Armenian      
Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.06.2021

Հոդված 1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«կանեփ՝ կանեփ բույսի ծաղկող կամ պտղատու գլխիկները, որոնցից բուսախեժը քամված չէ՝ անկախ դրանց համար օգտագործվող անվանումից.

կանեփի բույս՝  կանեփ (Cannabis) ցեղի ցանկացած բույս.

կանեփի բուսախեժ՝ քամված բուսախեժը` զտած կամ չզտած, որն ստացվել է կանեփի բույսից.

արտադրական կանեփի բույսի կտրոն՝ կանեփի բույսից առանձնացված մաս (ցողուն՝ տերեւներով), որն օգտագործվում է վեգետատիվ բազմացման նպատակով.

արտադրական կանեփ՝ սույն օրենքով նախատեսված նպատակների համար նախատեսված կանեփի մշակաբույս, որում կաննաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակությանը, ընդ որում՝ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում հավասար կամ ցածր է 0,3 տոկոսից.

արտադրական կանեփի մշակություն՝ կանեփի բույսի աճեցման ամբողջ գործընթացը.

արտադրական կանեփի վերամշակման գործընթաց՝ արտադրական կանեփի բուսախեժի առանձնացումը բույսերից, որոնցից այն ստացվում է, ինչպես նաեւ այն գործընթացները, որոնց միջոցով ստացվում են յուղ, թուղթ, շինանյութ, թել կամ այլ վերամշակվող նյութեր.

իրական շահառու՝ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի իմաստով՝ իրական շահառու անձ.

փոխկապակցված անձ՝ անձի հետ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-27-րդ կետերի իմաստով փոխկապակցված համարվող անձ:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.

«Հոդված 8.1. Թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության բնագավառում լիցենզիաների տրամադրման խորհրդատվական հանձնաժողովը

1. Լիցենզավորող մարմնին թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության բնագավառում լիցենզիաների տրամադրման վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել հանձնաժողով: Խորհրդատվական եզրակացություն տալու դեպքերը եւ կարգը նախատեսվում են հանձնաժողովի աշխատակարգով եւ լիցենզավորման կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «ժամկետով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 3-րդ մասը «օրենքով» բառից հետո լրացնել « եւ սույն օրենքով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը թույլատրվում է միայն բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ, գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ սույն օրենքի 31-33-րդ հոդվածներով նախատեսված նպատակներով:»:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) «հավաստագիր» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «թույլտվություն» բառով.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ պարբերությունով.

«Արտահանման կամ ներմուծման թույլտվության տրամադրման համար կարող է գանձվել պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ չափով: Այն դեպքում, երբ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված է արտահանման կամ ներմուծման թույլտվության տրամադրման համար պետական տուրք, ապա արտահանման կամ  ներմուծման թույլտվության համար դիմողը պարտավոր է վճարել պետական տուրքը թույլտվության համար դիմելուց առաջ:»:

Հոդված  6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 5.1.

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 45.1. Արտադրական կանեփի շրջանառության իրավական կարգավորման առանձնահատկությունները

1. Սույն գլխով սահմանվում են արտադրական կանեփի շրջանառության, արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման, ապօրինի շրջանառության կանխարգելման  կարգի առանձնահատկությունները:

2. Սույն գլխով կարող են նախատեսվել արտադրական կանեփի վերաբերյալ սույն օրենքով թմրամիջոցների համար նախատեսված կարգավորումներից տարբերվող կարգավորումներ, որոնց դեպքում գործում են սույն գլխով սահմանված կարգավորումները:

3. Արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առեւտուրը չեն համարվում դեղերի արտադրություն կամ շրջանառություն եւ չեն կարգավորվում «Դեղերի մասին» օրենքով:

Հոդված 45.2. Արտադրական կանեփի օրինական շրջանառությունը

1. Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրական կանեփի օրինական շրջանառությունը սույն օրենքով սահմանված նպատակներով եւ գործողությունների շրջանակներում՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

2. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման համար տրվում են «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաեւ արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի լիցենզիաներ:

3. Արգելվում է արտադրական կանեփի արտադրությունը անձնական օգտագործման նպատակով:

Հոդված 45.3. Արտադրական կանեփի արտադրությունը

1. Արտադրական կանեփի արտադրությամբ կարող է զբաղվել միայն իրավաբանական անձը, որն ստացել է արտադրական կանեփի արտադրության լիցենզիա:

2. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով թույլատրվող գործունեության ձեւերն են արտադրական կանեփի մշակությունը եւ վերամշակումը:

3. Արտադրական կանեփի մշակությունը թույլատրվում է միայն փակ տարածքներում՝ ջերմատներում, տնկարաններում, սածիլանոցներում, որոնց ներկայացվող պահանջները սահմանվում են լիցենզավորման կարգով:

4. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ստացած անձը կարող է զբաղվել ինչպես մշակությամբ եւ վերամշակմամբ, այնպես էլ դրանցից մեկով:

5. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզիա ունեցող անձի:

Հոդված 45.4. Արտադրական կանեփի արտադրության գործունեության ձեւերի հետ կապված այլ գործողությունները

1. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիան ներառում է նաեւ սույն օրենքի 45.3-րդ հոդվածով նախատեսված գործունեության ձեւերի հետ կապված այլ գործողությունների կատարում, այդ թվում՝

1) արտադրական կանեփի բուսախեժի, թղթի, յուղի, թելի, շինանյութի եւ այլ վերամշակվող նյութերի արտադրության նպատակով արտադրական կանեփի բույսի, արտադրական կանեփի բույսի կտրոնների, սածիլների կամ սերմերի ձեռքբերում մշակման նպատակով, բացառությամբ ներմուծման.

2) արտադրական կանեփի բույսի, արտադրական կանեփի փաթեթավորում, տեղափոխում, պահեստավորում, տիրապետում.

3) արտադրական կանեփի բույսի, արտադրական կանեփի կամ արտադրական կանեփի բուսախեժի ոչնչացում.

4) արտադրական կանեփի նմուշառում եւ լաբորատոր փորձաքննություն՝ որոշելու համար կաննաբիդիոլի կամ տետրահիդրոկաննաբինոլի կոնցենտրացիան՝ տոկոսային պարունակությունը արտադրական կանեփի բույսի նմուշառվող հատվածներում կամ կանեփի բույսի նմուշների տեղափոխումը փորձաքննություն իրականացնող համապատասխան լաբորատորիա:

Հոդված 45.5. Արտադրական կանեփի ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առեւտուրը

1. Արտադրական կանեփի ներմուծմամբ, արտահանմամբ կամ մեծածախ առեւտրով կարող է զբաղվել միայն այն իրավաբանական անձը, որն ստացել է արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի լիցենզիա:

2. Արտադրական կանեփի բույսի, արտադրական կանեփի բույսի կտրոնների, սածիլների եւ  սերմերի ներմուծում Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի լիցենզիայի առկայության դեպքում:

3. Արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի իրականացման համար լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաեւ արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ունեցող անձի:

Հոդված 45.6. Արտադրական կանեփի արտադրության եւ  ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի լիցենզավորման առանձնահատկությունները

1. Արտադրական կանեփի  հետ կապված գործունեության լիցենզիա տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմինը:

2. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիաները տրվում են մինչեւ  տասը տարի ժամկետով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիցենզավորման կարգում արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման համար նախատեսվում են պահանջներ, այդ թվում՝ լիցենզիա ստանալու համար դիմողի կողմից բիզնես-ծրագրի ներկայացման եւ դրա բովանդակության, հիմնավորումների, դիմողի ֆինանսական վիճակի, կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) նվազագույն չափի վերաբերյալ, ինչպես նաեւ այլ պահանջներ:

4. Անձը կարող է զբաղվել արտադրական կանեփի հետ կապված գործունեությամբ միայն այն դեպքում, եթե դիմել է արտադրական կանեփի հետ կապված գործունեության տեսակների լիցենզիա ստանալու համար եւ օրենքով սահմանված կարգով ստացել է այդ լիցենզիան՝ անկախ այլ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ պրեկուրսորների հետ կապված գործունեության լիցենզիա ունենալու հանգամանքից:

5. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիայի ստացման համար դիմողը պարտավոր է բացահայտել եւ լիցենզիա ստանալու հայտի հետ լիցենզավորման կարգով սահմանված ձեւով ներկայացնել փոխկապակցված անձանց եւ իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները:

6. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա չեն կարող ստանալ այն անձինք կամ  փոխկապակցված անձինք, իրական  շահառուները կամ արտադրության կամ  ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի ընթացքում կանեփի, կանեփի բույսի, դրա սերմերի հետ անմիջական շփում ունեցող անձինք (այսուհետ՝ աշխատակից), որոնք՝

1) ունեն դատվածություն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից, կամ ենթարկվել են պատասխանատվության այդպիսի վարչական իրավախախտման համար.

2) տառապում են թմրամոլությամբ:

7. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա ստացած անձինք նախքան արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավվելը  լիցենզավորող մարմին են ներկայացնում աշխատակիցների տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, անձնագրային տվյալներ, թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված դիտավորյալ հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկված լինելու կամ այդպիսի վարչական իրավախախտման կատարման համար պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկություն:  Լիցենզավորող մարմինը վարում է աշխատակիցների ռեեստր: Թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված դիտավորյալ հանցագործության կատարման համար դատապարտված կամ այդպիսի վարչական իրավախախտման համար պատասխանատվության ենթարկված կամ թմրամոլությամբ տառապող անձինք չեն կարող հանդիսանալ աշխատակիցներ: Լիցենզավորման կարգով կարող են նախատեսվել աշխատակիցներին վերաբերող այլ պահանջներ: Աշխատակիցների ռեեստրի տվյալներին հասանելիություն պետք է ունենան նաեւ լիցենզավորված անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինները:

Հոդված  45.7. Արտադրական կանեփի քվոտավորման պահանջը

1. Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  քվոտավորում  է արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առեւտուրը:

2. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիան տրամադրվում է ըստ քվոտաների:

3. Քվոտավորումը կարող է լինել տարբերակված՝ ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ ըստ մեկ սուբյեկտի առավելագույն եւ նվազագույն արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի ծավալներ (քանակ) սահմանելով, ըստ տարիների՝ կոնկրետ սուբյեկտի համար տարբերակված կամ նույնական քվոտա սահմանելով:

4. Քվոտավորման   տարբերակումը   սահմանում   է   Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Քվոտայի սպառվելը համարվում է լիցենզիայի հայտի մերժման հիմք:

6. Քվոտայով նախատեսված քանակական սահմանափակումների խախտումը համարվում է լիցենզիայի դադարեցման հիմք:

7. Հայաստանի  Հանրապետության  մասնակցությամբ  միջազգային պայմանագրերով քվոտավորման պահանջներ սահմանված լինելու դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրով քվոտավորման կանոնները: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է նախատեսել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրին համապատասխան քվոտավորման վերաբերյալ այլ պայմանների բավարարման պահանջներ:

8. Արտաքին առեւտրի ոլորտում արտադրական կանեփ արտահանելու կամ ներմուծելու սահմանափակումների առկայության դեպքում, բացի սույն օրենքով սահմանված լիցենզավորումից, անձը պետք է ստանա նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Հոդված  45.8. Պետական վերահսկողությունը արտադրական կանեփի օրինական շրջանառության ոլորտում

1. Արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման, քվոտավորման եւ օրինական շրջանառության կարգավորման նպատակով սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված նորմերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տեսչական մարմինը:

2. Տեսչական մարմինը վերահսկողությունն իրականացնում է ստուգումների, ուսումնասիրությունների եւ դիտարկումների միջոցով:

3. Տեսչական մարմինն ստուգումները եւ ուսումնասիրություններն իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով:

4. Տեսչական մարմինն իրականացնում է նմուշառում եւ փորձաքննություն արտադրանքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին պարզելու նպատակով:

5. Տեսչական մարմինը վերահսկողության շրջանակներում փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած լաբորատորիայում մինչեւ տեսչական մարմնի կողմից լաբորատոր կարողությունների ձեւավորումը:

6. Տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելիս համագործակցում է այլ պետական մարմինների հետ եւ, ըստ անհրաժեշտության, վերահսկողության ընթացքում կարող է հրավիրել  այլ պետական մարմինների ներկայացուցիչների: Տեսչական մարմինը, ըստ անհրաժեշտության, կարող է վերահսկողական աշխատանքներին ներգրավել փորձագետների եւ մասնագետների:

7. Լիցենզիայի պահանջները խախտելը, ինչպես նաեւ տեսչական մարմնի տված կարգադրագրերը չկատարելը հիմք է տեսչական մարմնի կողմից լիցենզիայի կասեցման կամ դադարեցման վերաբերյալ լիազոր մարմին միջնորդագիր ներկայացնելու համար:

8. Վերահսկողության  սուբյեկտ  հանդիսացող  տնտեսավարողը վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով պարտավոր է ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները, կրկնօրինակները եւ այլ տեղեկություններ, ինչպես նաեւ չխոչընդոտել վերահսկողության ընթացքը, կատարել վերահսկողություն իրականացնող անձանց օրինական պահանջները: Տեսչական մարմնի գործողությունները խոչընդոտելը ենթակա է անհապաղ վերացման Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:

9. Արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաեւ արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտում ապօրինի շրջանառության կանխարգելման նկատմամբ հսկողություն իրականացնում են սույն օրենքով նախատեսված այլ մարմիններ՝ իրենց իրավասության շրջանակում:

10. Արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի  վերաբերյալ տեղեկատվությունը մաքսային եւ հարկային մարմինները տրամադրում են վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված  45.9. Դիտարկումների իրականացումը

1. Դիտարկումը արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման, քվոտավորման եւ օրինական շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից լիցենզիայի պայմանների, օրենսդրության սահմանված նորմերի խախտման կանխարգելման, բացահայտման եւ պատասխանատվության միջոցների կիրառման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջությունն է:

2. Դիտարկումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա՝ նախապես այն համաձայնեցնելով վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) հետ, որտեղ նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, դիտարկման նպատակը, ժամանակահատվածը եւ դիտարկվող հարցի շրջանակը, դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի (այսուհետ՝ դիտարկվող) անվանումը:

3. Տեսչական  մարմինը  դիտարկման  արդյունքների  վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Գրասենյակ:  Հաշվետվության ձեւը եւ ներկայացման պարբերականությունը սահմանվում են Գրասենյակի ղեկավարի հրամանով:

4. Դիտարկումն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Դիտարկման իրականացման հրամանը ծանոթացման նպատակով ներկայացվում է դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին՝ վերջինիս պահանջով:

5. Դիտարկվողի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի՝ դիտարկման վայրում չգտնվելը կամ դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը չպահանջելը կամ ստորագրությամբ այն ստանալու փաստը չհավաստելը հիմք չէ տվյալ պահին դիտարկումը չիրականացնելու համար:

6. Յուրաքանչյուր դիտարկվողի մոտ մեկ դիտարկման ժամկետ կարող է սահմանվել հինգ աշխատանքային օրից ոչ ավել:

7. Դիտարկումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները:

Հոդված  45.10. Արտադրական կանեփի օրինական շրջանառության ոլորտում սահմանված նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագիրը

1. Տեսչական մարմինը վերահսկողության ընթացքում իրավախախտումների հայտնաբերման դեպքում տալիս է խախտումների վերացման վերաբերյալ  պարտադիր կատարման ենթակա կարգադրագիր՝ սահմանելով կարգադրագրի կատարման ժամկետը:

2. Կարգադրագրի ձեւը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը:

3. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է մինչեւ կարգադրագրով սահմանված ժամկետի ավարտը կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել տեսչական մարմնին:

4. Կարգադրագիրը ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչական մարմնին չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

5. Տեսչական մարմինը դիտարկման արդյունքով տրված կարգադրագրի կատարման նկատմամբ կարող է իրականացնել ընթացիկ հսկողություն:

6. Կարգադրագրով նախատեսված սահմանափակումները վերացնում է վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը՝ տնտեսավարող սուբյեկտի դիմումով կարգադրագրի կատարման արդյունքների հիման վրա:»:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքով նախատեսված փոփոխություններից բխող լիցենզավորման կարգում փոփոխությունները, ինչպես նաեւ քվոտավորման կարգի սահմանումը  Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝  երկու ամսվա ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սահմանում է լիցենզիայի հայտեր ընդունելու համար իրավասու պետական կառավարման համակարգի մարմին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

24.06.2021
Երեւան
ՀՕ-277-Ն