Armenian      
Կինեմատոգրաֆիայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.09.2023

Հոդված 1. «Կինեմատոգրաֆիայի մասին» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 16-րդ, 18-րդ եւ 19-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23.1-ին կետով.

«23.1) ներդրումների մասնակի վերադարձ (cash rebate)՝ ֆիլմարտադրողների կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ անձանցից ձեռք բերված՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների եւ ծառայությունների համար կատարված դրամական ծախսերի մասնակի վերադարձ.»:

Հոդված 2.  Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) ֆիլմարտադրության մեջ ներդրված դրամական միջոցների մասնակի վերադարձը.»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) հաստատում է ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու եւ դադարեցնելու կարգն ու պայմանները.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) հաստատում է ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում  հաշվարկվող՝  ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների ցանկը եւ վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու  նորմատիվները.»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) ազգային մարմնի ներկայացրած ներդրումների մասնակի վերադարձի մասին եզրակացությունների եւ վերադարձը տրամադրելու հիմքերի ուսումնասիրության տվյալների հիման վրա որոշում է կայացնում վերադարձը տրամադրելու կամ մերժելու, իսկ օրենքով սահմանված դեպքերում նաեւ՝ վերադարձը պետական բյուջե հետ գանձելու կամ  ներդրումների մասնակի վերադարձը դադարեցնելու եւ վերադարձված ֆինանսական հատկացումը պետական բյուջե հետ գանձելու մասին.».

2) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) իրականացնում է պետական բյուջեից եւ դրամագլխից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաեւ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողություն.».

2) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.

«12.1) ուսումնասիրում է ներդրումները մասնակի վերադարձնելու, իսկ օրենսդրությամբ  սահմանված դեպքերում նաեւ՝ վերադարձը պետական բյուջե հետ գանձելու կամ  ներդրումների մասնակի վերադարձը դադարեցնելու եւ վերադարձված ֆինանսական հատկացումը պետական բյուջե հետ գանձելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություն լիազոր պետական մարմնին՝ համապատասխան որոշում կայացնելու համար.»:

Հոդված 6. Օրենքի 6-րդ գլխում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 6

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՄ ԴՐԱ ՄԵՐԺՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՀԵՏԳԱՆՁՈՒՄԸ, ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ  ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ  ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ».

2) 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 18. Ներդրումների մասնակի վերադարձի տրամադրումը, մերժումը, դադարեցումը, հետգանձումը

1. Ֆիլմարտադրության նպատակով ներդրվող դրամական ծախսերի 10-40 տոկոսը կարող է վերադարձվել, եթե՝

1) ֆիլմարտադրողը ներդրումները վերադարձնելու հայտով դիմել է ազգային մարմին.

2) առկա են ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը.

3) ազգային մարմինը ներդրումների մասնակի վերադարձ տրամադրելու մասին իր դրական եզրակացությամբ դիմել է լիազոր պետական մարմին:

2. Ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում  հաշվարկվող՝  ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների ցանկը եւ վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու  նորմատիվները սահմանում է Կառավարությունը:

3. Ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում չեն հաշվարկվում  սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դրամագլխի հաշվին տվյալ ֆիլմարտադրությանը հատկացված ֆինանսական միջոցների չափով կատարված ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների ծախսերը՝ առկայության դեպքում:

4. Ներդրումների մասնակի վերադարձ ստանալու  հայտը մերժվում է, եթե՝

1) հայտնի են դարձել փաստեր, որոնք հավաստում են, որ ներկայացվել են ոչ հավաստի  տեղեկություններ կամ կեղծ փաստաթղթեր.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի պահանջներին.

3) ներկայացված փաստաթղթերը թերի են, եւ տեղեկացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, թերությունները չեն վերացվում.

4) ֆիլմարտադրողը իր գործունեության ընթացքում ոչնչացրել կամ վնասել է պետության պահպանության տակ գտնվող պատմության կամ մշակույթի հուշարձանը, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկան կամ փաստաթուղթը, հնագիտական օբյեկտները, խախտել է պետության կողմից հատուկ պահպանվող բնական տարածքի կամ օբյեկտի՝ օրենսդրությամբ սահմանված ռեժիմը՝ առաջացնելով քրեական օրենսդրությամբ սահմանված խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս, կամ հրաժարվել է հատուցել հանրային կամ մասնավոր անձանց գույքին պատճառված վնասը կամ վերականգնել դրա նախկին վիճակը.

5) ազգային մարմինը օրենսդրությամբ սահմանված վերահսկողության տվյալների հիմքով տվել է բացասական եզրակացություն:

5. Ներդրումների մասնակի վերադարձը դադարեցվում է, իսկ հատկացված միջոցները հետ են գանձվում պետական բյուջե, եթե ազգային մարմնի վերահսկողության կամ այլ հիմնավորված փաստերով  բացահայտվում է, որ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերադարձ ստացած (ստացող) ֆիլմարտադրողը՝

1) ներկայացրել է ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.

2) խախտել է սույն օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները.

3) ֆիլմարտադրության աշխատանքներում կատարել է վարչական կամ քրեական պատասխանատվություն նախատեսող արարք,  որով պետությանը, իրավաբանական կամ ֆիզիկական անձին պատճառել է վնաս կամ հանգեցրել գույքի մասնակի կամ լրիվ ոչնչացման կամ կատարել է ֆիլմարտադրության իրավունք վերապահող փաստաթղթերով չնախատեսված եւ համապատասխան լիազոր մարմինների հետ չհամաձայնեցված արարք:

6. Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրվում, մերժվում, դադարեցվում եւ պետական բյուջե է վերադարձվում լիազորված պետական մարմնի որոշումով՝ ազգային մարմնի եզրակացության կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա:

7. Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու չափը, հատկացման համամասնությունը եւ ժամկետները, վերադարձի ենթակա ծախսումները հիմնավորող փաստաթղթերի ցանկն ու ձեւաչափը, ինչպես նաեւ վերադարձը մերժելու, դադարեցնելու եւ պետական բյուջե հետգանձում կատարելու (վերադարձնելու) կարգերը սահմանվում են սույն օրենքի 7-րդ  հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված Կառավարության որոշումով:»:

Հոդված  7.  Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրումներ կատարելու դեպքում ֆիլմարտադրողը կարող է ստանալ մասնակի վերադարձ՝ համաձայն սույն օրենքի 18-րդ հոդվածի դրույթների:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ֆիլմարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք իրավունք ունեն ֆիլմի նախագծով հաստատված ժամանակահատվածում առանց աշխատանքի թույլտվության մասնակցելու ֆիլմարտադրության աշխատանքներին՝ Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված՝ ֆիլմարտադրության  ներդրումների մասնակի վերադարձի դրամական ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի հաշվին:»:

Հոդված 9. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների խախտումը եւ սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով եւ 5-րդ մասի 3-րդ կետով սահմանված խախտումներն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Մինչեւ սույն օրենքով սահմանված ազգային մարմնի կազմավորումը ներդրումների մասնակի վերադարձի տրամադրման, մերժման  եւ այդ գործընթացի դադարեցման հետ կապված գործառույթներն իրականացնում է լիազորված պետական մարմինը:».

2)  5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենքով նախատեսված Կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց  ամսվա ընթացքում:»:

Հոդված 11.   Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի դրույթները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ծագած հարաբերությունների նկատմամբ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

03.10.2023
Երեւան
ՀՕ-291-Ն