Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.04.2024

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված դեղեր արտադրելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը, ինչպես նաեւ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած դեղեր իրացնելը կամ բաշխելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի՝

1) մինչեւ հինգ փաթեթ (այդ թվում՝ խախտված) քանակի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.

2) հինգ եւ ավելի փաթեթ (այդ թվում՝ խախտված) քանակի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:».

2) 5-րդ մասը «անցած» բառից հետո լրացնել «կամ շրջանառությունը դադարեցված» բառերով.

3) 6-րդ մասի «կաթիլաներարկման լուծույթներ» բառերը փոխարինել «ստերիլ դեղաձեւեր» բառերով.

4) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձեւաթղթերի վրա դուրս գրված դեղատոմսերով իրացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:».

5) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձեւաթղթերի վրա դեղատոմսերի դուրսգրումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:».

6) 20-րդ մասը «մեծածախ իրացման» բառերից հետո լրացնել «կամ դեղատնային գործունեության» բառերով.

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20.1-ին մասով.

«20.1. Դեղեր ներմուծողի կողմից առանց սերիայի բացթողում իրականացվելու կամ ներմուծման հավաստագրման ընթացքում օրենքին համապատասխան պարտավորագրով ստանձնած պարտավորություններն առանց կատարելու դեղեր իրացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 47.4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 47.4. Բժշկական արտադրատեսակների կամ բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը

1. Գովազդատուի կողմից բժշկական արտադրատեսակների կամ բուժական մեթոդների գովազդն առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության, ինչպես նաեւ թույլտվության պայմանների խախտմամբ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

2. Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից չգրանցված կամ բժշկի հատուկ նշանակում կամ հսկողություն պահանջող բժշկական արտադրատեսակների կամ չլիցենզավորված սուբյեկտների գովազդ տարածելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասը «(բացառությամբ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման)» բառերից հետո լրացնել «կամ միեւնույն տնտեսավարող սուբյեկտի կողմից միաժամանակ դեղերի մանրածախ եւ մեծածախ իրացման գործունեությամբ զբաղվելը» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

03.05.2024
Երեւան
ՀՕ-154-Ն