Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.12.2019

Գլուխ 1. Հնդհանուր դրույթներ
Գլուխ 2. Հանրային վերահսկողության խորհուրդը
Գլուխ 3. Մասնագիտացված կառույցը, մասնագիտացված կառույցին նդամակցությունը, անդամակցության դադարեցումը եվ ռեեստրի վարումը
Գլուխ 4. Մասնագիտացված կառույցի գործունեության կարգավորումը եվ վերահսկողությունը
Գլուխ 5. Մասնագիտացված կառույցի անդամների գործունեության գնահատումը եվ կարգապահական պատասխանատվության միջոցները
Գլուխ 6. Եզրափակիչ դրույթներ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության հետ կապված հարաբերությունները:

Հոդված  2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) աուդիտոր՝ ըստ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի սահմանման.

2)  աուդիտորական կազմակերպություն՝ ըստ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի սահմանման.

3)  աուդիտորական գործունեություն՝ ըստ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի սահմանման.

4) աուդիտորական ծառայություն՝ ըստ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի սահմանման.

5) հաշվապահական հաշվառում՝ ըստ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի սահմանման.

6) փորձագետ հաշվապահ՝ ըստ «Հաշվապահական հաշվառման մասին»  օրենքի սահմանման.

7) հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն՝ ըստ «Հաշվապահական հաշվառման մասին»  օրենքի սահմանման.

8)  խոշոր կազմակերպություն՝ ըստ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի սահմանման.

9) միջին կազմակերպություն՝ ըստ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի սահմանման.

10) փոքր կազմակերպություն՝ ըստ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի սահմանման.

11) միկրոկազմակերպություն՝ ըստ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի սահմանման.

12)  գործող աուդիտոր՝ ցանկացած աուդիտոր, որը տվյալ ամսաթվին անմիջապես նախորդող երեք տարիների ընթացքում՝

ա. իրականացրել է աուդիտ, կամ

բ. ունեցել է ձայնի (քվեարկելու) իրավունք աուդիտորական կազմակերպությունում, կամ

գ. հանդիսացել է աուդիտորական կազմակերպության գործադիր կամ վերահսկողական մարմնի անդամ, կամ

դ. հանդիսացել է աուդիտորական կազմակերպության աշխատակից, կամ

ե. հանդիսացել է աուդիտորական կազմակերպության փոխկապակցված անձ.

13) ամբողջական ՖՀՄՍ-ներ՝ ըստ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի սահմանման.

14) ֆինանսական հաշվետվությունների հայեցակարգային հիմունքներ՝ ըստ «Հաշվապահական հաշվառման մասին»  օրենքի սահմանման.

15) ՓՄԿ-ների ՖՀՄՍ՝ ըստ «Հաշվապահական հաշվառման մասին»  օրենքի սահմանման.

16) աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներ՝ ըստ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի սահմանման.

17) պրոֆեսիոնալ հաշվապահների մասնագիտական էթիկայի կանոնագիրք (այսուհետ՝ Մասնագիտական էթիկայի կանոնագիրք)՝ ըստ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի սահմանման:

Հոդված 3. Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը

1. Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը (այսուհետ՝ քաղաքականություն իրականացնող մարմին) ֆինանսների նախարարությունն է՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի:

Հոդված 4. Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինը

1. «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի գործողության ոլորտի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինը Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհուրդն է (այսուհետ՝ Հանրային վերահսկողության խորհուրդ):

2. «Աուդիտորական  գործունեության  մասին»  օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող աուդիտորական գործունեության կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինը Հանրային վերահսկողության խորհուրդն է:

ԳԼՈՒԽ 2

ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 5. Հանրային վերահսկողության խորհուրդը

1. Հանրային վերահսկողության խորհուրդը հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնելու նպատակով սույն օրենքի համաձայն` ֆինանսների նախարարությանը կից ստեղծված մարմին է:

2. Հանրային վերահսկողության խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով:

Հոդված 6. Հանրային վերահսկողության խորհրդի խնդիրները եւ գործառույթները

1. Հանրային վերահսկողության խորհրդի խնդիրներն են`

1) հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության բնագավառների զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, այդ բնագավառների կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողության գործառույթների իրականացումը.

2) մասնագիտացված կառույցի գործառույթների նկատմամբ վերահսկողության իրականացումը.

3) աուդիտորական կազմակերպությունների եւ աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման ապահովումը.

4) փորձագետ հաշվապահների եւ աուդիտորական կազմակերպությունում չաշխատող աուդիտորներին ներկայացվող պահանջների պահպանման արտաքին գնահատման ապահովումը.

5) հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության իրավական կարգավորման համակարգի կատարելագործումը՝ ելնելով ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների եւ աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների պահանջներից:

2. Հանրային վերահսկողության խորհուրդն իրականացնում է հետեւյալ գործառույթները.

1)  ապահովում է՝

ա. ամբողջական ՖՀՄՍ-ների, ֆինանսական հաշվետվությունների հայեցակարգային հիմունքների, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի, ինչպես նաեւ դրանցում տեղի ունեցած փոփոխությունների եւ լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը,

բ. հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների եւ խոշոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանի եւ օրինակելի հաշվային պլանի կիրառման հրահանգի, ինչպես նաեւ ցուցադրական ֆինանսական հաշվետվությունների մշակումը,

գ. փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանի եւ օրինակելի հաշվային պլանի կիրառման հրահանգի, ինչպես նաեւ ցուցադրական ֆինանսական հաշվետվությունների մշակումը,

դ. միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկի, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանի եւ հաշվային պլանի կիրառման հրահանգի մշակումը,

ե. «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված՝ հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը,

զ. «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով նախատեսված՝ աուդիտորական գործունեությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը,

է. աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների, Մասնագիտական էթիկայի կանոնագրքի, ինչպես նաեւ դրանցում տեղի ունեցած փոփոխությունների եւ լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը.

2) համաձայնություն է տալիս մասնագիտացված կառույցի` սույն օրենքի  17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն հաստատած՝ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման կարգին.

3) համաձայնություն է տալիս մասնագիտացված կառույցի` սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերի համաձայն հաստատած՝ աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների որակավորման քննությունների ծրագրին, որակավորման քննությունների անցկացման կարգին, որակավորման հանձնաժողովի կանոնադրությանը, շարունակական մասնագիտական զարգացման կարգին.

4) ապահովում է աուդիտորական կազմակերպությունների եւ աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության, փորձագետ հաշվապահների եւ աուդիտորական կազմակերպությունում չաշխատող աուդիտորների նկատմամբ սույն օրենքով, «Հաշվապահական հաշվառման մասին» եւ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքներով ներկայացվող պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերի մշակումը եւ հաստատումը.

5) համաձայնություն է տալիս մասնագիտացված կառույցի` սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն ներկայացրած՝ առաջիկա տարվա ընթացքում արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությունների ցանկին եւ արտաքին գնահատման իրականացման տարեկան ժամանակացույցին.

