Russian    
Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին   (Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2021
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-ին կետով.

«18.1) տեղեկություններ բաժնետիրական ընկերության կողմից «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ընկերության գործունեությունը շարունակելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ.».

2) 21-րդ կետը «պաշտոնակատարի» բառից հետո լրացնել «(օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «ղեկավարը» բառից հետո լրացնել «կամ նրա պաշտոնակատարը (օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձը)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) «ընտրելու» բառից հետո լրացնել «, օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձ նշանակվելու» բառերով.

2) 1-ին կետը «մասին» բառից հետո լրացնել «կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության միանձնյա գործադիր մարմնի կամ կառավարող կազմակերպության կողմից իրենց լիազորությունների իրականացման անհնարինության մասին տեղեկությունները» բառերով.

3) 2-րդ կետը «ղեկավարի» բառից հետո լրացնել «կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

09.06.2021
Երեւան
ՀՕ-239-Ն