Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.01.2020
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժզ», «ժէ», «ժը», «ժթ» եւ «ի»  ենթակետերով.

«ժզ. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով սահմանված ներդրումային ծառայությունների մատուցումը, բացառությամբ արժեթղթերում եւ ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումների հետ կապված՝ հաճախորդներին խորհրդատվության տրամադրման ծառայության,

ժէ. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված ոչ հիմնական ծառայությունների մատուցումը, բացառությամբ ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական եւ այլ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ ընկերություններին խորհրդատվության տրամադրման ծառայությունների,

ժը. կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթերով եւ ածանցյալ ֆինանսական գործիքներով առեւտրի կազմակերպման (միայն գործարքների համար գանձվող միջնորդավճարների մասով), ինչպես նաեւ կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման եւ հաշվանցման (քլիրինգի) ծառայությունների մատուցումը,

ժթ. կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի պահառության, արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման, քլիրինգի եւ վերջնահաշվարկի հետ կապված ծառայությունների, ինչպես նաեւ օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով կենտրոնական դեպոզիտարիային թույլատրված այլ ծառայությունների (բացառությամբ խորհրդատվական ծառայությունների) մատուցումը, ներառյալ՝ արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամի կողմից այդ ծառայությունների միջնորդավորման ծառայությունների մատուցումը,

ի. շուկա ստեղծողի կարգավիճակով արժեթղթերի երկկողմանի գնանշման ապահովման ծառայությունների մատուցումը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «արտարժութային» բառը:

Հոդված 3. Օրենսգրքի 126-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Շահութահարկի վճարումից ազատվում են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները՝

1) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների, ինչպես նաեւ նշյալ բաժնետոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտների մասով.

2) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձեւով ստացվող եկամուտների, ինչպես նաեւ նշյալ պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտների մասով.

3) ռեզիդենտ իրավաբանական անձին տրամադրած փոխառության գծով եկամուտների մասով, պայմանով, որ տվյալ փոխառությունն ամբողջությամբ ֆինանսավորվել է համարժեք պայմաններով թողարկված պարտատոմսերի տեղաբաշխման շնորհիվ ու հանդիսանում է այդ պարտատոմսերի ապահովման միջոց, իսկ այդ պարտատոմսերը Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայում թույլատրված են առեւտրին:»:

Հոդված 4. Օրենսգրքի 149-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից,  պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտը, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչեւ մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց:».

2) 2-րդ մասի 4-րդ կետը «շահաբաժին» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 8-րդ մասը «հինգ տոկոս դրույքաչափով» բառերից հետո լրացնել «` հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները» բառերով:

Հոդված  6.  Սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածների դրույթները տարածվում են այն արժեթղթերի (արժեթղթերի դասերի) վրա, որոնք Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակվել (առեւտրին թույլատրվել) են ոչ ուշ, քան 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հոդված  7.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

12.02.2020
Երեւան
ՀՕ-82-Ն