6) անհրաժեշտության դեպքում կազմակերպում եւ (կամ) իրականացնում է աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատումը.

7) իրականացնում է վերահսկողություն մասնագիտացված կառույցի գործունեության նկատմամբ՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով.

8) վարում է աուդիտորների, փորձագետ հաշվապահների եւ աուդիտորական կազմակերպությունների միասնական ռեեստրը.

9) իրականացնում է աուդիտորական գործունեությունը եւ հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ», «գ», «դ» եւ «ե» ենթակետերում նշված նորմատիվ իրավական ակտերը բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերային կազմակերպությունների ներդրումային ֆոնդերի կառավարիչների համար մշակում է Կենտրոնական բանկը՝ քաղաքականություն իրականացնող մարմնի  հետ համատեղ:

4. Ամբողջական ՖՀՄՍ-ների, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի, ֆինանսական հաշվետվությունների հայեցակարգային հիմունքների, աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների, մասնագիտական էթիկայի կանոնագրքի, ներառյալ՝ դրանցում կատարված փոփոխությունների եւ լրացումների թարգմանությունները, կատարվում են Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի եւ (կամ) Հաշվապահների միջազգային դաշնության կատարած փոփոխությունների կամ լրացումների կամ նոր ստանդարտների հրապարակումից հետո` մեկ տարվա ընթացքում:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ թարգմանված կամ մշակված՝ հաշվապահական հաշվառումը եւ աուդիտորական գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը Հանրային վերահսկողության խորհուրդը ներկայացնում է քաղաքականություն իրականացնող մարմին՝ հաստատման եւ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան պաշտոնական հրապարակման համար:

Հոդված 7. Հանրային վերահսկողության խորհրդի կազմը

1.  Հանրային վերահսկողության խորհուրդը կազմված է յոթ անդամից՝ նախագահ, նախագահի տեղակալ եւ հինգ անդամ: Խորհրդի անդամները նշանակվում են հինգ տարի ժամկետով: Խորհրդի անդամներին, այդ թվում` նախագահին եւ նախագահի տեղակալին նշանակում է ֆինանսների նախարարը՝ հետեւյալ կառույցների ներկայացմամբ.

1) ֆինանսների նախարարություն՝ երեք անդամ.

2) Կենտրոնական բանկ՝ երկու անդամ.

3) էկոնոմիկայի նախարարություն՝ մեկ անդամ.

4) պետական եկամուտների կոմիտե՝ մեկ անդամ:

Խորհրդի նախագահը եւ նախագահի տեղակալը նշանակվում են հինգ տարի ժամկետով? Խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետներն են.

1) մեկ անդամը` մեկ տարի.

2) մեկ անդամը` երկու տարի.

3) մեկ անդամը` երեք տարի.

4) մեկ անդամը` չորս տարի.

5) մեկ անդամը` հինգ տարի:

Հետագայում նշանակված խորհրդի անդամները նշանակվում են հինգ տարի ժամկետով:

2. Հանրային վերահսկողության խորհրդի անդամ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն, հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտին առնչվող առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ ունեցող քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված պարտականությունների կատարումը:

3. Հանրային վերահսկողության խորհրդի անդամ չի կարող նշանակվել`

1) ֆինանսատնտեսական ոլորտին, ինչպես նաեւ ոչ մեծ ծանրության հանցագործություններին վերաբերող՝ չհանված կամ չմարված դատվածություն ունեցող անձը.

2) միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերող դատվածություն ունեցող անձը.

3)  օրենքով սահմանված կարգով որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված անձը.

4) մասնագիտացված կառույցի խորհրդի կամ գործադիր մարմնի անդամը.

5) գործող աուդիտորը:

4.  Հանրային վերահսկողության խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերում:

5. Ֆինանսների նախարարը Հանրային վերահսկողության խորհրդի եզրակացության հիման վրա կարող է վաղաժամկետ դադարեցնել Հանրային վերահսկողության խորհրդի անդամի լիազորությունները, եթե վերջինս՝

1) չի կատարել սույն օրենքով սահմանված իր պարտականությունները.

2) մեկ տարվա ընթացքում երեք անգամ անհարգելի բացակայել է Հանրային վերահսկողության խորհրդի նիստերից:

6.  Հանրային վերահսկողության խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում սույն հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան կառույցի ներկայացմամբ նշանակվում է խորհրդի նոր անդամ` սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակահատվածը պակաս է մեկ տարուց, ապա խորհրդի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:

7.  Հանրային վերահսկողության խորհրդի անդամը կարող է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալ` դիմելով ֆինանսների նախարարին եւ տեղեկացնելով սույն հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան կառույցին: Ֆինանսների նախարարը Հանրային վերահսկողության խորհրդի անդամի հրաժարականն ընդունում է մեկ ամսվա ընթացքում:

Հոդված 8. Հանրային վերահսկողության խորհրդի գործունեության կարգը

1. Հանրային վերահսկողության խորհրդի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստ կարող է գումարվել նաեւ խորհրդի անդամներից առնվազն երեքի պահանջով: Խորհրդի անդամների պահանջները ներկայացվում են խորհրդի նախագահին՝ գրավոր:

2. Հանրային վերահսկողության խորհրդի նիստերը նախագահում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:

3. Հանրային վերահսկողության խորհրդի նախագահի եւ խորհրդի նախագահի տեղակալի միաժամանակյա բացակայության դեպքում խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է խորհրդի` տարիքով ավագ անդամը:

4. Հանրային վերահսկողության խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրություններն ստորագրում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:

5. Հանրային վերահսկողության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի առնվազն չորս անդամ, այդ թվում՝ խորհրդի նախագահը կամ նրան փոխարինող անձը:

6.  Հանրային վերահսկողության խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով իրավունք ունի մասնակցելու մասնագիտացված կառույցի նախագահը: Հանրային վերահսկողության խորհրդի նախագահի հրավերով խորհրդի նիստերին կարող են ներկա լինել նաեւ պետական մարմինների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ այլ անձինք: Նիստի գումարման օրվա, տեղի եւ ժամի, ինչպես նաեւ նիստի օրակարգի մասին տեղեկությունները նիստից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ Հանրային վերահսկողության խորհուրդը տեղադրում է ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում եւ գրավոր ներկայացնում է մասնագիտացված կառույց:

7.  Հանրային վերահսկողության խորհրդի նիստում քննարկվող հարցերը հաստատվում են խորհրդի որոշմամբ, որն ընդունվում է քվեարկության միջոցով` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Արգելվում է ձայնի եւ քվեարկության իրավունքի փոխանցումը խորհրդի մեկ անդամից մյուսին:

8.  Հանրային վերահսկողության խորհրդի որոշումներն ստորագրում է խորհրդի նախագահը: Եթե խորհրդի նիստին ներկա խորհրդի անդամը համաձայն չէ ընդունված որոշմանը եւ ունի հատուկ կարծիք, ապա վերջինիս պահանջով խորհրդի նիստի արձանագրության մեջ պետք է նշվի այդ հատուկ կարծիքը եւ հաստատվի այդ անդամի ստորագրությամբ:

9. Մասնագիտացված կառույցի ընդունած՝ Հանրային վերահսկողության խորհրդի կողմից համաձայնեցման ենթակա ներքին իրավական ակտերը համաձայնեցվում են խորհրդի որոշմամբ:

10. Խորհրդի որոշումներն ուժի մեջ են մտնում որոշման ընդունման պահից, եթե որոշմամբ ուժի մեջ մտնելու այլ ժամկետ սահմանված չէ:

11. Հանրային վերահսկողության խորհրդի նիստի քննարկման առարկա հանդիսացող որեւէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն ունեցող խորհրդի անդամը պարտավոր է տեղեկացնել խորհրդին իր շահագրգռվածության փաստի եւ բնույթի մասին: Այդ տեղեկացումը պետք է վավերացվի նիստի արձանագրության մեջ, որից հետո նշված անդամը պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի քննարկմանն իր մասնակցությունից եւ տվյալ հարցի քվեարկումից:

Հոդված 9. Հանրային վերահսկողության խորհրդի նախագահը

1. Հանրային վերահսկողության խորհրդի նախագահը`

1) համակարգում է խորհրդի գործունեությունը.

2) հանդես է գալիս Հանրային վերահսկողության խորհրդի անունից.

3) հրավիրում եւ նախագահում է խորհրդի նիստերը, կազմակերպում է նիստերի արձանագրությունների վարումը եւ ստորագրում է դրանք.

4)  որոշում է խորհրդի աշխատանքների համակարգման բաշխվածությունը խորհրդի անդամների միջեւ.

5) ներկայացնում է Հանրային վերահսկողության խորհուրդը Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում.

6) Հանրային վերահսկողության խորհրդի աշխատակարգով սահմանված իր լիազորությունների շրջանակներում ստորագրում է խորհրդի որոշումները.

7) իրականացնում է սույն օրենքով եւ Հանրային վերահսկողության խորհրդի աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հոդված 10. Հանրային վերահսկողության խորհրդի նախագահի տեղակալը

1.  Հանրային վերահսկողության խորհրդի նախագահի տեղակալը փոխարինում է խորհրդի նախագահին` նրա բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում:

2.  Խորհրդի նախագահի տեղակալի լիազորությունները սահմանվում են խորհրդի աշխատակարգով:

Հոդված 11. Հանրային վերահսկողության խորհրդի աշխատակազմը

1. Հանրային վերահսկողության խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով:

2. Հանրային վերահսկողության խորհրդի աշխատակազմի գործառույթներն իրականացնում է քաղաքականություն իրականացնող մարմնի համապատասխան մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումը:

Հոդված 12. Հանրային վերահսկողության խորհրդի աշխատակարգը

1. Հանրային վերահսկողության խորհրդի աշխատակարգը սահմանում է Հանրային վերահսկողության խորհրդի գործունեության կարգը:

2. Հանրային վերահսկողության խորհրդի աշխատակարգը հաստատում է ֆինանսների նախարարը` հաշվի առնելով սույն օրենքի պահանջները:

Հոդված 13. Գաղտնի տեղեկությունները եւ ծառայողական տեղեկատվությունը

1.  Հանրային վերահսկողության խորհրդի անդամները եւ  աշխատակազմը չեն կարող հրապարակել կամ այլ կերպ տարածել, ինչպես նաեւ անձնական շահադիտական նպատակով օգտագործել իրենց պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում ստացած գաղտնի տեղեկություններն ու ծառայողական տեղեկատվությունը:

2. Գաղտնի չեն համարվում օրենքի եւ այլ իրավական ակտերի համաձայն հրապարակման կամ այլ կերպ տարածման ենթակա տեղեկությունները:

Հոդված 14.  Տարեկան ծրագիրը, հաշվետվությունը եւ խորհրդի հրաժարականը

1. Հանրային վերահսկողության խորհուրդը կազմում է իր գործունեության տարեկան ծրագիրը, որը ներառում է՝

1)  հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտներում առկա հիմնախնդիրները.

2)  հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորմանն ուղղված միջոցառումները.

3)  սույն օրենքով սահմանված խնդիրների եւ գործառույթների իրականացման համար խորհրդի սահմանած անհրաժեշտ այլ դրույթներ:

2.  Հանրային վերահսկողության խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը ֆինանսների նախարարին է ներկայացնում նախորդ տարվա իր գործունեության մասին հաշվետվությունը: Հաշվետվությունը ներառում է՝

1)  համառոտ տեղեկատվություն Հանրային վերահսկողության խորհրդի գործունեության վերաբերյալ.

2)  հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության իրավիճակի վերլուծությունը.

3)  մասնագիտացված կառույցի գործառույթների նկատմամբ իրականացված վերահսկողության միջոցառումները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվետվությունը ֆինանսների նախարարի կողմից չհաստատվելու դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի բոլոր անդամները ներկայացնում են իրենց հրաժարականը, եւ, սույն օրենքի համաձայն, նշանակվում են խորհրդի նոր անդամներ:

ԳԼՈՒԽ 3

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ

Հոդված 15. Մասնագիտացված կառույցը

1. Մասնագիտացված կառույցը քաղաքականություն իրականացնող մարմնի  հավատարմագրած աուդիտորների, փորձագետ հաշվապահների, ինչպես նաեւ աուդիտորական կազմակերպությունների (այսուհետ՝ մասնագիտացված կառույցի անդամ) անդամության հիման վրա գործող հասարակական կազմակերպություն է: Մասնագիտացված կառույցն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից:

2. Մասնագիտացված կառույցը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման եւ իր անդամների իրավահավասարության սկզբունքների հիման վրա:

3. Աուդիտորը, փորձագետ հաշվապահը եւ աուդիտորական կազմակերպությունը կարող են անդամակցել միայն մեկ մասնագիտացված կառույցի:

Հոդված 16. Մասնագիտացված կառույցի հավատարմագրումը

1. Մասնագիտացված  կառույցի  հավատարմագրումն  աուդիտորի վարքագծին ներկայացվող միջազգային չափանիշներին համապատասխանող վարքագծի նորմեր ընդունած հասարակական կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանության ճանաչումն է պետության կողմից, որի արդյունքում տրվում է պետական հավատարմագրման վկայական:

2. Հավատարմագրման սկզբունքներն են`

1) հավատարմագրման միասնական կարգի սահմանումը.

2) հավատարմագրման հրապարակայնությունը.

3) հավատարմագրման գործընթացի օրինականության եւ թափանցիկության ապահովումը.

4) հավատարմագրման պահանջների եւ պայմանների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը:

3. Մասնագիտացված կառույցը հավատարմագրման համար պետք է բավարարի հետեւյալ պահանջները.

1) ունենա առնվազն 100 ֆիզիկական անձ եւ 10 իրավաբանական անձ հանդիսացող անդամ.

2) ընդունի աուդիտորի վարքագծին ներկայացվող միջազգային չափանիշներին համապատասխանող վարքագծի նորմեր.

