Armenian      
Դատական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.02.2021

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նաեւ» բառերը.

2) 2.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունները քննում են միայն Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորները:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ եւ 2.3-րդ մասերով.

«2.2. Համապատասխան մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, բացառությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների, քննում են միայն տվյալ մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորները:

2.3. Սույն հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դատավորները, ի լրումն նույն մասով նախատեսված գործերի, քննում են նաեւ սույն օրենսգրքով քրեական մասնագիտացման դատավորին վերապահված այլ գործեր:»:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Առաջին ատյանի դատարանի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով հաստատում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունն իրականացնող դատավորների հերթապահությունների ժամանակացույցը: Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են միայն ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերի վերաբերյալ տվյալները:»:

Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող առանձին դատավորների միջեւ այլ գործեր չեն բաշխվում:»:

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվում են միայն վերաքննիչ քրեական դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված գործերով վերանայումն իրականացնող առանձին դատավորների միջեւ:»:

Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 45. Դատարանների, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին, Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամներին, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող դատավորներին եւ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին գործերի բաշխման առանձնահատկությունները ».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.2-րդ մասով եւ 43-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատավորների համար Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել Հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ:»:

Հոդված 6. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«30) սահմանում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների հերթապահություն սահմանելու կարգը.»:

Հոդված 7. Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետից հանել «եւ իրավագիտության մագիստրոսի» բառերը.

2) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) միայն իրավագիտության բակալավրի աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում ունեն առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, իսկ իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան ունենալու կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում ունեն առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն.»:

Հոդված 8. Օրենքի 103-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Գրավոր առաջադրանքները կարող են պարունակել իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու եւ կիրառելու պահանջով կամ կազմվել թեստային առաջադրանքների՝ հակիրճ իրավական հիպոթետիկ խնդիրների միջոցով՝ դրանց ճիշտ լուծումները հավակնորդի կողմից ընտրելու պահանջով, ինչպես նաեւ կարող են ներառել հիպոթետիկ գործի ամբողջական փաթեթի ուսումնասիրության հիման վրա՝ դատավարական գործողությունների վերլուծության, դատավարական փաստաթղթերի նախագծման եւ այլ պահանջներ:»:

Հոդված 9. Օրենքի 105-րդ հոդվածի 3-րդ մասը «ուղենիշային տիպային պատասխաններով» բառերից հետո լրացնել «, իսկ թեստային առաջադրանքների դեպքում՝ առաջադրանքների առաջարկվող ճիշտ լուծումներով» բառերով:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների թվակազմն ավելացնելու համաձայնություն ստանալու համար դիմում է Կառավարություն՝

1) մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող առանձին դատավորների հաստիքների նախատեսման համար՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առնվազն տասնյոթ դատավոր՝ ըստ դատարանների եւ հաստիքների, որից առնվազն ութը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում.

2) վերաքննիչ քրեական դատարանում՝ երեք դատավոր:

3. Կառավարության համաձայնությունն ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն ավելացնում է դատավորների թվակազմը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավորների թվակազմն ավելացնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման միջոցով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի համալրման եւ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության եւ իրականացման կարգի մասին: Սույն մասով նախատեսված որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է նաեւ թեկնածուների ցուցակի համալրման, այդ թվում՝ որակավորման ստուգման առանձին փուլերի եւ դրանց շրջանակներում իրականացվող գործողությունների հատուկ ժամկետներ՝ այն հաշվառմամբ, որ դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով թեկնածուների որակավորման ստուգումը, ուսուցումը եւ դատավորների թեկնածուների ցուցակի հաստատումն իրականացվեն դատավորների թվակազմն ավելացնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի համալրման նպատակով որակավորման գրավոր քննության առաջադրանքները կազմվում են թեստային առաջադրանքների՝ հակիրճ իրավական հիպոթետիկ խնդիրների միջոցով՝ դրանց ճիշտ լուծումները հավակնորդի կողմից ընտրելու պահանջով: Թեստային առաջադրանքները, քրեական մասնագիտացման ոլորտի ընդհանուր հարցերին վերաբերող հիպոթետիկ խնդիրներից բացի, պետք է առավելապես ներառեն նաեւ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությանը վերաբերող հիպոթետիկ խնդիրներ:

6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավորների թվակազմն ավելացնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, քրեական մասնագիտացման գործող դատավորները սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ առանձին դատավորների պաշտոնում ընտրվելու համար կարող են ներկայացնել դիմում՝ կցելով միայն Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տասնհինգ օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված թափուր տեղերի համալրման նպատակով դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմում ներկայացնելիս դատավորները կցում են նաեւ Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տասնհինգ օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

7. Գործող դատավորները սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ առանձին դատավորների պաշտոնում ընտրվելու համար դիմում ներկայացնելու դեպքում անցնում են հոգեբանական թեստավորում, ինչպես նաեւ հարցազրույց՝ Օրենքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հարցերի շրջանակներում: Դատավորի ընտրության համար քվեարկություն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում հարցազրույցի արդյունքները, հոգեբանական թեստի արդյունքները եւ դատավորի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:

8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դիմում ներկայացրած գործող դատավորները հոգեբանական թեստավորումը եւ հարցազրույցն անցնելու եւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկություն ստանալու համար ընտրվելու դեպքում ստանում են առաջարկություն սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով, իսկ դատավորի թեկնածուների հավակնորդները հարցազրույցի փուլն անցնելու դեպքում ընդգրկվում են դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնում, որը ներկայացվում է Արդարադատության ակադեմիա նրանց ուսուցումը կազմակերպելու նպատակով:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դատավորի թեկնածուների հավակնորդների ուսուցումը եւ փորձաշրջանն իրականացվում են «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքով եւ Ակադեմիայի կառավարման խորհրդի որոշմամբ սահմանված կարգով՝ մեկամսյա ժամկետում:

10. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ առաջին հերթին՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, այնուհետեւ՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում թափուր տեղերի համալրման կամ այդ տեղերում գործող դատավորներին որպես առանձին դատավոր ընտրելու համար Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հավակնորդներին դատավորների թեկնածուների ցուցակում ներառելու պահից եռօրյա ժամկետում, հաջորդաբար՝ գործող դատավոր, դատավորի թեկնածու հերթականությամբ առաջարկություն է ներկայացնում՝

1) սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրված գործող դատավորին՝ սկսած այն դատավորից, որն ունի դատավորի ավելի երկար փորձառություն, իսկ հավասար փորձառության դեպքում՝ տարիքով ավագից, որը, առաջարկությունն ստանալով, եռօրյա ժամկետում այն ընդունելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ համարվում է ընտրված որպես առանձին դատավոր եւ շարունակում է պաշտոնավարել իր գործող պաշտոնում մինչեւ սույն հոդվածի՝ համապատասխանաբար 21-րդ կամ 22-րդ մասին համապատասխան որպես առանձին դատավոր պաշտոնավարումն սկսելը, եւ

2) դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնում ընդգրկված թեկնածուին՝ ըստ Արդարադատության ակադեմիան ավարտելու հանրագումարային միավորների նվազման կարգի՝ Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ թեկնածուին: Սույն կետով նախատեսված թեկնածուները ներկայացված առաջարկությանն իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը ներկայացնում են առաջարկությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում: Առաջարկությունն ընդունած թեկնածուները Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացվում են միաժամանակ եւ ներկայացվում են այն դեպքում, երբ տվյալ դատարանի տվյալ պաշտոնի թափուր տեղերի համալրման համար առաջարկությունն ընդունած թեկնածուների եւ որպես առանձին դատավոր ընտրվելու համար առաջարկությունն ընդունած գործող դատավորների ընդհանուր թիվը պակաս չէ տվյալ դատարանում տվյալ պաշտոնի թափուր տեղերի քանակի երեք քառորդից: Սույն մասով սահմանված առաջարկություն ներկայացնելու հերթականությունը չի պահպանվում, եթե թեկնածուների ցուցակի համապատասխան ենթաբաժնում թեկնածու ներառված չէ, կամ առաջարկություն ներկայացնելու համար գործող դատավորներ առկա չեն, կամ առաջարկություն ներկայացնելու համար ցուցակի համապատասխան ենթաբաժնում թեկնածուների թիվը կամ գործող դատավորների թիվը սպառվել է:

11. Համապատասխան դատարանի գործող դատավորները նույն դատարանում որպես առանձին դատավոր պաշտոնավարումն սկսելու դեպքում շարունակում են քննել իրենց վարույթում առկա բոլոր գործերը, իսկ այլ դատարանում որպես առանձին դատավոր պաշտոնավարումն սկսելու դեպքում նրանց վարույթում առկա գործերը ենթակա են վերաբաշխման պաշտոնավարումն սկսելու պահից մեկ ամսվա ընթացքում:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դատավորներից բացի, այլ դատավորների վարույթում առկա՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները ենթակա չեն վերաբաշխման:

13. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության համապատասխան դատարանի առանձին դատավորների պաշտոնավարումն սկսելու պահից երկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է առանձին դատավորների՝ ըստ նստավայրերի բաշխումն ու թվակազմը:

14. Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննող առանձին դատավորների նոր ավելացված հաստիքները համալրող կամ այդ պաշտոնում ընտրվող դատավորներից բացի, Բարձրագույն դատական խորհուրդը մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման գործող դատավորներից սույն հոդվածով եւ իր սահմանած կարգով ընտրում է առնվազն մեկ դատավորի՝ որպես մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննող առանձին դատավոր:

15. Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածով եւ իր սահմանած կարգով ընտրում է վերաքննիչ քրեական դատարանի՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված թափուր պաշտոնում նոր նշանակված երեք դատավորներին եւ վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորների թվից՝ երեք դատավորների՝ որպես մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ, որոնք, ի լրումն տվյալ գործերի, իրականացնում են նաեւ քրեական այլ գործերով վերանայում:

16. Սույն հոդվածի 14-րդ եւ 15-րդ մասերով նախատեսված առանձին դատավոր ընտրվելու նպատակով մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման գործող դատավորները եւ վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորները Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով եւ ժամկետներում կարող են ներկայացնել դիմում՝ համապատասխանաբար մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում եւ վերաքննիչ քրեական դատարանում որպես առանձին դատավոր ընտրվելու համար՝ դիմումին կցելով Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տասնհինգ օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

17. Սույն հոդվածի 16-րդ մասով սահմանված դիմում չներկայացվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման գործող դատավորների թվից ընտրում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող առանձին դատավորների, իսկ վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորների թվից՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող դատավորների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեկամսյա ժամկետում ստանալով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով դատավորների հայտարարագրերի ստուգման եւ վերլուծության արդյունքները:

18. Սույն հոդվածի 14-րդ եւ 15-րդ մասերով նախատեսված առանձին դատավորների ընտրությունը կատարվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավորների թվակազմն ավելացնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: Ընտրության համար քվեարկություն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում նաեւ դատավորի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը կամ դատավորների հայտարարագրերի ստուգման եւ վերլուծության արդյունքները:

19. Բարձրագույն դատական խորհուրդը, Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննող առանձին դատավորներին, ինչպես նաեւ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող՝ վերաքննիչ քրեական դատարանի առանձին դատավորներին մակագրվող քրեական այլ գործերի համար սահմանում է հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ:

20. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված թափուր տեղերի առաջին համալրումն իրականացվում է բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով: Հետագայում նշված պաշտոններում թափուր տեղեր առաջանալու դեպքում համալրումն իրականացվում է սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված դատավորների թեկնածուների ցուցակի ենթաբաժնում առկա թեկնածուներից, իսկ ցուցակը սպառվելու դեպքում՝ Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

21. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող առանձին դատավորները այդ պաշտոնում պաշտոնավարումն սկսում են Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորների տվյալ պաշտոնի թափուր տեղերի առնվազն երեք քառորդի համալրման պահից:

22. Համապատասխան մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող առանձին դատավորները այդ պաշտոնում պաշտոնավարումն սկսում են տվյալ դատարանի առանձին դատավորների թափուր տեղերի համալրման եւ տվյալ դատարանի գործող դատավորներից սույն հոդվածի 14-րդ մասին համապատասխան առանձին դատավոր ընտրելու պահից:

23. Վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող դատավորները այդ պաշտոնում պաշտոնավարումն սկսում են սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված դատավորներին ընտրելու պահից:

24. Մինչեւ սույն հոդվածի 21-23-րդ մասերով նախատեսված դատավորների պաշտոնավարումն սկսելը համապատասխան դատարանում գործերի բաշխումը եւ քննությունն իրականացվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենքին համապատասխան:

25. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենքի պահանջների հաշվառմամբ սահմանում եւ հրապարակում է որակավորման գրավոր քննության ձեւը, քննական հարցերի կառուցվածքի եւ բովանդակության նվազագույն պահանջները, գրավոր քննության կազմակերպման եւ անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքները գնահատելու կարգը, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը:

26. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության պաշտոնական կայքին ներկայացվող պահանջները, Բարձրագույն դատական խորհրդի՝ 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջեւ գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները եւ կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձեւավորելու կարգը եւ դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» ԲԴԽ-23-Ո-49 եւ 2018 թվականի հուլիսի 26-ի «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահության կարգը սահմանելու մասին» ԲԴԽ-29-Ո-67 որոշումները համապատասխանեցնում է սույն օրենքի դրույթներին:

27. Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ընտրում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործեր քննող դատավորներ՝ Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

18.06.2021
Երեւան
ՀՕ-265-Ն