Armenian      
Վարկային կազմակերպությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.10.2020
Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի 9.1-ին հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածով նախատեսված՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ վարկային կազմակերպության կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում վարկային կազմակերպությունը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առեւտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ՝

1) վարկային կազմակերպությունը ձեռնարկել է հաճախորդի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները եւ

2) փաստացի վերացրել է հաճախորդի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել, եւ

3) հաճախորդը իրավունքի խախտման հետեւանքով փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է վարկային կազմակերպությունը:

Սույն հոդվածով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն հոդվածով նախատեսված բացառության կիրառման համար: Նշված դրույթները չեն կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթներ: Սույն հոդվածը կիրառվում է այնքանով, որքանով այլ օրենքներով նշված հարցերի վերաբերյալ վարկային կազմակերպությունների համար այլ կարգավորում նախատեսված չէ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված այն պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները չնայած տեղի են ունեցել մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն հաճախորդի կողմից մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը դատարան, առեւտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

29.10.2020
Երեւան
ՀՕ-475-Ն