3) ունենա Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխանող որակավորման համակարգ:

Հոդված 17. Մասնագիտացված կառույցի գործառույթները

1. Մասնագիտացված կառույցն իրականացնում է հետեւյալ գործառույթները.

1) հաստատում է իր անդամների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման կարգը.

2)  աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների որակավորման գործընթացի հետ կապված՝

ա. Հաշվապահների միջազգային դաշնության կրթական միջազգային ստանդարտներին (IES) համապատասխան հաստատում է աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների որակավորման քննությունների ծրագիրը (այդ թվում՝ քննական առարկաների կազմը) եւ որակավորման քննությունների անցկացման կարգը,

բ. հաստատում է որակավորման հանձնաժողովի կանոնադրությունը,

գ. հաստատում է որակավորման հանձնաժողովի անհատական կազմը,

դ. կազմակերպում եւ անցկացնում է աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների որակավորման քննությունները,

ե. տալիս է իր կողմից որակավորված աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորում եւ ընդունում է որոշումներ որակավորման չեղարկման վերաբերյալ.

3) սահմանում է իր անդամ աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացման պահանջները.

4) իրականացնում է հսկողություն իր անդամ աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացման պահանջների պահպանման նկատմամբ.

5)  իրականացնում է իր անդամ աուդիտորական կազմակերպությունների եւ աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատում: Մասնագիտացված կառույցն առաջիկա տարվա ընթացքում արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությունների ցանկը եւ արտաքին գնահատում իրականացնելու տարեկան ժամանակացույցը մինչեւ այդ տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը ներկայացնում է Հանրային վերահսկողության խորհուրդ՝ համաձայնեցման: Գնահատումների արդյունքների քննարկումներն աուդիտորական կազմակերպությունների հետ կազմում են գնահատման գործընթացի անբաժանելի մասը.

6) իրականացնում է իր անդամ փորձագետ հաշվապահների եւ աուդիտորական կազմակերպությունում չաշխատող աուդիտորների նկատմամբ սույն օրենքով, «Հաշվապահական հաշվառման մասին» եւ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքներով ներկայացվող պահանջների պահպանման արտաքին գնահատում.

7) իրականացնում է աուդիտորական գործունեությունը եւ հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2.  Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ներքին իրավական ակտերը իրավական ուժ են ստանում Հանրային վերահսկողության խորհրդի հետ համաձայնեցնելուց եւ մասնագիտացված կառույցի պաշտոնական կայքում հրապարակելուց հետո:

Հոդված 18. Աուդիտորական կազմակերպության անդամակցումը մասնագիտացված կառույցին

1. Մասնագիտացված կառույցին անդամակցելու համար դիմորդ կազմակերպությունը պետք է բավարարի հետեւյալ պահանջները.

1) լինի առեւտրային կազմակերպություն, բացառությամբ բաց բաժնետիրական ընկերության.

2) ունենա առնվազն երեք աշխատող աուդիտոր, որոնցից երկուսն այլ գործատուի մոտ չեն աշխատում, բացառությամբ գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական բնույթի աշխատանքների.

3) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 51 տոկոսը պատկանի աուդիտորներին եւ (կամ) աուդիտորական կազմակերպություններին.

4) եթե կազմակերպությունն ունի կոլեգիալ գործադիր մարմին, ապա կոլեգիալ գործադիր մարմնում աուդիտորների թիվը չպետք է պակաս լինի կոլեգիալ գործադիր մարմնի կազմի առնվազն 50 տոկոսից: Եթե կազմակերպությունն ունի միանձնյա գործադիր մարմին, ապա միանձնյա գործադիր մարմին հանդիսացող անձը պետք է լինի աուդիտոր.

5) սահմանի աուդիտորական ծառայության որակի հսկողության կանոններ եւ պահպանի այդ կանոնները.

6) վճարի մուտքի վճար մասնագիտացված կառույցին՝ վերջինիս սահմանած կարգով եւ չափով:

2.  Մասնագիտացված կառույցին անդամակցելու համար դիմորդ կազմակերպությունը ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը.

1) անդամակցության դիմումը.

2) հիմնադիր փաստաթղթերը.

3) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը, գրանցման համարը.

4) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները բավարարող աուդիտորների ցանկը.

5) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները բավարարող աուդիտորների կամ աուդիտորական կազմակերպությունների ցանկը՝ կցելով դիմորդ կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում այդ անձանց փայի մեծությունը հավաստող փաստաթղթերը.

6) սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջները բավարարող աուդիտորների ցանկը.

7) աուդիտորական գործունեության որակի հսկողության հաստատված կանոնների մեկ օրինակ:

3.  Անդամակցության համար մասնագիտացված կառույց ներկայացվող փաստաթղթերը պետք է լինեն պահանջվող փաստաթղթերի բնօրինակները եւ (կամ) պատշաճ ձեւով վավերացված պատճենները: Մասնագիտացված կառույցը կարող է պահանջել օտար լեզվով փաստաթղթերի՝ պատշաճ վավերացմամբ հայերեն թարգմանություններ:

4.  Անդամակցության համար սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը մասնագիտացված կառույց մուտքագրելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, կայացվում է որոշում դիմորդ կազմակերպությանը որպես մասնագիտացված կառույցի անդամ ընդունելու կամ անդամակցությունը մերժելու վերաբերյալ:

5.  Դիմորդ  կազմակերպության  անդամակցության  վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումն ուժի մեջ է մտնում մուտքի վճարը վճարելու ամսաթվից: Այն դեպքում, երբ անդամակցության վերաբերյալ որոշման ընդունման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ 60 աշխատանքային օրվա ընթացքում, դիմորդ կազմակերպությունը չի վճարում մուտքի վճարը, այդ որոշումը մասնագիտացված կառույցը ճանաչում է անվավեր:

6.  Մասնագիտացված կառույցի կողմից դիմորդ կազմակերպության անդամակցության վերաբերյալ մերժման որոշում կայացնելու համար հիմք են.

1) դիմորդ կազմակերպության անհամապատասխանությունը սույն օրենքի պահանջներին.

2) սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված պահանջները չբավարարող փաստաթղթեր ներկայացնելը.

3) մասնագիտացված կառույց ներկայացված փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկությունների բացահայտումը:

7. Անդամակցության համար սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների եւ նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաեւ փաստաթղթերը թերի լինելու դեպքում մասնագիտացված կառույցը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է դիմորդ կազմակերպությանը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերով դիմորդ կազմակերպության անդամակցությունը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձեւով նախազգուշացումը մասնագիտացված կառույցի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմորդ կազմակերպությունը չի վերացնում փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

9.  Մասնագիտացված կառույցի կողմից դիմորդ կազմակերպության անդամակցության վերաբերյալ մերժման որոշումը գրավոր ուղարկվում է դիմորդ կազմակերպություն՝ այդ որոշման ընդունման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

10. Մասնագիտացված կառույցի կողմից դիմորդ կազմակերպության անդամակցության վերաբերյալ մերժման որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ: Բողոքարկման բավարարման դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի որոշման հիման վրա մասնագիտացված կառույցը կայացնում է դիմորդ կազմակերպության անդամակցության վերաբերյալ որոշում՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Աուդիտորական կազմակերպության անդամակցության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, մասնագիտացված կառույցը գրավոր այդ մասին տեղեկացնում է Հանրային վերահսկողության խորհրդին:

Հոդված 19.  Աուդիտորական կազմակերպության մասնագիտացված կառույցին անդամակցության դադարեցումը

1. Աուդիտորական  կազմակերպության  անդամակցությունը մասնագիտացված կառույցին դադարեցնելու համար հիմք են՝

1) աուդիտորական կազմակերպության գրավոր դիմումը՝ մասնագիտացված կառույցի անդամակցությունից դուրս գալու վերաբերյալ.

2) աուդիտորական կազմակերպության լուծարումը.

3) սույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ մասնագիտացված կառույցի որոշումը, որպես պատասխանատվության միջոց, մասնագիտացված կառույցին աուդիտորական կազմակերպության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ:

2. Աուդիտորական կազմակերպության անդամակցությունը մասնագիտացված կառույցին համարվում է դադարեցված՝

1) աուդիտորական կազմակերպության լուծարման դեպքում՝ լուծարման ամսաթվից.

2)  մնացած բոլոր դեպքերում՝ անդամակցության դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշման ամսաթվից:

3.  Մասնագիտացված կառույցը աուդիտորական կազմակերպության անդամակցության դադարեցման հաջորդ օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, աուդիտորական կազմակերպությանը եւ Հանրային վերահսկողության խորհրդին գրավոր տեղեկացնում է անդամակցության դադարեցման վերաբերյալ:

Հոդված 20. Ֆիզիկական անձի անդամակցումը մասնագիտացված կառույցին

1.  Մասնագիտացված կառույցին անդամակցելու համար ֆիզիկական անձը պետք է բավարարի հետեւյալ պահանջները.

1) ունենա աուդիտորի որակավորում՝ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն, կամ փորձագետ հաշվապահի որակավորում՝ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն.

2) չունենա ֆինանսատնտեսակա?? ??  ն ոլորտին, ինչպես նաեւ ոչ մեծ ծանրության հանցագործություններին վերաբերող՝ չհանված կամ չմարված դատվածություն.

3) չունենա միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերող դատվածություն.

4) վճարի մուտքի վճար մասնագիտացված կառույցին՝ վերջինիս սահմանած կարգով եւ չափով:

2.  Որպես աուդիտոր կամ փորձագետ հաշվապահ մասնագիտացված կառույցին անդամակցելու համար ֆիզիկական անձը գրավոր դիմում է մասնագիտացված կառույցին՝ նշելով ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ինչպես նաեւ ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը.

1) որակավորման վկայականը.

2) համապատասխան մասնագիտական աշխատանքի բավարար փորձի վերաբերյալ տեղեկանք: Տեղեկանքին ներկայացվող պահանջները սահմանվում են մասնագիտացված կառույցի ներքին իրավական ակտերով.

3) տեղեկանք ֆինանսատնտեսական ոլորտին, ինչպես նաեւ ոչ մեծ ծանրության հանցագործություններին վերաբերող՝ չհանված կամ չմարված դատվածության բացակայության մասին.

4) տեղեկանք միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերող դատվածության բացակայության մասին:

3.  Անդամակցության համար մասնագիտացված կառույց ներկայացվող փաստաթղթերը պետք է լինեն պահանջվող փաստաթղթերի բնօրինակները եւ (կամ) պատշաճ ձեւով վավերացված պատճենները: Մասնագիտացված կառույցը կարող է պահանջել օտար լեզվով փաստաթղթերի՝ պատշաճ վավերացմամբ հայերեն թարգմանություններ:

4. Անդամակցության համար սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը մասնագիտացված կառույց մուտքագրվելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, կայացվում է որոշում` ֆիզիկական անձին որպես մասնագիտացված կառույցի անդամ ընդունելու կամ անդամակցությունը մերժելու վերաբերյալ:

5.  Ֆիզիկական անձի անդամակցության վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումն ուժի մեջ է մտնում մուտքի վճարը վճարելու ամսաթվից: Այն դեպքում, երբ անդամակցության վերաբերյալ որոշման ընդունման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ 60 աշխատանքային օրվա ընթացքում, ֆիզիկական անձը չի վճարում մուտքի վճարը, այդ որոշումը մասնագիտացված կառույցը ճանաչում է անվավեր:

6.  Մասնագիտացված  կառույցի  կողմից  ֆիզիկական  անձի՝ անդամակցության վերաբերյալ մերժման որոշում կայացնելու համար հիմք են՝

1) ֆիզիկական անձի անհամապատասխանությունը սույն օրենքի պահանջներին.

2) սույն հոդվածով սահմանված պահանջները չբավարարող փաստաթղթեր ներկայացնելը.

3) մասնագիտացված կառույց ներկայացված փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկությունների բացահայտումը:

7. Անդամակցության համար սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների եւ նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաեւ փաստաթղթերը թերի լինելու դեպքում մասնագիտացված կառույցը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է ֆիզիկական անձին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերով ֆիզիկական անձի անդամակցությունը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձեւով նախազգուշացումը մասնագիտացված կառույցի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ֆիզիկական անձը չի վերացնում փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

9. Մասնագիտացված կառույցի կողմից ֆիզիկական անձի անդամակցության վերաբերյալ մերժման որոշումը գրավոր ուղարկվում է այդ ֆիզիկական անձին՝ այդ որոշման ընդունման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

10. Մասնագիտացված կառույցի կողմից ֆիզիկական անձի անդամակցության վերաբերյալ մերժման որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման բավարարման դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի որոշման հիման վրա մասնագիտացված կառույցը կայացնում է ֆիզիկական անձի անդամակցության վերաբերյալ որոշում:

11. Աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի անդամակցության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, մասնագիտացված կառույցը գրավոր այդ մասին տեղեկացնում է Հանրային վերահսկողության խորհրդին:

Հոդված 21. Աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի՝ մասնագիտացված կառույցին անդամակցության դադարեցումը

1.  Աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի անդամակցությունը մասնագիտացված կառույցին դադարեցնելու համար հիմք են՝

1) աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի գրավոր դիմումը՝ մասնագիտացված կառույցի անդամակցությունից դուրս գալու վերաբերյալ.

2) սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ մասնագիտացված կառույցի որոշումը, որպես պատասխանատվության միջոց, աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորման չեղարկման վերաբերյալ.

3) սույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ մասնագիտացված կառույցի որոշումը, որպես պատասխանատվության միջոց, աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի՝ մասնագիտացված կառույցին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ:

2.  Աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի անդամակցությունը մասնագիտացված կառույցին համարվում է դադարեցված անդամակցության դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշման ամսաթվից:

3.  Մասնագիտացված կառույցը աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի անդամակցության դադարեցման հաջորդ օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, անդամակցությունը դադարեցված անձին եւ Հանրային վերահսկողության խորհրդին գրավոր տեղեկացնում է անդամակցության դադարեցման վերաբերյալ:

Հոդված 22. Աուդիտորների, փորձագետ հաշվապահների եւ աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարումը

1. Աուդիտորների, փորձագետ հաշվապահների եւ աուդիտորական կազմակերպությունների ռեեստրը (այսուհետ՝ ռեեստր) մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող աուդիտորների, փորձագետ հաշվապահների եւ աուդիտորական կազմակերպությունների համակարգված ցուցակ է:

2. Աուդիտորների, փորձագետ հաշվապահների եւ աուդիտորական կազմակերպությունների միասնական ռեեստրը մասնագիտացված կառույցների կողմից վարվող ռեեստրներում ներառված տեղեկատվության հիման վրա Հանրային վերահսկողության խորհրդի կողմից էլեկտրոնային եղանակով վարվող՝ աուդիտորների, փորձագետ հաշվապահների եւ աուդիտորական կազմակերպությունների համակարգված ցուցակ է:

3. Մասնագիտացված կառույցն իր անդամների ռեեստրը վարում է էլեկտրոնային եղանակով:

4. Ռեեստրի վարման կարգը եւ ռեեստրում ներառվող տվյալների նվազագույն ցանկը սահմանում է Հանրային վերահսկողության խորհուրդը:

5. Մասնագիտացված կառույցի անդամների վերաբերյալ տեղեկությունները մասնագիտացված կառույցի ռեեստրում պետք է ներառվեն անդամակցության վերաբերյալ որոշման ընդունման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեղեկությունները մասնագիտացված կառույցը Հանրային վերահսկողության խորհուրդ է ներկայացնում յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

6. Մասնագիտացված կառույցի անդամները պարտավոր են իրենց մասին ռեեստրում պարունակվող տեղեկությունների փոփոխությունները պատշաճ ձեւով հայտնել մասնագիտացված կառույցին այդպիսի փոփոխությունների առաջացման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեղեկությունները մասնագիտացված կառույցը Հանրային վերահսկողության խորհուրդ է ներկայացնում յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

7. Մասնագիտացված կառույցի անդամի անդամակցության դադարեցման վերաբերյալ տեղեկությունները պետք է ներառվեն ռեեստրում անդամակցության դադարեցման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեղեկությունները մասնագիտացված կառույցը Հանրային վերահսկողության խորհուրդ է ներկայացնում յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

ԳԼՈՒԽ  4

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ  ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 23. Որոշում ընդունելու առաջարկը

1. Հանրային վերահսկողության խորհուրդն իրավունք ունի իր որոշմամբ առաջարկելու մասնագիտացված կառույցին, մասնագիտացված կառույցի իրավասության շրջանակներում, ընդունելու որոշակի որոշում կամ ձեռնարկելու այլ գործողություն՝ նշելով նման առաջարկության հիմքերը, եթե պարզի, որ`

ա) մասնագիտացված կառույցը չի կատարում կամ ոչ պատշաճ ձեւով կամ թերի է կատարում սույն օրենքով իրեն վերապահված գործառույթները կամ չի ապահովում իր կանոնադրությամբ սահմանված պահանջների պահպանումը կամ

բ) նման գործողություններն անհրաժեշտ են հաշվապահների կամ աուդիտորների մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային վերահսկողության խորհրդի որոշմամբ ներկայացված առաջարկությունը դրանով սահմանված ողջամիտ ժամկետում չկատարելը կարող է հիմք հանդիսանալ սույն օրենքի  26-րդ հոդվածի համաձայն մասնագիտացված կառույցի տարեկան գործունեության մասին հաշվետվությունը բացասական գնահատելու համար:

Հոդված 24. Մասնագիտացված կառույցի գործունեության կարգավորումը եւ վերահսկողությունը

1. Սույն օրենքով սահմանված՝ մասնագիտացված կառույցի գործառույթների նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով Հանրային վերահսկողության խորհուրդն իրավունք ունի իրականացնելու մասնագիտացված կառույցի գործունեության ստուգումներ: Հանրային վերահսկողության խորհուրդն իրավունք ունի կազմելու ստուգումների տարեկան ծրագիր կամ ստուգումներն իրականացնելու ըստ անհրաժեշտության: Մասնագիտացված կառույցը պարտավոր է ստուգումների ընթացքում ստուգող խմբին տրամադրել պահանջվող բոլոր անհրաժեշտ տեղեկություններն ու փաստաթղթերը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն իրականացված ստուգումների արդյունքները կարող են հիմք հանդիսանալ սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ մասնագիտացված կառույցի տարեկան գործունեության հաշվետվությունը բացասական գնահատելու համար:

Հոդված 25. Մասնագիտացված կառույցի հաշվապահական հաշվառումը, ֆինանսական հաշվետվությունները

1. Մասնագիտացված կառույցը հաշվապահական հաշվառումը վարում եւ ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն:

2. Մասնագիտացված կառույցի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի: Մասնագիտացված կառույցի ֆինանսական հաշվետվությունները հաստատում է մասնագիտացված կառույցի խորհուրդը:

3.  Մասնագիտացված կառույցը մինչեւ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը իր խորհրդի հաստատած՝ նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում է Հանրային վերահսկողության խորհուրդ:

4.  Ֆինանսական հաշվետվությունները աուդիտորական եզրակացության հետ ենթակա են հրապարակման մասնագիտացված կառույցի պաշտոնական կայքում՝ մինչեւ հաջորդող տարվա հունիսի 30-ը:

Հոդված 26. Տարեկան գործունեության ծրագիրը եւ գործունեության մասին հաշվետվությունը

1.  Մասնագիտացված կառույցը կազմում է իր գործունեության տարեկան ծրագիրը եւ համաձայնեցնում Հանրային վերահսկողության խորհրդի հետ: Տարեկան գործունեության ծրագիրը ներառում է՝

1)  հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտներում իրավիճակի վերլուծություն.

2)  սույն  օրենքով  սահմանված  խնդիրների  եւ  գործառույթների իրականացման համար մասնագիտացված կառույցի սահմանած անհրաժեշտ այլ դրույթներ:

2.  Մասնագիտացված  կառույցի  տարեկան  գործունեության հաշվետվությունը ներառում է՝

1)  համառոտ  տեղեկատվություն  մասնագիտացված  կառույցի գործունեության վերաբերյալ.

2)  հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտներում առկա հիմնախնդիրների բացահայտումը եւ դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ:

3.  Մասնագիտացված  կառույցի  տարեկան  գործունեության հաշվետվությունը հաստատում է մասնագիտացված կառույցի կանոնադրությամբ սահմանված մարմինը:

4.  Մասնագիտացված կառույցը մինչեւ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը մասնագիտացված կառույցի կանոնադրությամբ սահմանված մարմնի հաստատած՝ նախորդ տարվա տարեկան գործունեության հաշվետվությունը ներկայացնում է Հանրային վերահսկողության խորհուրդ: Հանրային վերահսկողության խորհուրդը 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է մասնագիտացված կառույցի գործունեության հաշվետվության վերաբերյալ իր գնահատականը՝ դրական կամ բացասական:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործունեության հաշվետվությունը Հանրային վերահսկողության խորհրդի կողմից բացասական գնահատվելու դեպքում մասնագիտացված կառույցի հավատարմագրումը կասեցվում է մինչեւ բացասական գնահատականի հիմք հանդիսացող հանգամանքների վերացումը:

Հոդված 27. Մասնագիտացված կառույցի գույքի ձեւավորման աղբյուրները

1. Մասնագիտացված կառույցի   գույքի ձեւավորման աղբյուրներն են՝

1) անդամներից գանձվող մուտքի վճարները.

