Armenian      
Սնանկության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.03.2021

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասը «բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով» բառերից հետո լրացնել «կամ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ներկայացվող հայցերով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետից հանել «, սնանկության գործով կառավարչի վերաբերյալ առաջարկը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» կետով.

«ժ) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:»:

Հոդված 4. Օրենքի 15.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով.

«ժ) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:»:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը « - Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.

« - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:»:

Հոդված 6. Օրենքի 27.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից հանել «եռամսյա» բառը:

Հոդված 7. Օրենքի 27.4-րդ հոդվածի 3-րդ մասը «դատարան» բառից հետո լրացնել «կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունների շրջանակներում քննարկելու նպատակով» բառերով:

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածի 8-րդ մասում «Եթե պարտապանը չունի գույք, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, ապա» բառերը փոխարինել «Սույն օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերով նախատեսված հիմքերով սնանկության գործն ավարտվելու դեպքում, ինչպես նաեւ այլ հիմքով սնանկության գործն ավարտվելու եւ պարտապանի գույքի արժեքը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից պակաս լինելու դեպքում» բառերով:

Հոդված 9. Օրենքի 39.2-րդ հոդվածում՝

1)1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դատարանը, ստանալով ապահովված պարտատիրոջ դիմումը, դիմումի օրինակը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է պարտապանին եւ կառավարչին, որոնք դիմումի օրինակն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կարող են հայտնել գրավոր դիրքորոշում դիմումի կապակցությամբ:».

2) 2-րդ մասի «սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

3) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) ապահովված պարտատիրոջ պահանջի քննությունը ենթակա է կասեցման:»:

Հոդված 10. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերությունում  «ապա դատավորն առարկությունն ստանալու հաջորդ օրը հրավիրում է դատական նիստ» բառերը փոխարինել «ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, նշանակում է դատական նիստ» բառերով:

Հոդված 11. Օրենքի 80-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «պարտատերերի կողմից ընդունված» բառերը փոխարինել «սույն հոդվածով սահմանված կարգով ընդունված» բառերով:

2) 4-րդ մասի առաջին պարբերությունից հանել «պարտատերերի կողմից» բառերը:

Հոդված 12. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը.1» կետով.

«ը.1) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավասու մարմնի պահանջները.»:

Հոդված 13. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 12.1

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ՝ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ


Հոդված 105.1. Օրենքի կիրառելիությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերությունների նկատմամբ

1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա հայցի ներկայացման եւ գործի քննության նկատմամբ չեն կիրառվում սույն օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված սահմանափակումները, իսկ տվյալ գործի շրջանակներում կիրառված ապահովման միջոցների առնչությամբ՝ սույն օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,   39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները:

Հոդված 105.2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով իրավասու մարմնի կարգավիճակը սնանկության վարույթի ընթացքում

1. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավասու մարմինը (այսուհետ սույն հոդվածում՝ իրավասու մարմին) պարտավոր է դատարան ներկայացնել տեղեկատվություն պարտապանի գույքի առնչությամբ` ծանուցումն ստանալու պահին ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի, հարուցված քաղաքացիական գործերի, կատարողական վարույթների եւ կիրառված ապահովման միջոցների մասին: Պարտապանի գույքի առնչությամբ` ծանուցումն ստանալուց հետո ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի, հարուցված քաղաքացիական գործերի, կատարողական վարույթների եւ կիրառված ապահովման միջոցների մասին իրավասու մարմինը դատարան է ներկայացնում տեղեկատվություն համապատասխան հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում իրավասու մարմինը դատարան է ներկայացնում նաեւ տեղեկատվություն պարտատերերի այն պահանջների մասին, որոնք վիճարկվում են իրավասու մարմնի կողմից եւ կարող են չհաստատվել դրա արդյունքներով:

3. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրավասու մարմինը կարող է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակներում ծանոթանալ սնանկության վարույթի նյութերին, այդ թվում՝ պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությանը, ինչպես նաեւ կառավարչից պահանջել տեղեկություններ պարտապանի գործունեության, ֆինանսական վիճակի, ներառյալ` գույքագրված ակտիվների եւ պարտավորությունների վերաբերյալ: Պահանջվող տեղեկատվությունն իրավասու մարմին է ներկայացվում անհապաղ, բայց ոչ ուշ, քան իրավասու մարմնի պահանջն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:

4. Եթե սնանկության գործի քննությունը կարող է ազդել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի վրա, ապա իրավասու մարմինը սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո իր նախաձեռնությամբ կարող է դիմել դատարան՝ միջնորդելով ճանաչել իրավասու մարմինը՝ որպես շահագրգիռ անձ: Դատարանի կողմից միջնորդությունը բավարարվելու դեպքում իրավասու մարմինը սույն օրենսգրքի 39.2-րդ, 40-րդ, 46-րդ եւ 80-րդ հոդվածներով նախատեսված հարցերով ձեռք է բերում պարտատերերի եւ պարտապանի կարգավիճակից բխող իրավունքներ, ներառյալ՝ դիմումների պատճենները, պահանջների փոփոխությունները, միջանկյալ բաշխման ծրագրերը եւ դատարանի որոշումներն ստանալու, ներկայացված դիմումները վիճարկելու, առարկություններ եւ դիրքորոշումներ ներկայացնելու, դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին ծանուցվելու եւ նիստին մասնակցելու իրավունքներ:»:

Հոդված 14.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի կարգավորումները տարածվում են այն սնանկության գործերի վրա, որոնք հարուցվել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, կամ որոնք հարուցվել են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն օրենքն ուժի մեջ մտնելու պահին այդ գործերով չի կայացվել պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

24.02.2021
Երեւան
ՀՕ-89-Ն