Armenian      
Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.10.2020
Հոդված 1. «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» 2017 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-182-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «փոստային» բառը փոխարինել «էլեկտրոնային» բառով.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կրեդիտառուն իր գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը եւ (կամ) 2-րդ մասով սահմանված քաղվածքը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ տեղեկատվությունը եւ (կամ) քաղվածքը փոստային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում ստանալու պայմանով: Կրեդիտառուն իրավունք ունի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը եւ (կամ) 2-րդ մասով սահմանված քաղվածքն ստանալու կրեդիտավորողի տարածքում՝ առձեռն, որի դեպքում կրեդիտավորողը պարտավոր է նույն տեղեկատվությունը տրամադրել կրեդիտառուին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով: Տեղեկատվությունը եւ (կամ) քաղվածքը փոստային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում առձեռն ստանալու՝ կրեդիտառուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Կրեդիտավորողն իրավունք չունի կրեդիտառուին պարտադրելու, այդ թվում՝ կրեդիտառուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ կրեդիտառուն հրաժարվի սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը եւ (կամ) քաղվածքը էլեկտրոնային կապով ստանալու իր իրավունքից:

Ընդ որում, կրեդիտառուն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխելու հաղորդակցման միջոցը ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, եւ այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը կրեդիտավորողի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման նկատմամբ:».

3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ սույն հոդվածով սահմանված հաղորդակցման կարգի խախտման դեպքում կրեդիտավորողն ազատվում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից, եթե նման կարգի ապահովման անհնարինությունը կապված է արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման հետ:»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից խախտվել է կրեդիտառուի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որեւէ իրավունք, այդ թվում, եթե կրեդիտավորողը կրեդիտավորման պայմանագրում չի ներառել սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված՝ կրեդիտավորման պայմանագրում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները (պայմանները), ապա կրեդիտառուն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առեւտրային արբիտրաժ: Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող կրեդիտառուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առեւտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ կրեդիտառուի բռնագանձվում է 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առեւտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ՝

1) կրեդիտավորողը ձեռնարկել է կրեդիտառուի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները եւ

2) փաստացի վերացրել է կրեդիտառուի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել, եւ

3) կրեդիտառուի իրավունքի խախտման հետեւանքով կրեդիտառուն փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը:

Սույն հոդվածով նախատեսված՝ կրեդիտառուի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու՝ կրեդիտառուի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:

Սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն հոդվածով նախատեսված բացառության կիրառման համար:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը եւ դրանից հետո կնքված պայմանագրերի վրա, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ գործող այն իրավահարաբերությունների վրա, որոնց հետ կապված՝ կրեդիտառուների կողմից այդ հոդվածով նախատեսված դիմումները ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ ռազմական դրություն հայտարարելու որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ եւ դրանից հետո գոյություն ունեցող հարաբերությունների վրա:

4. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված այն կրեդիտավորման պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները չնայած տեղի են ունեցել մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն կրեդիտառուի կողմից մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը դատարան, առեւտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

29.10.2020
Երեւան
ՀՕ-472-Ն