2) անդամ աուդիտորներից եւ փորձագետ հաշվապահներից գանձվող անդամավճարները.

3) անդամ աուդիտորական կազմակերպություններից գանձվող անդամավճարները.

4) մասնագիտական որակավորման քննությունների անցկացումից սահմանված հասույթները.

5) հրապարակումների վաճառքից ստացված հասույթները.

6) դասընթացների անցկացումից ստացված հասույթները.

7)  բանկային ավանդներից ստացված եկամուտները.

8)  արժեթղթերից (բաժնային եւ պարտքային) ստացված եկամուտները.

9) պետական եւ ոչ պետական կառույցներից (այդ թվում՝ օտարերկրյա) ստացված նվիրատվությունները, դրամաշնորհները.

10) օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված եկամուտները:

2.  Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված վճարները հաստատուն են բոլոր անդամների համար, իսկ 3-րդ կետում նշված անդամավճարները կարող են ունենալ երեք բաղադրիչ` առաջինը՝ հաստատուն բոլոր անդամների համար, իսկ երկրորդը եւ երրորդը՝ փոփոխուն` կախված աուդիտորական կազմակերպության՝ աուդիտորական ծառայությունների մատուցումից ստացած հասույթներից, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպություններում իրականացված պարտադիր աուդիտի քանակից: Անդամավճարների չափերը սահմանում է մասնագիտացված կառույցի կանոնադրությամբ սահմանված մարմինը:

ԳԼՈՒԽ 5

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 28. Մասնագիտացված կառույցի անդամների գործունեության գնահատումը

1.  Մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպության եւ աուդիտորի կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման նկատմամբ իրականացվում է արտաքին գնահատում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի  4-րդ կետում նշված արտաքին գնահատման ընթացակարգերի համաձայն: Արտաքին գնահատման արդյունքներով տրվում է «1», «2», «3», «4», «5» կամ «6» գնահատական:

2.  Մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող փորձագետ հաշվապահի եւ աուդիտորական կազմակերպությունում չաշխատող աուդիտորի կողմից սույն օրենքի,  «Հաշվապահական հաշվառման մասին» եւ «Աուդիտորական գործունեության մասին»  օրենքների պահանջների պահպանման նկատմամբ իրականացվում է արտաքին գնահատում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված արտաքին գնահատման ընթացակարգերի համաձայն: Արտաքին գնահատման արդյունքներով տրվում է «1», «2», «4», «5» կամ «6» գնահատական:

3.  Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ արտաքին գնահատման արդյունքներով տրված «1» գնահատականի դեպքում կարգապահական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում:

Հոդված 29. Մասնագիտացված կառույցի անդամի նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները

1. Մասնագիտացված կառույցի անդամ աուդիտորական կազմակերպության, աուդիտորի եւ փորձագետ հաշվապահի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցները կիրառվում են սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված կարգի համաձայն:

2.  Մասնագիտացված կառույցի անդամների նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական պատասխանատվության միջոցները` սույն օրենքի  28-րդ հոդվածի համաձայն արտաքին գնահատման արդյունքներով տրված գնահատականների հիման վրա.

1) նախազգուշացում` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն.

2) տուգանք` սույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն.

3) մասնագիտացված կառույցին անդամակցության կասեցում` սույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն.

4) որակավորման չեղարկում՝ սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն.

5) մասնագիտացված կառույցին անդամակցության դադարեցում` սույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:

3. Մասնագիտացված կառույցի անդամների նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառում է մասնագիտացված կառույցը՝ մասնագիտացված կառույցի որոշումների հիման վրա: Պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումները ենթակա են հրապարակման մասնագիտացված կառույցի պաշտոնական կայքում որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 30. Նախազգուշացումը

1. Նախազգուշացումը աուդիտորական կազմակերպության, աուդիտորի եւ փորձագետ հաշվապահի նկատմամբ որպես կարգապահական պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե, սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «2» գնահատական:

2. Նախազգուշացումը նախատեսում է խախտումը թույլ տված աուդիտորական կազմակերպությանը, աուդիտորին կամ փորձագետ հաշվապահին գրավոր տեղեկացնել արտաքին գնահատման արդյունքում արձանագրված խախտումների անթույլատրելիության եւ ապագայում նման խախտումները կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու մասին:

3. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց ուժի մեջ է մտնում մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրվանից: Մասնագիտացված կառույցը որոշման ընդունման հաջորդ օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մասին գրավոր տեղեկացնում է պատասխանատվության ենթարկվող անձին եւ Հանրային վերահսկողության խորհրդին:

4. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 31. Տուգանքը

1. Տուգանքը աուդիտորական կազմակերպության նկատմամբ որպես կարգապահական պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե, սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «3» գնահատական:

 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի գումարը սահմանվում է 500 հազար Հայաստանի Հանրապետության դրամ:

3.  Տուգանքի կիրառման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումն ուժի մեջ է մտնում մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրվանից:  Մասնագիտացված կառույցը որոշման ընդունման հաջորդ օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մասին գրավոր տեղեկացնում է պատասխանատվության ենթարկվող անձին եւ Հանրային վերահսկողության խորհրդին:

4. Աուդիտորական կազմակերպությունը տուգանքը վճարում է մասնագիտացված կառույցին՝ տուգանքի կիրառման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 60 օրացուցային օրվա ընթացքում:

5. Տուգանքը որպես պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 32. Մասնագիտացված կառույցին անդամակցության կասեցումը

1. Մասնագիտացված կառույցին անդամակցությունը կասեցվում է, եթե, սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «4» գնահատական, կամ սույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում չի վճարվել տուգանքը:

2.  Մասնագիտացված կառույցին անդամակցությունը կասեցվում է կասեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշմամբ սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան վեցամսյա ժամկետը:

3. Աուդիտորը, որի անդամակցությունը մասնագիտացված կառույցին կասեցվել է, կասեցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում իրավունք չունի՝

1) մասնակցելու աուդիտորական գործունեության իրականացմանը կամ, «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի պահանջների համաձայն, աշխատելու միջին կազմակերպության, խոշոր կազմակերպության եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպության գլխավոր հաշվապահ.

2) մասնակցելու մասնագիտացված կառույցի ընտրովի եւ մասնագիտական մարմինների աշխատանքներին:

4.  Աուդիտորական կազմակերպությունը, որի անդամակցությունը մասնագիտացված կառույցին կասեցվել է, կասեցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում իրավունք չունի՝

1) կնքելու աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր.

2) մինչեւ կասեցումը կնքված աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրերում կատարելու այնպիսի փոփոխություններ, որոնք կհանգեցնեն աուդիտորական կազմակերպության պարտավորությունների ավելացմանը:

5. Փորձագետ հաշվապահը եւ աուդիտորական կազմակերպությունում չաշխատող աուդիտորը, որի անդամակցությունը մասնագիտացված կառույցին կասեցվել է, կասեցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում իրավունք չունի՝

1) «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի պահանջների համաձայն՝ աշխատելու միջին, խոշոր եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպության գլխավոր հաշվապահ.

2) մասնակցելու մասնագիտացված կառույցի ընտրովի եւ մասնագիտական մարմինների աշխատանքներին:

6.  Կասեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումն ուժի մեջ է մտնում մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրվանից: Մասնագիտացված կառույցը որոշման ընդունմանը հաջորդող օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մասին գրավոր տեղեկացնում է պատասխանատվության ենթարկվող անձին եւ Հանրային վերահսկողության խորհրդին:

7. Անդամակցության կասեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ՝ կասեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման բավարարման դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի որոշման հիման վրա մասնագիտացված կառույցը կայացնում է անդամակցության կասեցումը դադարեցնելու վերաբերյալ որոշում:

Հոդված 33. Որակավորման չեղարկումը

1. Աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորումը չեղարկվում է, եթե, սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «5» գնահատական:

2.  Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերից բացի, աուդիտորների որակավորման չեղարկման այլ հիմքերը եւ կարգը սահմանվում են «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով:

3.  Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերից բացի, փորձագետ հաշվապահների որակավորման չեղարկման այլ հիմքերը եւ կարգը սահմանվում են «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով:

Հոդված 34. Մասնագիտացված կառույցին անդամակցության դադարեցումը

1. Մասնագիտացված կառույցին անդամակցությունը դադարեցվում է`

1) եթե, սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, արտաքին գնահատման արդյունքներով տրվել է «6» գնահատական.

2) եթե, սույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, մասնագիտացված կառույցին անդամակցության կասեցման վերաբերյալ որոշմամբ սահմանված կասեցման ժամանակահատվածում կասեցման համար հիմք հանդիսացող խախտումները վերացված չեն.

3) եթե աուդիտորական կազմակերպությունը, «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն, տրամադրել է ոչ հավաստի աուդիտորական եզրակացություն:

2.  Անդամակցության դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումն ուժի մեջ է մտնում մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից, եթե այդ որոշումը, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, չի բողոքարկվել: Մասնագիտացված կառույցը, որոշման ընդունման հաջորդ օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, որոշման մասին գրավոր տեղեկացնում է պատասխանատվության ենթարկվող անձին եւ Հանրային վերահսկողության խորհրդին:

3.  Անդամակցության դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ՝ դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում:

4.  Բողոքարկման ընթացքում անդամակցության դադարեցման վերաբերյալ  մասնագիտացված կառույցի որոշումը կասեցվում է: Բողոքարկման ընթացքում աուդիտորական կազմակերպության, աուդիտորի եւ փորձագետ հաշվապահի՝  մասնագիտացված կառույցին անդամակցությունը համարվում է կասեցված: Հանրային վերահսկողության խորհրդի կողմից բողոքարկման չբավարարման դեպքում անդամակցության դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը մնում է անփոփոխ, եւ  մասնագիտացված կառույցին անդամակցությունը համարվում է դադարեցված՝ սույն հոդվածի  2-րդ մասի համաձայն: Բողոքարկման բավարարման դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի որոշման հիման վրա մասնագիտացված կառույցը կայացնում է անդամակցության դադարեցումը չեղարկելու վերաբերյալ որոշում:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով անդամակցության դադարեցման դեպքում աուդիտորական կազմակերպությունը, աուդիտորը կամ փորձագետ հաշվապահը իրավունք ունեն նորից անդամակցության համար դիմելու մասնագիտացված կառույցի անդամակցությունը դադարեցնելուց երեք տարի հետո:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով անդամակցության դադարեցման դեպքում աուդիտորական կազմակերպությունը, աուդիտորը կամ փորձագետ հաշվապահն իրավունք ունեն անդամակցության համար նորից դիմելու մասնագիտացված կառույցին ոչ շուտ, քան  անդամակցությունը դադարեցնելուց երկու տարի հետո:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով անդամակցության դադարեցման դեպքում աուդիտորական կազմակերպությունն իրավունք ունի անդամակցության համար նորից դիմելու մասնագիտացված կառույցին ոչ շուտ, քան անդամակցությունը դադարեցնելուց երկու տարի հետո:

ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 35. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ֆինանսների նախարարը կազմավորում է Հանրային վերահսկողության խորհուրդը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին, «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն, Կառավարության սահմանած կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցները քաղաքականություն իրականացնող մարմին դիմելու դեպքում համարվում են սույն օրենքի իմաստով հավատարմագրված մասնագիտացված կառույցներ եւ պարտավոր են դիմելուն հաջորդող տասներկուամսյա ժամանակահատվածում իրենց հավատարմագրումը համապատասխանեցնել սույն օրենքով սահմանված պահանջներին:

3. Եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում, որեւէ մասնագիտացված կառույց չի հավատարմագրվում, ապա մասնագիտացված կառույցի՝ սույն օրենքով սահմանված գործառույթներն իրականացնում է քաղաքականություն իրականացնող մարմինը: Նշված դեպքում սույն օրենքի 18-րդ եւ 20-րդ հոդվածներով սահմանված՝ աուդիտորական կազմակերպության եւ ֆիզիկական անձի՝ մասնագիտացված կառույցին անդամակցելու պահանջի փոխարեն կիրառվում է քաղաքականություն իրականացնող մարմնի կողմից վարվող՝ աուդիտորների, փորձագետ հաշվապահների եւ աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցվելու պահանջը: Ընդ որում, սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի փոխարեն կիրառվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Պետական տուրքի մասին» օրենքով աուդիտորական ծառայությունների իրականացման համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափը՝ յուրաքանչյուր տարվա համար, իսկ 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը չի կիրառվում:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին, «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն, Կառավարության սահմանած կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցի այն անդամներին, որոնք չունեն «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն աուդիտորի որակավորում, «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն հաշվապահի որակավորում կամ նշված մասնագիտացված կառույցի տված աուդիտորի կամ հաշվապահի վկայագիր, սույն օրենքով նախատեսված մասնագիտացված կառույցի սահմանած կարգով տրվում է փորձագետ հաշվապահի որակավորման վկայական, որն ուժի մեջ է մնում մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը: Նշված անձինք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված մասնագիտացված կառույցի սահմանած պարզեցված կարգով մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ն ստանալու սույն օրենքով նախատեսված փորձագետ հաշվապահի որակավորում:

5. Մասնագիտացված կառույցի ռեեստրը ենթակա է հրապարակման մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը՝ իր պաշտոնական կայքում:

Հոդված 36. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

20.12.2019
Երեւան
ՀՕ-284-Ն


09.06.2022 «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին