Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.10.2023

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «փչացնելը» բառից հետո լրացնել «կամ երթեւեկության համար ապօրինի խոչընդոտներ ստեղծելը» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տրանսպորտային միջոցը, ենթակառուցվածքը, հաղորդակցության ուղին կամ ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, ազդանշանման կամ կապի միջոցը կամ տրանսպորտային այլ սարքավորումը ոչնչացնելը, վնասելը, ապամոնտաժելը, արգելափակելը կամ այլ կերպ փչացնելը կամ երթեւեկությունը կարգավորող նշաններ կամ այլ տեխնիկական միջոցներ ինքնակամ տեղադրելը, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության անվտանգության համար ապօրինի խոչընդոտներ ստեղծելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

16.11.2023
Երեւան
ՀՕ-337-Ն