Armenian      
Էլեկտրոնային հաղորդակցության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.11.2021

Հոդված 1.   «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժբ» ենթակետից հանել «: Կարգավորողը պարտավոր է հանրային խորհրդակցությունից հետո հաստատել կանոններ եւ կարգեր՝ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իթ» ենթակետով.

«իթ) սահմանել կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգ.»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12.  Լիցենզիաների եւ թույլտվությունների կասեցումը կամ դադարեցումը

1. Ի լրումն սույն օրենքով սահմանված դեպքերի, լիցենզիան կամ ռադիոհաճախականության օգտագործման թույլտվությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝ հաշվի առնելով սույն օրենքով եւ Կարգավորողի սահմանած առանձնահատկությունները:»:

Հոդված 4. Օրենքի 12.1-ին հոդվածից հանել «դիտավորյալ» բառը:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը

1. Ցանցի լիցենզիա կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստացած անձի 25 եւ ավելի տոկոս բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) նկատմամբ իրավունքի օտարում, այլ կերպ փոխանցում, զիջում կամ գրավադրում, ինչպես նաեւ այդ անձի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարում, այլ կերպ փոխանցում, զիջում կամ գրավադրում կարող է իրականացվել միայն Կարգավորողի համաձայնությունը կարգավորվող անձի կողմից ստանալուց հետո: Առանց սույն մասում նշված համաձայնության կնքված կամ դրա կնքմանը համաձայնություն տալու մասին հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմաններին չհամապատասխանող գործարքն  առ ոչինչ է:

2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ անձի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու հնարավորությունն իրավաբանական  կամ ֆիզիկական անձի՝ իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորությունն է, որը դրսեւորվում է տվյալ իրավաբանական անձի՝

1) կառավարման եւ (կամ) ղեկավարման մարմինների ընտրության եւ (կամ) նրանց գործառույթների իրականացման ձեւով.

2) ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանները սահմանելու ձեւով.

3) համար կատարման ենթակա հանձնարարականներ (ցուցումներ) տալու ձեւով.

4) որոշումների կանխորոշման ձեւով այնպիսի իրավաբանական կամ ֆիզիկական անձի միջոցով, որն ունի տվյալ իրավաբանական անձի գործունեությունն ուղղակիորեն կանխորոշելու հնարավորություն (անուղղակի կանխորոշում).

5) գործունեությունն այլ եղանակով ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու ձեւով, այդ թվում՝ կանոնադրական կապիտալում մասնակցության կամ պայմանագրի ուժով, ինչպես նաեւ այլ՝ օրենքով չարգելված ձեւով:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե համաձայնություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը եւ (կամ) տեղեկատվությունը չեն համապատասխանում Կարգավորողի սահմանած կարգի պահանջներին, ինչպես նաեւ իրավասու մարմնի գնահատմամբ վնասում է կամ կարող է  վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը, իսկ մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով տրամադրված լիցենզիայի կամ թույլտվության առկայության դեպքում, երբ չի հիմնավորվում անհրաժեշտ փորձի առկայությունը:

4. Կարգավորողը սույն հոդվածին համապատասխան կարգավորվող անձի նկատմամբ հսկողության փոխանցման համաձայնությունը տալիս է՝ նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ:»:

Հոդված 6. Օրենքի 51-րդ հոդվածում «օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված տույժի, որը չպետք է գերազանցի հինգ միլիոն դրամը» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով պատասխանատվության» բառերով:

Հոդված 7. Օրենքի 63-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 63. Կարգավորողի կողմից կիրառվող պատասխանատվությունը

1. Կարգավորվող անձի կողմից սույն օրենքով, Կարգավորողի իրավական ակտով սահմանված պահանջի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Կարգավորողն իրավասու է կիրառելու սույն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, վերականգնելու մինչեւ խախտումը եղած դրությունը, կատարելու դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ եւ այլն), ինչպես նաեւ տալու դրանց կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ՝ հաշվի առնելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկությունները:

2. Կարգավորվող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի, սույն օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վարչական իրավախախտման հատկանիշներ, ապա առաջացնում է նախազգուշացում:

3. Կարգավորվող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի, սույն օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, լիցենզիայի (թույլտվության) պայմանների կոպիտ խախտման կամ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող այլ անձի օրինական շահերի խախտման, կարգավորվող գործունեության խոչընդոտմանը, լիցենզիայի (թույլտվության) պայմանների չկատարմանը, ինչպես նաեւ հաճախորդների տեղեկությունների գաղտնիության պահպանման վերաբերյալ պահանջի խախտումը, կարգավորվող անձի կողմից իր ծառայությունների կամ ենթակառուցվածքների ապօրինի օգտագործման տրամադրումը կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ մեկ միլիոն դրամից երկու միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության կասեցում կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության դադարեցում:

4. Կարգավորվող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի, Կարգավորողի իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի այլ մասերով սահմանված վարչական իրավախախտման հատկանիշներ, ապա առաջացնում է նախազգուշացում:

5. Կարգավորվող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի, Կարգավորողի իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, լիցենզիայի (թույլտվության) պայմանների կոպիտ խախտման կամ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող այլ անձի օրինական շահերի խախտման, կարգավորվող գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի (թույլտվության) պայմանների չկատարմանը, ինչպես նաեւ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ հինգ հարյուր հազար դրամից մեկ միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության կասեցում կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության դադարեցում:

6. Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում տարեկան հինգ հարյուր միլիոն դրամ գումարը գերազանցող շրջանառություն ունեցող կարգավորվող անձի կողմից սույն օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված վարչական իրավախախտման հատկանիշներ, ապա առաջացնում է նախազգուշացում:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի կողմից սույն օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, լիցենզիայի (թույլտվության) պայմանների կոպիտ խախտման, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող այլ անձի օրինական շահերի խախտման, կարգավորվող գործունեության խոչընդոտմանը, լիցենզիայի (թույլտվության) պայմանների չկատարմանը, ինչպես նաեւ կարգավորվող անձի նկատմամբ հսկողության փոխանցման վերաբերյալ համաձայնություն ստանալու պահանջի խախտումը կամ հաճախորդների տեղեկությունների գաղտնիության պահպանման վերաբերյալ պահանջի խախտումը, կարգավորվող անձի կողմից իր ծառայությունների կամ ենթակառուցվածքների ապօրինի օգտագործման տրամադրումը կամ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ քսան միլիոն դրամից  քառասուն միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության կասեցում կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության դադարեցում:

8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի կողմից Կարգավորողի իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի այլ մասերով սահմանված վարչական իրավախախտման հատկանիշներ, ապա առաջացնում է նախազգուշացում:

9. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի կողմից Կարգավորողի իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, լիցենզիայի (թույլտվության) պայմանների կոպիտ խախտման, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող այլ անձի օրինական շահերի խախտման, կարգավորվող գործունեության խոչընդոտմանը, լիցենզիայի (թույլտվության) պայմանների չկատարմանը կամ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ տասը միլիոն դրամից քսան միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության կասեցում կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության դադարեցում:

10. Սույն օրենքի 60-րդ հոդվածի համաձայն՝ դադարեցման կարգադրությունն արձակելուց հետո առանց Կարգավորողի թույլտվության ռադիոհաճախականությունների օգտագործումը շարունակելը կամ ծանուցում չներկայացրած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձի կողմից էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումը շարունակելը առաջացնում է տուգանք՝ մեկ միլիոն դրամից երկու միլիոն դրամի չափով:

11. Եթե Կարգավորվող անձի չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պահանջը միաժամանակ սահմանված է եւԲ սույն օրենքում, եւԲ Կարգավորողի իրավական ակտում, ապա Կարգավորվող անձի նկատմամբ պատասխանատվության միջոցը կիրառվում է սույն օրենքի պահանջի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

29.11.2021
Երեւան
ՀՕ-368-Ն