Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.12.2020

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 161.1-161.6-րդ  հոդվածներով.

«Հոդված 161.1. Կուսակցությանը անդամագրվելուն կամ անդամությունը դադարեցնելուն հարկադրելը կամ խոչընդոտելը

1. Կուսակցությանը անդամագրվելուն կամ  անդամությունը դադարեցնելուն հարկադրելը կամ խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 161.2. Կուսակցության օգտին խոշոր չափով ապօրինի նվիրատվություն ներգրավելը

1. Կուսակցության անդամի կողմից կուսակցության օգտին օրենքով չթույլատրված աղբյուրից խոշոր չափով կամ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափով  գերազանցող նվիրատվություն ներգրավելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից  ութհարյուրապատիկի  չափով,  կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական  դիրքն օգտագործելով՝

պատժվում  է   ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի իմաստով՝ խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարին համարժեք նվիրատվությունը:

Հոդված 161.3. Իրավաբանական անձի անունից կուսակցությանը խոշոր չափով նվիրատվություն կատարելը

1. Իրավաբանական անձի անունից կուսակցությանը խոշոր չափով նվիրատվություն կատարելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից  ութհարյուրապատիկի  չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի իմաստով՝ խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարին համարժեք նվիրատվությունը:

Հոդված 161.4. Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափով գերազանցելը

1. Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված  առավելագույն  չափը խոշոր չափով գերազանցելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից  ութհարյուրապատիկի  չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի իմաստով՝ խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարին համարժեք նվիրատվությունը:

Հոդված 161.5. Կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը խոշոր չափով շրջանցելը

1.  Անձի  կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը այլ անձի անունից նվիրատվություն ձեւակերպելու եղանակով շրջանցելը, որը կատարվել է  խոշոր չափով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից  ութհարյուրապատիկի  չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) երկու կամ ավելի անձանց ներգրավելու միջոցով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի իմաստով՝ խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարին համարժեք նվիրատվությունը:

Հոդված 161.6.  Կուսակցության օգտին նվիրատվություն կատարելուն հարկադրելը

1.  Կուսակցության օգտին նվիրատվություն կատարելուն հարկադրելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2.  Նույն արարքը, որը կատարվել է՝

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝

պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»:

Հոդված 2.  Օրենսգրքի 314.2-րդ հոդվածում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» եւ «Կուսակցությունների մասին» օրենքներով սահմանված՝» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 314.3-րդ հոդվածում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» եւ «Կուսակցությունների մասին» օրենքների իմաստով» բառերով:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

18.01.2021
Երեւան
ՀՕ-3-Ն