Armenian      
Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2023

Հոդված 1.   «Օզոնային շերտի պահպանության մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-218-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «գազեր» բառից հետո լրացնել «կամ դրանք պարունակող խառնուրդներ» բառերով եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  12-15-րդ կետերով.

«12) հոսակորուստ՝ կարգավորվող նյութեր պարունակող կայանքներից (սառնարանից, օդորակիչից, ջերմային պոմպերից եւ սառնագենտ պարունակող այլ սարքավորումներից) կարգավորվող նյութի կորուստը տարեկան երեք գրամից ավելի.

13) հոսակորուստի դիտանցում՝ իրավաբանական անձանց եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվող գործընթաց, որը ենթադրում է սահմանված դեպքերում եւ ժամանակահատվածում իրենց կողմից շահագործվող օդորակման, սառնամատակարարման, ջերմային պոմպերի եւ սառնագենտ պարունակող այլ սարքավորումների համակարգերում հոսակորուստների հայտնաբերման նպատակով ստուգում եւ արձանագրում համապատասխան գրանցամատյանում.

14) ռեգեներացված (վերականգնված) օզոնային շերտը քայքայող նյութ՝ արդեն իսկ օգտագործված, սակայն նոր նյութերի բնութագրերին համարժեք վերամշակված սառնագենտ, որի մասին վկայում է որակի հավաստագիրը.

15) հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտներ՝ կարգավորվող նյութեր պարունակող կայանքներ (սառնարան, օդորակիչ, ջերմային պոմպեր եւ սառնագենտ պարունակող այլ սարքավորումներ), որոնցում այդ նյութերի պարունակությունը երեք եւ ավելի կիլոգրամ է:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) կարգավորվող  նյութերի գործածման բնագավառում հոսակորուստների դիտանցման կարգի, դիտանցման արդյունքների հաշվառման գրանցամատյանի վարման կարգի եւ ձեւի հաստատումը:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետերով.

«4) կարգավորվող նյութերի ներմուծումը միանգամյա օգտագործման տարաներով, բացառությամբ լաբորատոր նպատակներով ներմուծման դեպքերի.

5) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն 2039 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Մոնրեալի արձանագրությամբ սահմանված կարգավորումների: Ռեգեներացված (վերականգնված) օզոնային շերտը քայքայող նյութերը կարող են ներմուծվել 2039 թվականը ներառյալ:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակ ստացած իրավաբանական անձինք ու որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր պետական մարմին են ներկայացնում կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին տարեկան հաշվետվություն՝ համաձայն Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ սահմանված ձեւի:».

2) 10-րդ մասի «նաեւ» բառը փոխարինել «բացառապես» բառով:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.

«Հոդված 8.1. Հոսակորուստների նկատմամբ հսկողությունը

1. Այն իրավաբանական անձինք եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք, որոնք գործարկում են հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտները, պարտավոր են այդ օբյեկտների նկատմամբ իրականացնել հոսակորուստների դիտանցում եւ սահմանված կարգով վարել դիտանցման արդյունքների հաշվառման գրանցամատյան: Հոսակորուստների հայտնաբերումից հետո տնտեսավարողները դրանք պարտավոր են վերացնել հնարավորին չափ շուտ, բայց ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք պարտավոր են սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով  սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր պետական մարմին ներկայացնել հոսակորուստների դիտանցման վերաբերյալ տեղեկատվություն: Տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում լիազոր պետական մարմինն այդ մասին մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:»:

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ միանգամյա օգտագործման տարաներով ներմուծման դեպքի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով Oրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կատարվող լրացումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում 2024 թվականից անհատական չափաքանակի տրամադրման հայտերի ներկայացմամբ ծագող հասարակական հարաբերությունների վրա:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, Կառավարությունն ընդունում է սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը:

4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթն ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկումից հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

22.12.2023
Երեւան
ՀՕ-398-Ն