Տպել
 
Գրադարանի մասին
ՀՀ Ազգային ժողովի գրադարանը հիմնադրվել է 1991 թվականին: Գրադարանի խնդիրը պատգամավորների, աշխատակազմի անդամների տեղեկատվական պահանջների բավարարումն է` անկախ  կրիչների ձեւերից: Անհրաժեշտության դեպքում սպասարկում է նաեւ քաղաքացիներին, հետազոտողներին եւ գիտական ատենախոսություններ պաշտպանողներին, եթե փնտրվող նյութը այլ գրադարաններում չկա:

Օգտվողների սպասարկումը իրականացվում է աբոնեմենտի եւ ընթերցասրահի միջոցով, զգալի տեղ է հատկացվում էլեկտրոնային տեղեկատվությամբ ապահովմանը:

Գրադարանային հավաքածուն ներառում է 9424 միավոր  բազմալեզու գրականություն` տեղեկատուներ, օրենսդրական, քաղաքական, իրավաբանական, դիվանագիտական, ազգամիջյան հարաբերություններին, տնտեսագիտությանը, պատմական, միջազգային հարբերություններին, մարդու իրավունքներին նվիրված նյութեր, միջազգային պայմանագրերի ժողովածուներ: Հավաքածուի մաս են կազմում բազմաբնույթ պարբերականները (որոնց ցանկին կարելի է ծանոթանալ մեր տվյալների էլեկտրոնային բանկում), տեղեկատվական զանազան նյութերը (բուկլետներ, վերլուծական ամփոփաթերթեր), էլեկտրոնային նյութերը:

Գրադարանը ստեղծում է հավաքածուի էլեկտրոնային քարտարան, որտեղ ներառվում են հավաքածուի մաս կազմող գրքերը, ամենօրյա թերթերից եւ ամսագրերից վերցված եւ մեր հիմնախնդիրների հետ առնչվող հոդվածների մատենագիտական նկարագրությունները: Բազան շահագործվում է համացանցում:

Իրականացնում է օրենսդրական նյութերի ազգային ավանդապահ գրադարանի գործառույթը:

Գրադարանը  օգտվողներին  տրամադրում է համացանցային կապ, լազերային տպիչ, պատճենահանող սարք, իրականացնում է խորհրդատվություն` համացանցում  նյութերի փնտրման վերաբերյալ, օգնում է ստեղծված տվյալների բանկում փնտրումներ իրականացնելու հարցում: