործունեությունը

1. Աուդիտորական գործունեությունն իրականացվում է աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Աուդիտը եւ աուդիտորական դիտարկումն աուդիտորական կազմակերպությանը հնարավորություն են ընձեռում տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ ապահովելու հավաստիացում, իսկ համաձայնեցված ընթացակարգերը եւ կոմպիլյացիան այդպիսի հավաստիացում չեն նախատեսում:

3. Աուդիտորական ծառայությունը պետք է իրականացվի առնվազն մեկ աուդիտորի կողմից:

Հոդված 10. Աուդիտ ը

1. Աուդիտն  աուդիտի  ենթարկվող  անձի  ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության ստուգումն է այդ տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ անկախ կարծիք արտահայտելու նպատակով, որն իրականացվում է աուդիտորական եզրակացություն տրամադրելու միջոցով:

2. Աուդիտն անցկացվում է օրենքով սահմանված դեպքերում (պարտադիր աուդիտ) կամ կամավոր (կամավոր աուդիտ): Ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր աուդիտն իրականացվում է աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով: Կամավոր աուդիտը կարող է իրականացվել այլ հիմունքներով (աուդիտի այլ ստանդարտներով եւ այլն):

3. Պարտադիր  աուդիտի  ենթարկվող  անձի  ֆինանսական հաշվետվությունները Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվություններն են: Կամավոր աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունները կարող են պատրաստված լինել ինչպես Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի համաձայն, այնպես էլ այլ հիմունքներով:

Հոդված 11. Աուդիտորական դիտարկումը

1. Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական դիտարկումն այնպիսի ընթացակարգերի իրականացում է, որը հնարավորություն է ընձեռում աուդիտորին` պարզելու, թե արդյոք առկա են այնպիսի փաստեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով կազմված չեն հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերին համապատասխան:

Հոդված 12. Համաձայնեցված ընթացակարգերը

1. Համաձայնեցված ընթացակարգերն աուդիտորական բնույթի այնպիսի ընթացակարգեր են, որոնց շուրջ համաձայնության են գալիս այդ ընթացակարգերն իրականացնող անձը, իրավաբանական անձը (հիմնարկը կամ անհատ ձեռնարկատերը), անհրաժեշտության դեպքում` համապատասխան երրորդ անձը կամ անձինք, եւ այդ ընթացակարգերն իրականացնող անձի ներկայացրած հաշվետվության հիման վրա այդ հաշվետվությունն օգտագործողները կարող են կատարել եզրահանգումներ:

Հոդված 13. Կոմպիլյացիան

1. Կոմպիլյացիան ֆինանսական տեղեկատվության հավաքումը, դասակարգումը եւ ամփոփումն է այն օգտագործելու համար առավել հասկանալի եւ հարմար տեսքի բերելու նպատակով:

Հոդված 14. Աուդիտորական կազմակերպության աշխատանքի ձեւերը եւ մեթոդները

1. Աուդիտորական կազմակերպությունն ինքնուրույն է ընտրում իր աշխատանքի ձեւերն ու մեթոդները` ելնելով աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերի պահանջներից:

Հոդված 15. Աուդիտորի, աուդիտորական կազմակերպության գործունեության սահմանափակումները

1. Աուդիտորական կազմակերպությանը, բացի աուդիտորական գործունեությունից եւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայությունների մատուցումից, արգելվում է որեւէ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, բացառությամբ այնպիսի գործունեության, որի հետեւանքով աուդիտորական կազմակերպությունն ստանում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտներ:

2. Աուդիտորական կազմակերպությունը կարող է մատուցել նաեւ հետեւյալ ծառայությունները.

1) հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում եւ վարում, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստում.

2) հաշվապահական հաշվառման, հարկերի, տնտեսագիտության, ֆինանսների եւ աուդիտի գծով ուսուցանում.

3) ակտիվների, այդ թվում՝ ֆինանսական գործիքների եւ (կամ) պարտավորությունների գույքագրում եւ գնահատում.

4) հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարների պլանավորում ու հաշվարկում.

5) կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն.

6)  հաշվապահական, տնտեսագիտական, ֆինանսական, հարկային, կառավարչական եւ իրավաբանական խորհրդատվություն.

7) ներդրումային ծրագրերի մշակում եւ վերլուծություն, գործարար (բիզնես) պլանի կազմում.

8) հաշվապահական հաշվառմանը, աուդիտորական գործունեությանը, ֆինանսներին, տնտեսագիտությանը, հարկերին, տուրքերին եւ այլ պարտադիր վճարներին առնչվող գործունեության հետ կապված մասնագիտական փորձաքննության իրականացում.

9) մասնագիտական գրականության հրատարակում.

10) հարկային հաշվառման ներդրում, վերականգնում եւ վարում, հարկային հաշվարկների եւ հաշվետվությունների պատրաստում.

11) ներքին աուդիտի ծառայություն:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայությունների առանձին տեսակների մատուցման համար օրենքով հատուկ թույլտվություն (լիցենզիա) պահանջվելու դեպքում աուդիտորական կազմակերպությունը գործունեության այդ տեսակներով զբաղվելու համար պարտավոր է սահմանված կարգով ստանալ համապատասխան թույլտվություն:

4. Աուդիտորական կազմակերպությունն իրավունք չունի իր կողմից աուդիտի ենթարկվող անձին մատուցելու սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայությունները, եթե՝

1) նշված ծառայությունների իրականացումը կհանգեցնի աուդիտորական կազմակերպության անկախության նկատմամբ պահանջների չպահպանման կամ կառաջացնի այդպիսի պահանջների չպահպանման վտանգ եւ (կամ) կհանգեցնի շահերի բախման առաջացման կամ այդպիսի բախման առաջացման վտանգի, եւ

2) աուդիտորական կազմակերպությունը չի կարող ընդունել համապատասխան միջոցներ՝ վերացնելու համար աուդիտորական կազմակերպության անկախության նկատմամբ պահանջների չպահպանման վտանգը կամ իջեցնելու վտանգը մինչեւ այն մակարդակի, որի դեպքում Մասնագիտական էթիկայի կանոնագրքով սահմանված մասնագիտական էթիկայի հիմնական սկզբունքները (աուդիտորական ծառայությունների մասով) կպահպանվեն:

5. Աուդիտորական ծառայություն չի կարող մատուցել կամ աուդիտորական ծառայության մատուցմանը չի կարող մասնակցել`

1) այն աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը, որը տվյալ իրավաբանական անձի ապահովադիրն է (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների).

2) այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի անդամներից կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներից որեւէ մեկը տվյալ իրավաբանական անձի ապահովադիրն է (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների).

3) այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի անդամներից կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներից որեւէ մեկը տվյալ իրավաբանական անձին փոխկապակցված անձ է.

4) աուդիտորը` իրեն փոխկապակցված անձանց մոտ.

5) աուդիտորական կազմակերպությունը` իրեն փոխկապակցված անձանց մոտ.

6) աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը՝ աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով եւ (կամ) Մասնագիտական էթիկայի կանոնագրքով նախատեսված այլ դեպքերում:

Հոդված  16. Աուդիտի եւ հարակից ծառայությունների փաստաթղթավորումը

1. Աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է աուդիտի եւ հարակից ծառայությունների իրականացումը փաստաթղթավորել աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով եւ Մասնագիտական էթիկայի կանոնագրքով սահմանված կարգով: Սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատումներ իրականացնող անձանց պահանջով աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է հնգօրյա ժամկետում տրամադրել արտաքին գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ օտարալեզու փաստաթղթերի հայերեն թարգմանված տարբերակները:

2. Աուդիտի փաստաթղթավորումը նախատեսում է աուդիտորի աշխատանքային փաստաթղթերի եւ աուդիտի արդյունքների հիման վրա աուդիտորական եզրակացության կազմում: Պայմանագրով նախատեսված դեպքերում կամ աուդիտորական կազմակերպության նախաձեռնությամբ կազմվում է նաեւ ղեկավարությանն ուղղված հաշվետվություն (նամակ ղեկավարությանը):

3. Աուդիտորի աշխատանքային փաստաթղթերն աուդիտի անցկացման նպատակով աուդիտորի կողմից պատրաստվող կամ ձեռք բերվող եւ պահպանվող փաստաթղթերն են:

4. Աուդիտորական եզրակացությունները, ղեկավարությանն ուղղված հաշվետվությունները, աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը եւ աուդիտի անցկացման հետ կապված այլ փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան աուդիտի անցկացմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում:

Հոդված 17. Աուդիտորական եզրակացությունը

1. Աուդիտորական եզրակացությունն աուդիտորական կազմակերպության կազմած փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ: Աուդիտորական եզրակացության ձեւին, բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով եւ Մասնագիտական էթիկայի կանոնագրքով:

2. Աուդիտորական եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում է աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից եւ հաստատվում է աուդիտորական կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ: Աուդիտորական եզրակացության մեկ օրինակը տրվում է աուդիտի ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է աուդիտորական կազմակերպությունում:

Հոդված 18. Ոչ հավաստի աուդիտորական եզրակացությունը

1. Սույն օրենքի իմաստով, ոչ հավաստի աուդիտորական եզրակացությունն այն աուդիտորական եզրակացությունն է, որը կազմվել է առանց աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներին եւ (կամ) Մասնագիտական էթիկայի կանոնագրքին համապատասխան աուդիտ անցկացնելու:

2. Աուդիտորական եզրակացությունը ոչ հավաստի է ճանաչվում մասնագիտացված կառույցի որոշմամբ: Մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ:

Հոդված 19. Ղեկավարությանն ուղղված հաշվետվությունը (նամակ ղեկավարությանը)

1. Ղեկավարությանն ուղղված հաշվետվությունն աուդիտորական կազմակերպության եւ աուդիտի ենթարկվող կազմակերպության միջեւ կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների համաձայն պատրաստվող փաստաթուղթ է, որում կարող են ներառվել տեղեկություններ աուդիտի ընթացքի, հայտնաբերված սխալների եւ թերությունների, հաշվապահական հաշվառման վարմանն ու ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը ներկայացվող պահանջների խախտումների, առանձին հարցերի գծով վերլուծության արդյունքների, պայմանագրով նախատեսված եւ այլ հարցերի մասին, ինչպես նաեւ առաջարկություններ սխալների եւ թերությունների վերացման ուղղությամբ: Աուդիտի ենթարկվող անձի կամ աուդիտորի ցանկությամբ կարող են ընդգրկվել նաեւ այլ տեղեկություններ:

Հոդված 20. Աուդիտորական գաղտնիքը

1. Աուդիտորական գաղտնիքը աուդիտորական գործունեության ընթացքում աուդիտորական կազմակերպության կամ նրա աշխատողների ստացած տեղեկություններն են, ինչպես նաեւ պատրաստված կամ ձեռք բերված փաստաթղթերը, բացառությամբ աուդիտորական եզրակացության եւ աուդիտորական դիտարկման վերաբերյալ եզրակացության:

2. Աուդիտորական գաղտնիքը ենթակա չէ հրապարակման, բացառությամբ՝

1)   երբ հրապարակումը թույլատրված է աուդիտորական գործունեության ծառայություններ ստացող կազմակերպության կողմից.

2)  օրենքով սահմանված դեպքերում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Հոդված  21. Աուդիտորական ծառայության որակի հսկողությունը եւ դրա արտաքին գնահատումը

1. Աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է սահմանել աուդիտորական ծառայության որակի հսկողության կանոններ եւ պահպանել այդ կանոնները: Աուդիտորական ծառայության որակի հսկողության իրականացման սկզբունքները եւ նշված հսկողության կազմակերպման նկատմամբ պահանջները սահմանվում են աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով եւ Մասնագիտական էթիկայի կանոնագրքով:

2. Աուդիտորական կազմակերպությունը եւ աուդիտորը ենթակա են աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման: Նշված անձինք պարտավոր են արտաքին գնահատողին ներկայացնել գնահատման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը եւ տեղեկությունները:

3. Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման առարկա է աուդիտորական կազմակերպության եւ (կամ) աուդիտորի կողմից սույն օրենքի, «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի, աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների եւ Մասնագիտական էթիկայի կանոնագրքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը:

4. Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատումն իրականացնում է այն մասնագիտացված կառույցը, որի անդամ է աուդիտորական կազմակերպությունը եւ (կամ) աուդիտորը:

5. Անհրաժեշտության դեպքում աուդիտորական կազմակերպության աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատում կարող է իրականացնել նաեւ Հանրային վերահսկողության խորհուրդը:

6. Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման պլանային արտաքին գնահատումները պետք է իրականացվեն ոչ հաճախ, քան տարին մեկ, եւ ոչ ուշ, քան երեք տարին մեկ:

7. Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման ոչ պլանային արտաքին գնահատումների իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ սույն օրենքի եւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի պահանջների, աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների եւ Մասնագիտական էթիկայի կանոնագրքի հնարավոր խախտումների վերաբերյալ մասնագիտացված կառույցի կամ Հանրային վերահսկողության խորհրդի ստացած տեղեկությունները:

ԳԼՈՒԽ 3

 ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ

Հոդված 22. Աուդիտորական կազմակերպության իրավունքները եւ պարտականությունները

1. Աուդիտորական կազմակերպությունն իրավունք ունի`

1) ինքնուրույն որոշելու աուդիտորական ծառայությունների իրականացման ձեւերը եւ մեթոդները՝ աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների եւ Մասնագիտական էթիկայի կանոնագրքի հիման վրա, ինչպես նաեւ աուդիտորական ծառայություններն իրականացնող խմբի քանակական եւ անհատական կազմը.

2)  աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում լրիվ ծավալով ուսումնասիրելու աուդիտի ենթարկվող անձի ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող փաստաթղթերը, ինչպես նաեւ ստուգելու փաստաթղթերում հաշվառված գույքի փաստացի առկայությունը.

3)  աուդիտի ենթարկվող անձից ստանալու աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում ծագած հարցերի վերաբերյալ բանավոր, գրավոր բացատրություններ եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաեւ պահանջելու այդպիսի տեղեկությունների ստացումը երրորդ անձանցից.

4)  աուդիտի ենթարկվող անձի գիտությամբ գրավոր հարցում անելու եւ ստանալու երրորդ անձանցից անհրաժեշտ տեղեկատվություն կամ հավաստումներ.

5)  աուդիտորական ծառայությունների իրականացման աշխատանքներում ներգրավելու այլ աուդիտորների, մասնագետների (այդ թվում` պայմանագրային հիմունքներով), ինչպես նաեւ այլ առեւտրային կազմակերպությունների: Աուդիտորական ծառայությունների իրականացման աշխատանքներում նշված անձանց ներգրավման կարգը նախատեսվում է աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով եւ Մասնագիտական էթիկայի կանոնագրքով.

6)  սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված պահանջների խախտման դեպքում հրաժարվելու աուդիտորական ծառայությունների իրականացումից.

7)  իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործողություններ:

2. Աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է`

1)   աուդիտորական գործունեության ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.

2)  աուդիտի ենթարկվող անձի պահանջով ներկայացնել աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտի ենթարկվող անձին ներկայացված դիտողությունների եւ եզրահանգումների հիմնավորումները.

3)  ապահովել իր աշխատող աուդիտորների, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված անձանց կողմից սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի պահանջների պահպանումը.

4)  սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված պայմանների առկայության դեպքում հրաժարվել աուդիտորական ծառայություններ իրականացնելուց.

5)  ապահովել աուդիտորական գործունեության ընթացքում ստացված աուդիտորական, ծառայողական, առեւտրային, բանկային, ապահովագրական կամ կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության պահպանումը: Գաղտնի տեղեկությունների ցանկը սահմանվում է օրենքով, աուդիտորական գործունեության իրականացման մասին պայմանագրով եւ ենթակա չէ հրապարակման, բացառությամբ օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերի, ինչպես նաեւ այն իրավաբանական անձի կամ հիմնարկի գրավոր համաձայնությամբ, որի մոտ իրականացվել է աուդիտորական գործունեությունը: Այդ ցանկում չեն ներառվում այն տեղեկությունները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չեն կարող լինել աուդիտորական, ծառայողական, առեւտրային կամ բանկային գաղտնիք.

6) «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերի պահանջներից որեւէ մեկը խախտվելու դեպքում խախտում թույլ տրվելու օրվան հաջորդող քսան աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնել մասնագիտացված կառույցին.

7) մասնագիտացված կառույցի սահմանած կարգով, ժամկետներում եւ պարբերականությամբ մասնագիտացված կառույց ներկայացնել աուդիտորական գործունեությանը վերաբերող հաշվետվություններ.

8) ապահովել պայմաններ մասնագիտացված կառույցի, Հանրային վերահսկողության խորհրդի համապատասխան աշխատակիցների, այդ թվում՝ մասնագիտացված կառույցի եւ Հանրային վերահսկողության խորհրդի ներգրաված մասնագետների համար` սույն օրենքով եւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքով նախատեսված աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման նկատմամբ արտաքին գնահատումն իրականացնելու համար.

9) ունենալ ինտերնետային կայք, որում ներառյալ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը պարտավոր է տեղադրել եւ առնվազն երեք տարի ժամկետով պահպանել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ աուդիտի ենթարկված անձանց ցանկը.

10) «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով նախատեսված եւ առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրել այդ օրենքով սահմանված լիազոր մարմնին փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ լիազոր մարմնի հարցման հիման վրա՝ այդ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով.

11) կրել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով եւ այլ օրենքներով նախատեսված պարտականությունները:

Հոդված  23. Աուդիտի ենթարկվող անձի իրավունքները եւ պարտականությունները

1. Աուդիտի ենթարկվող անձն իրավունք ունի`

1)  ինքնուրույն ընտրելու աուդիտորական կազմակերպություն, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան սահմանված չէ.

2) աուդիտորական կազմակերպությունից պահանջելու եւ ստանալու ներկայացված դիտողությունների եւ եզրահանգումների հիմնավորումները.

3)  աուդիտորական կազմակերպությունից ստանալու աուդիտորական եզրակացությունը՝ աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրում նշված ժամկետում.

4)  աուդիտորական կազմակերպությունից ստանալու աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվություն.

5)  մասնագիտացված կառույցին եւ Հանրային վերահսկողության խորհրդին տեղեկացնելու աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման մասին.

6)  իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործողություններ:

2. Աուդիտի ենթարկվող անձը պարտավոր է`

1)  օժանդակել աուդիտորական կազմակերպությանը ժամանակին եւ ամբողջական աուդիտորական ծառայություններ իրականացնելուն, աուդիտորական ծառայություններ իրականացնելու համար տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, աուդիտորների բանավոր եւ գրավոր հարցումներին տալ պարզաբանումներ եւ բացատրություններ՝ աուդիտորներին նախընտրելի եղանակով (բանավոր կամ գրավոր), ինչպես նաեւ աուդիտորի առաջարկությամբ, իր իրավասության սահմաններում, երրորդ անձանցից պահանջել աուդիտորական ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ.

2)  չձեռնարկել աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում ուսումնասիրվող հարցերի շրջանակները սահմանափակող որեւէ միջոց.

3)  ժամանակին վճարել աուդիտորական կազմակերպության ծառայությունների համար՝ աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրին համապատասխան.

4)  կրել օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

Հոդված 24. Աուդիտորական ծառայությունների վճարը

1. Աուդիտորական ծառայությունների վճարի չափը, վճարման կարգը եւ ձեւը որոշվում են կողմերի միջեւ կնքված պայմանագրով եւ չեն կարող կախվածության մեջ դրվել աուդիտի ենթարկվող անձի այնպիսի պահանջներից, որոնք կարող են ազդել աուդիտորական ծառայությունների իրականացման արդյունքում տրամադրվող աուդիտորական եզրակացության բովանդակության վրա:

2. Աուդիտորական ծառայությունների վճարի վրա չի կարող ազդել կամ դրա չափի որոշումը չի կարող պայմանավորված լինել լրացուցիչ ծառայություններ տրամադրելու փաստով:

3. Աուդիտորական ծառայությունների վճարը չի կարող հիմնվել որեւէ ձեւի պայմանականության վրա:

ԳԼՈՒԽ 4

ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 25. Աուդիտորի որակավորումը

1. Աուդիտորի որակավորումը (այսուհետ՝ նաեւ որակավորում) սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված պահանջները բավարարող՝ աուդիտորի որակավորում ստանալու համար մասնագիտացված կառույցին դիմած ֆիզիկական անձի՝ (այսուհետ` դիմող) սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները բավարարելու հավաստումն է:

2. Որակավորումը տալիս է մասնագիտացված կառույցը: Որակավորումը տրվում է այն դիմողին, որը միաժամանակ՝

1) հանձնել է որակավորման քննությունները.

