Armenian      
Հանրային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.04.2024
Հոդված 1.   «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի  23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում՝

1) 3-րդ  մասը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ  նոր նախադասությունով. «Սույն օրենքի իմաստով՝ նվեր չեն համարվում ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը:».

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետեւյալ նվերները.

1) պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.

2) կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.

3) օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները.

4) օրենքով սահմանված դեպքերում որպես պարգեւատրում, պետական պարգեւ կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույքը, այդ թվում՝ վարչապետի կողմից որպես պարգեւատրում տրվող զենքը:».

3) 6-րդ մասի «1-ին եւ 4-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին եւ 3-րդ կետերով» բառերով.

4) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Սույն հոդվածի 6-րդ եւ 9-րդ մասերի հիման վրա պետական կամ համայնքային սեփականություն դարձող նվերները տնօրինվում են համապատասխանաբար «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով կամ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1)  1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. ««Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված դեպքերում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված նվերների հաշվառումն իրականացնում է Պետական արարողակարգի ծառայությունը:».

2)    3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3)  4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն մասով նախատեսված կարգերով կարող են սահմանվել առանձնահատկություններ՝ պետական մարմիններում առանձին պաշտոնների կամ առանձին պաշտոն զբաղեցնող անձանց կողմից հաշվառվող նվերների վերաբերյալ հրապարակվող տեղեկությունների սահմանափակման անհրաժեշտությամբ պայմանավորված:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 01-Ն որոշման մեջ սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են մինչեւ 2024 թվականի հունիսի 30-ը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

02.05.2024
Երեւան
ՀՕ-149- Ն