Արժեթղթերի շուկայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.06.2020

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 98-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը Կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի եւ կարգավիճակի վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրումը, ինչպես նաեւ բաժնետոմսերի եւ  բաժնետոմսերի սեփականատերերի  (անվանատերերի) վերաբերյալ ցանկացած ծառայողական տեղեկության տրամադրումը, այդ թվում` բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի), անվանական արժեքի, քանակի, տեսակի եւ դասի, թողարկողի, բաժնետոմսերով իրականացված գործարքների, բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունների,  թողարկողի բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ սույն օրենքի 197-րդ հոդվածի իմաստով Հայաստանյան անվանատերերին եւ Օտարերկրյա անվանատերերին հասանելի տեղեկությունների տրամադրումը.».

2) 2-րդ մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

 «3. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունների  տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կենտրոնական դեպոզիտարիան եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունները  տրամադրում են տվյալների էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիություն տալու միջոցով, իսկ այդ համակարգից տեղեկություններ ստանալու  անհնարինության կամ համակարգ չմուտքագրված տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում` համապատասխան մարմնից ստացված հարցմանը գրավոր պատասխան ներկայացնելու միջոցով: Տեղեկությունները տրամադրվում են անվճար, բացառությամբ թղթային ձեւով տրամադրված տեղեկությունների, որոնց համար հատուցման կարգը եւ չափը նախատեսվում են տեղեկությունների տրամադրման կարգը սահմանող` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 197-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

«13. Սույն օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում նշված մարմինների կողմից Հայաստանյան կամ Օտարերկրյա անվանատերերի մոտ առկա տեղեկությունների վերաբերյալ հարցումների դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան սույն հոդվածով սահմանված ժամկետներում եւ կարգով դիմում է անվանատերերին եւ դիմումի հիման վրա ստացված տեղեկությունները փոխանցում է հարցումն իրականացնող մարմնին:»:

Հոդված 3. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը  հաջորդող օրվանից:

2. Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկատվության տրամադրման կարգը սահմանող` Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

24.06.2020
Երեւան
ՀՕ-306-Ն