Armenian      
Հողային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.06.2020

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ջերմոցային, անասնապահական թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների, սպանդանոցների եւ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար նախատեսվող հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված պարզեցված կարգով` միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու եւ համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց եւ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում եւ ամենամյա հողային հաշվեկշիռներում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ կետից հանել «համայնքի վարչական սահմաններից դուրս» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետը, 75-րդ հոդվածի 6-րդ մասը եւ 76-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը «Պետության» բառից հետո լրացնել «եւ համայնքների» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ մասը`

1) «փոխանակման» բառից հետո լրացնել «, իրավաբանական անձի բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) դիմաց բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնման» բառերով.

2) «վճարման անդորրագիրը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 64.1-ին հոդվածով սահմանված դեպքերի» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 65-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «համաձայնությամբ,» բառից հետո լրացնել «իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը` համայնքի ավագանու որոշմամբ» բառերով.

2) 4-րդ մասը «Պետության» բառից հետո լրացնել «եւ համայնքների» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսից, իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:»:

Հոդված 8. Օրենսգրքի 68-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Աճուրդի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է: Հողամասի աճուրդը կազմակերպելու համար աճուրդի կազմակերպիչն իր իրավասության շրջանակում ստեղծում է աճուրդային հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ եւ ավագանու անդամներ: Աճուրդի կազմակերպիչը աճուրդային հանձնաժողով ստեղծելու որոշմամբ հանձնաժողովի կազմից նշանակում է աճուրդավար եւ արձանագրող:».

2) 2-րդ մասը «մեկնարկային գինը,» բառերից հետո լրացնել «նախավճարը, քայլի չափը» բառերով.

3) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք նախավճարը վճարում են տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, եւ նրանց տրվում է մասնակցի վկայական, ինչպես նաեւ աճուրդի մասնակցության վճար, որը տվյալ տարվա համար սահմանում է համայնքի ավագանին` «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` որպես մրցույթներ եւ աճուրդներ կազմակերպելու հետ կապված` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, եւ սակարկողը կարող է գինն ավելացնել քայլի չափից ոչ պակաս գումարով:».

4) 6-րդ մասը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«6. Հայտերի ընդունումը եւ մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ գրանցված անձինք եւ աճուրդի մասնակից չհամարվող անձինք: Գրանցված անձինք սահմանված կարգով վճարում են մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, եւ աճուրդը սկսվելու պահից 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովի կողմից գրանցվել են: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդի գործընթացին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:».

5) 7-րդ մասի երկրորդ պարբերության «մեկից» բառը փոխարինել «մեկ կամ» բառերով.

6) 8-րդ մասից հանել երկրորդ պարբերությունը.

7) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Աճուրդի արձանագրությունն ստորագրում են աճուրդային հանձնաժողովի անդամները, աճուրդում հաղթող ճանաչված անձը, ցանկության դեպքում` աճուրդի մյուս մասնակիցները: Արձանագրությունը եւ աճուրդի փաստաթղթերի փաթեթը պահպանում  աճուրդը կազմակերպող համապատասխան մարմինը:»:

Հոդված 9. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Նա զրկվում է նաեւ տվյալ հողամասն ուղղակի վաճառքով գնելու իրավունքից:» նախադասությունը:

Հոդված 10. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը «պատկանող հողամասերը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի, բնապահպանական եւ անտառային հողերի)» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 77-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հողամասը վարձակալության եւ (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար համայնքի ավագանին ստեղծում է մրցութային հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ եւ ավագանու անդամներ: Համայնքի ավագանին մրցութային հանձնաժողով ստեղծելու որոշմամբ հանձնաժողովի կազմից նշանակում է աճուրդավար եւ արձանագրող:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Անտառները եւ անտառային հողերը օգտագործման, ինչպես նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքների (բնապահպանական հողերի) հողամասերը վարձակալության եւ (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը` կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 12. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասը «զանգվածային լրատվության միջոցներով» բառերից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների` http://www.azdarar.am, ինչպես նաեւ համապատասխան համայնքի պաշտոնական ինտերնետային կայքերում» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասում`

1) հանել «կամ մարզպետի» բառերը.

2) «վերջիններիս» բառը փոխարինել «նրա» բառով:

Հոդված 14. Օրենսգրքի 101-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «, համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետին» բառերը:

2) 3-րդ մասից հանել «, իսկ մարզպետը` պետական սեփականություն» եւ «, մարզպետի» բառերը:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

29.06.2020
Երեւան
ՀՕ-330-Ն