«Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Պետական արհեստագործական ուսումնարանի ուսանողները եւ դասախոսները: Հյուրերը շրջել են խորհրդարանում, հետեւել խորհրդարանի նիստերի աշխատանքին: Այնուհետեւ նրանց հետ հանդիպել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը:
Ողջունելով ուսանողներին Ազգային ժողովում՝ հանձնաժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, ծանոթացրել օրենսդրական գործունեությանը, սահմանադրական բարեփոխումներին:
Հանդիպման մասնակիցները Վարդան Բոստանջյանի հետ անդրադարձել են մեր երկրի բանակաշինությանը, գյուղացիական տնտեսությունների զարգացմանը, առողջապահության ոլորտին առնչվող հարցերի:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի ապագան երիտասարդների ձեռքում է, եւ նրանք պետք է լինեն հետեւողական, սիրեն եւ պաշտպանեն հայրենիքը: