ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընդունվել է 28.09.2020

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության` 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ զինված հարձակումը, որոնցով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր  գործողությունները, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության եւ օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ եւս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունն իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Ուստի հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողություններն ուղղված են այս վտանգի չեզոքացմանը:

Քաղաքացիական բնակչության` ծերերի, երեխաների, կանանց դեմ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլեւ բոլոր քաղաքակրթություններում, համաշխարհային բոլոր կրոններում եւ դավանանքներում:

Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլեւ նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները` միջամտելու Արցախյան հակամարտությանը, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը` անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:

Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող` Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին:

Մենք պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել. հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության եւ մարդատյացության միջեւ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, միեւնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը եւ ինքնորոշման կամարտահայտությունը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

28.09.2020
Երեւան
Հ-001