Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.02.2020
Սույն օրենքի նպատակներն են՝ ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների  օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետեւանքներից,  սոցիալական,  տնտեսական ոլորտների եւ շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից, ինչպես նաեւ բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը որպես անառողջ  եւ մերժելի վարքագիծ արմատավորելը:

Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում  են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) ծխախոտահումք ՝ ծխախոտաբույսերից (նիկոտիանա) ստացված հումք, որն ամբողջական բույսն է կամ տերեւներն են  բնական վիճակում կամ չորացրած կամ ֆերմենտացված կամ առանձնացված մեջտեղի երակաթելով, կտրատած կամ չկտրատած, ճզմած կամ ջարդած, տեսակախառնած եւ խոնավացրած հատուկ բաղադրությամբ հեղուկով, ինչպես նաեւ ծխախոտաբույսի մնացուկները, պարունակում է նիկոտին եւ նախատեսված է ծխախոտային արտադրատեսակների պատրաստման կամ արտադրության համար.

2) ծխախոտային արտադրատեսակ ՝ ցանկացած արտադրանք, որն ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է ծխախոտահումք հանդիսացող տերեւից կամ պարունակում է ծխախոտահումք եւ արտադրված է այնպես, որ օգտագործվի ծխելու կամ ներծծելու կամ ծամելու կամ օրգանիզմ ներշնչելու, ներառյալ՝ ծխախոտահումքի տաքացման եղանակով աերոզոլ արտադրելու միջոցով ներշնչելու համար.

3) ծխախոտային արտադրատեսակի պատկանելիք ՝ ծխախոտային արտադրատեսակի հետ կամ օգտագործման համար նախատեսված առարկա (սարք, ծխափող, ծխախոտի պահման առարկաներ, ծխախոտային արտադրատեսակի փաթեթման թուղթ, ծխախոտային արտադրատեսակի գլանաձեւ փաթեթման սարք).

4) խեժ ՝ ծխախոտային արտադրատեսակի այրման հետեւանքով առաջացած չմշակված բաղադրիչ.

5) նիկոտին ՝ ծխախոտի արտադրատեսակի կամ ծխի մեջ պարունակվող  նիկոտինի ալկալոիդներ.

6) ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ ՝ ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային (էլեկտրականություն կամ մարտկոցներ) եղանակով աշխատող արտադրանք (քարթրիջով կամ տարայով), որի միջոցով նիկոտինի եւ պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաեւ տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող  լուծույթի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ.

7) ծխախոտային  արտադրատեսակի  կամ  ծխախոտային արտադրատեսակի փոխարինչի  օգտագործում ՝ ծխախոտային արտադրատեսակը կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչը ծխելու կամ ներծծելու կամ ծամելու կամ օրգանիզմ ներշնչելու կամ արտաշնչելու ձեւով կիրառում.

8) ծխախոտային արտադրատեսակի նմանակ ՝  արտադրանք, որը շփոթեցման աստիճան արտաքնապես (գույնով եւ ձեւով) նմանակում է ծխախոտային արտադրատեսակին.

9) ծխախոտային  արդյունաբերություն ՝  ծխախոտային արտադրատեսակներ  կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների արտադրողներ կամ ներմուծողներ կամ մեծածախ իրացնողներ.

10) շրջանառություն ՝ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ներմուծում կամ արտադրություն կամ պահպանում կամ իրացում կամ սպառում կամ ոչնչացում.

11) բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչներ ՝ ծխախոտային արտադրատեսակին համարժեք, առանց ծխախոտահումքի օգտագործման օրգանիզմ նիկոտին փոխանցող արտադրանք՝ ծխախոտային արտադրատեսակների օգտագործումից հրաժարվելու համար (նիկոտինային մաստակ, ենթալեզվային հաբեր, բերանում լուծվող հաբեր, ներշնչակ, որը նման է ծխափողի (մուշտուկ), սպեղանի).

12) ծամախոտ ՝  ծխախոտային արտադրատեսակ, որը նախատեսված է ծամելու կամ ծծելու համար եւ պատրաստված է  ծխախոտի տերեւների մամլած կտորներից՝ ոչ ծխախոտային հումքի եւ այլ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրա.

