Armenian      
Հողային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.07.2020

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1. Սույն օրենսգրքի 31-35-րդ հոդվածներին համապատասխան` հողային հարաբերությունների կարգավորման, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների եւ սահմանափակումների, օգտագործման ու գնի վերաբերյալ տեղեկատվության կառավարման մասով կառավարման լիազոր մարմինը կադաստրի կոմիտեն է, իսկ պետական վերահսկողության իրականացման մասով` հողօգտագործման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է: Շինարարական եւ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում եւ օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար:   Շինարարական աշխատանքներ կատարելու հետեւանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանվում է կառավարության որոշմամբ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «համապատասխան լիազոր պետական մարմինը» բառերը փոխարինել «հողօգտագործման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 41-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 41. Տեսչական մարմնի իրավասությունները հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս».

2) 1-ին մասի «Պետական լիազորված» բառերը փոխարինել «Տեսչական» բառով, իսկ  նույն մասի 3-րդ կետը «տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «եւ տեղական ինքնակառավարման» բառերով.

3) 2-րդ մասի «Պետական լիազորված մարմինն» բառերը փոխարինել «Տեսչական մարմնի ղեկավարն» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «լիազորված» բառը փոխարինել «տեսչական» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

17.07.2020
Երեւան
ՀՕ-365-Ն