ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը փետրվարի 22-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Ողջունելով դեսպանին՝ Միքայել Մելքումյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը` ընդգծելով երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը, միջխորհրդարանական կապերն առավել ակտիվ զարգացնելու կարեւորությունը:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է «Ծառուկյան» խմբակցության խորհրդարանական գործունեությունը, անդրադարձել սահմանադրական բարեփոխումներից հետո երկրում իրականացված քայլերին:
Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի հարցադրմանը, թե երբ է Ֆրանսիայի Հանրապետությունը վավերացնելու ՀՀ եւ ԵՄ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դեսպանը հավաստիացրել է, որ վավերացման գործընթացը չի ուշանա:
Հանձնաժողովի նախագահը նկատել է, որ Եվրոպայի հետ վիզաների ազատականացման բանակցությունները ուշանում են: Դեսպանը, նշելով, որ թեեւ անկանոն միգրացիայի հետ կապված խնդիրներ կան, վստահեցրել է, որ հարցը կփորձեն կարգավորել:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, գնահատելով համաշխարհային քաղաքական մշակույթում Ֆրանսիայի դերակատարումը, ընդգծել է, որ միմյանց հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ամրապնդմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության, մշակութային կապերի ընդլայնմանը, ինչպես նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընթառաջ ձեռնարկվող միջոցառումներին: