Armenian English   Russian    
Ազգային ժողովի կանոնակարգ
Ազգային ժողովի կանոնակարգ*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.09.2020
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.2-րդ կետով.

«9.2) Կանոնակարգի 146-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքում Ազգային ժողովի խորհրդին առաջադրելու ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամի թեկնածու.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված դեպքերում Ազգային ժողովի խմբակցությունների կոնսենսուսով որոշումը համարվում է ընդունված, եթե միեւնույն որոշումը կայացրել են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները:»:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19-րդ կետով.

«19) Կանոնակարգի 146-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքում նշանակում է ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ:»:

Հոդված 3. Օրենքի 146-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Եթե օրենքով նախատեսված է ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար մրցութային խորհրդի ձեւավորում, եւ դրա անդամ նշանակելու իրավասությունը վերապահված է Ազգային ժողովի խմբակցություններին կամ Ազգային ժողովի խորհրդին, ապա մրցութային խորհրդի կազմավորման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի խմբակցությունները կոնսենսուսով ընդունված որոշմամբ նշանակում են մրցութային խորհրդի անդամի մեկ թեկնածու:

2.2. Եթե Ազգային ժողովի խմբակցությունները սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված ժամկետում ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ չեն նշանակում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, մրցութային խորհրդի անդամին նշանակում է Ազգային ժողովի խորհուրդը՝ Ազգային ժողովի խմբակցությունների առաջադրած թեկնածուների կազմից:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

01.10.2020
Երեւան
ՀՕ-439-Ն