13) երկրորդային ծուխ ՝ ծուխ, որն առկա է օդում, որտեղ ծխում են կամ նախկինում ծխել են, այդ թվում՝ նաեւ  ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինչի օգտագործման հետեւանքով արտանետված նյութեր.

14) փակ տարածք ՝ ցանկացած նյութից պատրաստված՝ ծածկ  ունեցող, շարժական կամ անշարժ պատերով ժամանակավոր կամ մշտական ցանկացած շինություն, որն ամբողջովին փակ է, բացառությամբ պատուհանների եւ դռան համար նախատեսված բացվածքների.

15) հանրային տարածք ՝ հանրությանը մատչելի կոլեկտիվ օգտագործման վայր՝ անկախ դրա սեփականության ձեւից.

16) ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հովանավորություն ՝ ցանկացած միջոցառմանը կամ իրադարձությանը կամ անձին ուղղված ցանկացած գործողություն, որը նպատակ ունի իրական կամ հնարավոր արդյունքով  ուղղակի կամ անուղղակի խթանել ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների  փոխարինիչների իրացումը (վաճառքը) կամ օգտագործումը.

17) ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների իրացման (վաճառքի)  խթանում ՝ ցանկացած գործողություն, որը, չպարունակելով օրենքով սահմանված գովազդի տարրեր, անուղղակի կերպով կարող է ազդել կամ ազդում է ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների իրացման ծավալների ավելացման վրա կամ անուղղակի կերպով ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների նկատմամբ ձեւավորում է հետաքրքրություն:

Հոդված 2. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման, շրջանառության եւ օգտագործման իրավական կարգավորումը

1. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների,  բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացումը, շրջանառությունը եւ օգտագործումը կարգավորվում են սույն օրենքով եւ նորմատիվ իրավական այլ ակտերով:

2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ներմուծմանը, արտադրությանը,  իրացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել, իրացվել եւ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրվել Կառավարության սահմանած անվտանգության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանող ծխախոտային արտադրատեսակները եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտահանելու նպատակով արտադրվող ծխախոտային արտադրատեսակները եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները  կարող են արտադրվել արտահանվող երկրի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող  ծխախոտային արտադրատեսակները ենթակա են   համապատասխանության գնահատման:

4. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, ներմուծումը, իրացումը, եթե ծխախոտային արտադրատեսակների ծխում նիկոտինի եւ խեժի պարունակությունը գերազանցում է Կառավարության հաստատած թույլատրելի սահմանը: Սույն պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վրա:

5. Անձնական օգտագործման նպատակով  ֆիզիկական անձինք կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել միայն Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները չգերազանցող ծխախոտային արտադրատեսակներ:

6. Արգելվում է ծամախոտի  մեծածախ եւ մանրածախ վաճառքը Հայաստանի Հանրապետությունում:

Հոդված 4. Առողջության վրա բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվության ապահովման մասով ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը եւ մակնշմանը ներկայացվող հիմնական պահանջները

1. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը եւ մակնշմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Կառավարության սահմանած անվտանգության տեխնիկական կանոնակարգերին համապատասխան, ընդ որում ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր տուփ պարտադիր պետք է պարունակի ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային փոխարինիչների օգտագործման  վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստ, որը պետք է  զետեղվի ցանկացած տուփի երկու առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը՝ մյուսի վրա:  Նախազգուշացման տեքստերը պետք է ներառվեն սեւ գույնի շրջանակի մեջ եւ զբաղեցնեն ծխախոտային արտադրանքի մեծածախ ու մանրածախ առեւտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի եւ բլոկի) երկու առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերեւույթի 30  տոկոսից ոչ պակաս մակերեսը, ներառյալ՝ շրջանակը: Ծխամորճի եւ ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթվածքների դեպքում սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված՝ ծխելու վնասակարության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը պետք է զետեղվեն ներդիր թերթիկի վրա եւ զբաղեցնեն դրա մակերեւույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը:

2. Ծխախոտային  արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ մարդու առողջության վրա օգտագործման  վնասակարության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը հաստատում է Կառավարությունը:

3. Ծխախոտային   արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորման եւ մակնշման Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների շրջանառությունն արգելվում է, բացառությամբ դրանց ոչնչացման դեպքերի: Ոչնչացումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

4. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների վրա պատկերել ապրանքանիշի գույները, պատկերները, կորպորատիվ "լոգոները" եւ արտադրողին նույնականացնող այլ նշան (պատկեր) (այսուհետ՝ միատեսակ փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակներ): Միատեսակ փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգը պարտադիր սահմանում է՝

1) սպառողական տարայի վրա ապրանքանիշի անվան  եւ արտադրանքի տեսակի  անվանման մասին եւ արտադրողի վերաբերյալ  տեղեկատվության նշումների առավելագույն երկարության միավորը.

2) սպառողական տարայի վրա սպառողին մոլորեցնող բառերի կամ գույների օգտագործման բացառմանն ուղղված կարգավորումները.

3) սպառողական փաթեթի վրա  բառերի կամ նշանների տառատեսակին, չափին, դրանց տեղակայմանը ներկայացվող պահանջները.

4) ծխախոտային արտադրատեսակի անվտանգության եւ առողջության ապահովման համար անհրաժեշտ այլ պահանջներ:

Հոդված 5. Ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների  փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման արգելքները

1. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակները կամ դրանց պատկանելիքները  կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակները վաճառել կամ որեւէ այլ եղանակով իրացնել 18 տարին չլրացած անձանց: Եթե վաճառողի կամ որեւէ այլ եղանակով իրացնողի կողմից կասկածներ են առաջացել գնորդի կամ որեւէ այլ եղանակով ձեռքբերողի տարիքի վերաբերյալ, ապա նա իրավունք ունի պահանջելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված անձը հաստատող փաստաթուղթ եւ դրա չներկայացման դեպքում չվաճառելու կամ որեւէ այլ եղանակով չիրացնելու դրանք:

2. Արգելվում է 18 տարին չլրացած անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակները կամ դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակներ վաճառելը կամ որեւէ այլ եղանակով իրացնելը:

3. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումն ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելու  եւ մինչեւ վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով):

4. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների  վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումն ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով:

5. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների մանրածախ վաճառքը կամ որեւէ այլ եղանակով մանրածախ իրացումն իրականացնելիս որեւէ զեղչի կիրառումը:

6. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների)՝

1) վաճառքը՝ առանց օրենքով նախատեսված թույլտվության.

2) հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում եւ հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առեւտրի խանութների: Դրանց ցանկը՝ գների մասին նշումով, վաճառողը տրամադրում է  չափահաս անձին՝ վերջինիս պահանջով: Ցանկը վաճառասրահում  եւ հանրային սննդի օբյեկտներում չի փակցվում:

7. Արգելվում է՝

1) ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմից  հավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում.

2) սիգարետի հատով վաճառքը կամ որեւէ այլ եղանակով հատով իրացումը.

3) ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ:

8. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների  վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը՝

1) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների, առողջարանային կազմակերպությունների շենքերի  ներսում եւ դրանց մուտքերից ուղիղ գծով մինչեւ 10 մետր հեռավորության վրա (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների).

2)  նախադպրոցական, հանրակրթական, նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատություններում եւ դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչեւ  10 մետր հեռավորության վրա.

3) մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերում եւ դրանց մուտքերից ուղիղ գծով մինչեւ 10 մետր հեռավորության վրա.

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների ներսում.

5) թատերահամերգային, թանգարանային, գրադարանային կենտրոնների, կինոթատրոնների ներսում.

6) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացված (նրանց զբաղեցրած) տարածքների ներսում.

7) մարզական դահլիճների, համալիրների եւ մարզադաշտերի տարածքներում.

8) պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ պատմության եւ մշակութային այն անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ.

9) օդանավակայաններում (բացառությամբ անմաքս առեւտրի խանութների):

Հոդված 6. Ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմանը ներկայացվող արգելքները եւ սահմանափակումները

1. Արգելվում է ծխախոտային  արտադրատեսակների,  ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների)  օգտագործումը՝

1) հետեւյալ տարածքներում՝

ա. բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերում  եւ  դրանց մուտքերից ուղիղ գծով մինչեւ հինգ մետր հեռավորության վրա,

 բ. նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատություններում եւ դրանց շենքերի  մուտքերից ուղիղ գծով մինչեւ հինգ մետր հեռավորության վրա,

գ. մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերում եւ դրանց մուտքերից ուղիղ գծով մինչեւ հինգ մետր հեռավորության վրա,

դ. համայնքի կողմից  երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում եւ խաղային պուրակներում,

ե. պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ պատմության եւ մշակութային այն անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ,

զ. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տեղակայման շենքերում,

է. այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների,

ը. հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ եւ խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտներ),

թ. hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարաններ, հանգստյան եւ մասնագիտացված ճամբարներ կամ տներ, պանսիոններ, զբոսաշրջային, մանկապատանեկան եւ ճամբարային բնակատեղիներ (համալիրներ), զբոսաշրջային տներ).

2) աշխատանքային այլ փակ  տարածքներում՝ անկախ սեփականության ձեւից.

3) առեւտրի կենտրոններում.

4) ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները, բացառությամբ՝

ա. օդանավակայանների, որտեղ թույլատրվում է ունենալ  օգտագործման  համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը,

բ. հիվանդանոցային ձեւով հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողների, որտեղ թույլատրվում է ունենալ   օգտագործման  համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.

5) զորամասերում եւ զինվորական հաստատություններում, բացառությամբ "Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին" օրենքով նախատեսված օգտագործման  համար առանձնացված հատուկ տարածքների.

6) տրանսպորտում՝

ա. հասարակական՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտում, մետրոպոլիտենում, բացառությամբ ջրային եւ երկաթուղային տրանսպորտի, որտեղ թույլատրվում է ունենալ  օգտագործման  համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը,

բ. վարորդի կողմից մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ.

7) հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ:

2. Ձերբակալվածների, կալանավորվածների, դատապարտյալների պահման վայրերում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման  եւ ծխախոտի ծխի բացասական ազդեցության նվազեցմանը եւ կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության եւ առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինների սահմանած կարգին համապատասխան:

3. Զորամասերում եւ զինվորական հաստատություններում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման եւ ծխախոտային ծխի բացասական ազդեցության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով:

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված հաստատություններում, մարմիններում, վայրերում եւ տարածքներում տեսանելի հատվածներում տվյալ հաստատության, մարմնի ղեկավարի կողմից պետք է  տեղադրված լինեն ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի եւ սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:

Հոդված 7.   Ծխախոտային  արտադրատեսակների,  դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների գովազդի, իրացման (վաճառքի)  խթանման եւ հովանավորության արգելքն ու  սահմանափակումները

1. Արգելվում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների գովազդի, իրացման  (վաճառքի)  խթանման եւ հովանավորության բոլոր ձեւերը:

2. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների նմուշների անվճար իրացումը:

3. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:

4. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ   ծխախոտային արտադրատեսակների նմանակների  իրացման (վաճառքի)  խթանումը հետեւյալ ձեւերով՝

1) այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում խոսքի կամ ձայնի կամ պատկերի միջոցով ներկայացնել ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) օգտագործումը.

2) այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների հիշատակումը կամ դրանց ներառումը.

3) ծխախոտային արտադրատեսակների նմանակ հանդիսացող սննդամթերքի կամ խաղալիքների արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը.

4) Հայաստանի Հանրապետությունում երեխաների համար արտադրված եւ նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմեր, թատերական ներկայացումներ հեռուստատեսության, ռադիոյի կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ դրանց օգտագործման պատկերումը:

5. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հովանավորությունը:

6. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների տեսապատկերումը կամ ձայնային պատկերումը տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմեր՝  հեռուստատեսության, ռադիոյի կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) թույլատրվում է բացառապես  հեռարձակողի կողմից նման ստեղծագործության հեռարձակման սկզբից կամ ընթացքում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների  փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ տեղեկատվության հաղորդմամբ (ձայնային կամ պատկերի միջոցով):

Հոդված 8. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման ոլորտում Կառավարության լիազորությունները

1. Ծխախոտային  արտադրատեսակների,   ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման ոլորտում Կառավարության լիազորություններն են՝

1) ծխախոտային  արտադրատեսակների,  ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների եւ դրանց օգտագործման դեմ պայքարի առնվազն հնգամյա կտրվածքով ռազմավարության հաստատումը, որով սահմանվում են նաեւ ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման հնգամյա ռազմավարական նպատակները եւ պետական կառավարման համակարգի մարմինների՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում իրականացվելիք միջոցառումների, այդ թվում՝ միջգերատեսչական ձեւաչափով իրականացվելիք միջոցառումների նկարագրերը, դրանց իրականացման ժամկետները, պատասխանատուները եւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն.

2) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգի հաստատումը.

3) Հայաստանի  Հանրապետությունում   ծխախոտային արտադրատեսակների առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգի հաստատումը.

4) ծխախոտային արտադրատեսակների բաղադրության եւ դրանցից արտանետվող նյութերի փորձաքննության ու չափման կարգը, ինչպես նաեւ այդ բաղադրության եւ արտազատվող նյութերի կարգավորման չափաքանակների սահմանումը.

5) ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին բնակչությանն իրազեկելու կարգը հաստատելը:

Հոդված 9. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման ոլորտում ֆիզիկական անձանց իրավունքները  եւ ծխախոտային արդյունաբերողների պարտականությունները

1. Ֆիզիկական անձինք իրավունք  ունեն իրազեկ լինելու ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման եւ երկրորդային ծխի բացասական ազդեցության հետեւանքների մասին:

2. Ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձինք  պարտավոր են իրազեկել բնակչությանը ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին՝ Կառավարության սահմանած կարգով:

Հոդված 10. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման, նիկոտինից կախվածության բուժման եւ հետեւանքների նվազեցմանն ուղղված բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը

1. Ծխախոտային  արտադրատեսակներ,  ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործող յուրաքանչյուր անձի, որը դիմում է բժշկական հաստատություններ, տրամադրվում է նիկոտինից կախվածության բուժման եւ հետեւանքների վերացմանն ուղղված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում՝ պետական նպատակային ծրագրերի շրջանակում:

2. Ծխախոտային արտադրատեսակի, ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչի օգտագործման դադարեցմանը, նիկոտինից կախվածության բուժմանն եւ ծխախոտային արտադրատեսակի օգտագործման հետեւանքների նվազեցմանն ուղղված բժշկական օգնությունը եւ սպասարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առողջապահության ոլորտի լիազոր մարմնի սահմանած՝ պացիենտի վարման գործելակարգի  եւ այլ իրավական ակտերի համաձայն:

Հոդված 11. Սույն օրենքի խախտման դեպքում պատասխանատվությունը

1. Սույն օրենքով նախատեսված նորմերը խախտող  իրավաբանական եւ ֆիզիկական անձինք ենթարկվում են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են օրենքով սահմանված մարմինները՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

Հոդված 12. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ  օրենքի՝

1) 4-րդ հոդվածի՝

ա. 1-ին մասով  սահմանված    ծխախոտային  արտադրատեսակների փոխարինիչների  փաթեթավորմանը եւ  մակնշմանը ներկայացվող պահանջների, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից,

բ. 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում  2024 թվականի հունվարի 1-ից.

2) 5-րդ հոդվածի՝

ա. 6-րդ մասի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում  2021 թվականի հունվարի 1-ից,

բ. 8-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված՝ շենքերի մուտքերից ուղիղ գծով սահմանված հեռավորության վրա իրացման արգելքը սահմանող նորմերի, 5-րդ, 6-րդ, 8-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո.

3) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝

ա. «ը» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 15-ից,

բ. «թ» ենթակետի, 2-5-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից.

4) 7-րդ հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում  2021 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» 2004 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-72 օրենքը:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերով, 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով, 6-րդ կետի  «ա» ենթակետով, 2-րդ եւ 3-րդ մասերով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, 9-րդ հոդվածի 2-րդ մասով, 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի, որոնք ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեքամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

06.03.2020
Երեւան
ՀՕ-92-Ն


29.12.2020 «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
09.03.2022 «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին