Armenian   Russian    
Վարչական դատավարության oրենuգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.03.2020
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի 5-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.4-րդ գլխով.


«ԳԼՈՒԽ 31.4


ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 222.12. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու որոշման վերաբերյալ գործերը եւ դրանց քննության ընթացակարգը

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի 31.2-րդ գլխով նախատեսված կանոնները` սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ:

2. Սույն հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել այն անձը, որի վերաբերյալ կայացվել է իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշում:

3. Հայցը կարող է վարչական դատարաններ կայացվել Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումը ստանալու պահից հնգօրյա ժամկետում:

4. Սույն հոդվածով նախատեսված գործերով դիմումը, ի թիվ սույն օրենսգրքի 222.5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերով նախատեսված պահանջների, պետք է բովանդակի հիմնավորումներ առ այն, որ Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումն իրավաչափ չէ: Դիմումին կցվում է Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումը:

5. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում եւ լուծում է միանձնյա:

6. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետեւյալ դատական ակտերից մեկը.

1) Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ թողնելու մասին.

2) Հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

19.04.2020
Երեւան
ՀՕ-208-Ն