2) որակավորումն ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի բարձրագույն կրթություն.

3) որակավորումն ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի աուդիտորական ծառայության իրականացման կամ հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման հետ կապված առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, ընդ որում, առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձը՝ աուդիտորական ծառայության իրականացմանը վերաբերող: Աշխատանքային փորձին վերաբերող պահանջները սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ:

3. Որակավորման քննությունների ծրագիրը (ներառյալ՝ քննական առարկաների կազմը) եւ քննությունների անցկացման կարգը հաստատում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: Որակավորման քննությունները կազմակերպում եւ անցկացնում է մասնագիտացված կառույցը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջը համարվում է բավարարված դիմողի կողմից քննական բոլոր առարկաների գծով քննությունները հանձնելու դեպքում: Մասնագիտացված կառույցի սահմանած եւ Հանրային վերահսկողության խորհրդի հետ համաձայնեցված՝ որակավորման քննություններից ազատման կարգի համաձայն՝ դիմողը կարող է ազատվել որոշակի առարկաների գծով քննություններ հանձնելուց:

5. Որակավորում չտալու վերաբերյալ որոշում կայացվում է այն դեպքում, երբ դիմողը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

6. Աուդիտորը պարտավոր է, որակավորումն ստանալու տարվան հաջորդող տարվանից սկսած, անցնել շարունակական մասնագիտական զարգացում, որի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: Շարունակական մասնագիտական զարգացման տեւողությունը յուրաքանչյուր օրացուցային տարվա համար չպետք է պակաս լինի 20 ժամից, իսկ յուրաքանչյուր երկու հաջորդական տարիների համար՝ 80 ժամից:

7. Սույն հոդվածի համաձայն որակավորում ստացած դիմողին մասնագիտացված կառույցը տալիս է որակավորման վկայական: Որակավորման վկայականի ձեւը եւ տրման կարգը սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ:

Հոդված 26. Որակավորման քննությունների կազմակերպումը

1. Որակավորման քննություններն անցկացնում է մասնագիտացված կառույցի ստեղծած աուդիտորների որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի անհատական կազմը եւ կանոնադրությունը հաստատում է մասնագիտացված կառույցը: Հանձնաժողովի կանոնադրությունը համաձայնեցվում է Հանրային վերահսկողության խորհրդի հետ:

2. Որակավորման քննությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով մասնագիտացված կառույցը գանձում է վճար: Վճարի չափը սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ:

Հոդված  27. Դիմողին ներկայացվող պահանջները

1. Որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող այլ անձինք, որոնք ունեն միջնակարգ կրթություն:

2. Որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում այն անձին, որը`

1)  դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2)  դատարանի վճռով զրկվել է ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որեւէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից, բացառությամբ եթե դատվածությունը հանված կամ մարված է:

Հոդված  28. Որակավորման ժամկետը

1. Որակավորումը տրվում է անժամկետ:

Հոդված 29. Որակավորման չեղարկման հիմքերը եւ կարգը

1. Որակավորումը չեղարկվում է այն դեպքերում, երբ՝

1) որակավորումն ստացվել է սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 27-րդ հոդվածով դիմողին ներկայացված պահանջների խախտմամբ.

2) ուժի մեջ է մտել դատարանի վճիռը, որը որպես պատիժ նախատեսում է որոշակի ժամկետով աուդիտորական գործունեության իրականացման իրավունքից զրկում.

3) չեն պահպանվել սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի եւ 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները.

4) աուդիտորն ստորագրել է աուդիտորական եզրակացություն, որը ճանաչվել է ոչ հավաստի.

5) չեն պահպանվել սույն օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները՝ կապված շարունակական մասնագիտական զարգացման հետ, բացառությամբ այն դեպքերի, որոնք հարգելի են համարվում «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքով նախատեսված՝ աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացման կարգի համաձայն).

6) աուդիտորը խուսափում է «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն արտաքին գնահատման ենթարկվելուց կամ արտաքին գնահատման արդյունքներով ստացել է «5» գնահատական:

2. Որակավորման չեղարկման որոշումն ընդունում է մասնագիտացված կառույցը:

3. Որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ՝ չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:

4. Բողոքարկման ընթացքում որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կասեցվում է: Բողոքարկման ընթացքում աուդիտորի՝ մասնագիտացված կառույցին անդամակցությունը համարվում է կասեցված: Հանրային վերահսկողության խորհրդի կամ դատարանի կողմից բողոքարկման չբավարարման դեպքում որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը մնում է անփոփոխ: Բողոքարկման բավարարման դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի որոշման հիման վրա մասնագիտացված կառույցը կայացնում է որակավորման չեղարկումը դադարացնելու վերաբերյալ որոշում:

5. Անձը, որի որակավորումը չեղարկվել է սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերի համաձայն, իրավունք չունի որակավորման քննությունների համար կրկին դիմելու մասնագիտացված կառույց որակավորումը չեղարկելու ամսաթվից հետո՝ երեք տարվա ընթացքում:

6. Անձը, որի որակավորումը չեղարկվել է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, իրավունք չունի որակավորման քննությունների համար կրկին դիմելու մասնագիտացված կառույց դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նախատեսված ժամկետի ընթացքում:

ԳԼՈՒԽ 5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված  30. Անցումային դրույթներ

1. «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն տրված աուդիտորի որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանալու դեպքում ֆինանսների նախարարությունը դրանց գործողության ժամկետը երկարաձգում է մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը, եթե 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ այդ վկայականները հանդիսացել են գործող:

2. Եթե «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն տրված աուդիտորի որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո, ապա այդ վկայականները շարունակում են ուժի մեջ մնալ մինչեւ դրանց գործողության ժամկետը լրանալը:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված վկայականները հիմք են մասնագիտացված կառույցին որպես աուդիտոր անդամակցելու համար:

4. «Աուդիտորական  գործունեության  մաuին»  2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն՝ աուդիտորի որակավորման վկայական ունեցող աուդիտորներն իրավունք ունեն մինչեւ դրանց գործողության ժամկետը լրանալը մասնագիտացված կառույցի սահմանած պարզեցված կարգով ստանալու սույն օրենքով նախատեսված աուդիտորի որակավորման վկայական:

5.  Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին, «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն, Կառավարության սահմանած կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցի անդամը, որն ունի այդ մասնագիտացված կառույցի տված աուդիտորի որակավորման վկայագիր, սույն օրենքով նախատեսված մասնագիտացված կառույցի սահմանած կարգով կարող է այդ վկայագիրը մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը փոխարինել սույն օրենքով նախատեսված՝ աուդիտորի որակավորման վկայականով:

6. 2021 թվականի հունվարի 1-ից աուդիտորական ծառայությունների իրականացման համար տրված լիցենզիաներն ուժը կորցրած են համարվում, եւ այն աուդիտորական կազմակերպությունը, որը չի անդամակցում մասնագիտացված կառույցներին, իրավունք չունի մատուցելու աուդիտորական ծառայություններ: «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն՝ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար մինչեւ սույն օրենքով նախատեսված առաջին մասնագիտացված կառույցի հավատարմագրումը ֆինանսների նախարարություն դիմած կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում է Կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 346-Ն որոշման համաձայն:

7. «Աուդիտորական  գործունեության  մաuին»  2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը մնում են ուժի մեջ այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի դրույթներին:

8. «Աուդիտորական  գործունեության  մաuին»  2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն՝ աուդիտորի որակավորում ստանալու համար մինչեւ սույն օրենքով նախատեսված առաջին մասնագիտացված կառույցի հավատարմագրումը ֆինանսների նախարարություն դիմած դիմողներին աուդիտորի որակավորման վկայական տրվում է Կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտորների որակավորման հետ կապված հարցերը կանոնակարգելու մասին» N 123-Ն որոշման համաձայն:

Հոդված 31. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

 2. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

20.12.2019
Երեւան
ՀՕ-283-Ն


09.06.2022 «Աուդիտորական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին