Տպել
23.03.2018
ՀՀ Ազգային ժողով են այցելել Երեւանի Սմբատ Բյուրատի անվան եւ «Այբ» դպրոցների սաները
1 / 7

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 23-ին ՀՀ ԱԺ են այցելել Երեւանի Սմբատ Բյուրատի անվան դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները:

Հյուրերի հետ հանդիպել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Պատգամավորը նախ հնարավորություն է ընձեռել աշակերտներին ներկայացնելու իրենց գիտելիքներն Ազգային ժողովի կառուցվածքի եւ կառավարման ձեւի մասին, ապա պատասխանել իրեն ուղղված հարցերին:

Անդրադարձ է կատարվել նոր Սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորություններին, գենդերային հավասարությանը վերաբերող խնդիրների:

Ռուզաննա Մուրադյանը մանրամասնել է խորհրդարանական կառավարման առավելությունները, ներկայացրել օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթները:

Հանդիպման ավարտին պատգամավորը եւ հյուրերը շրջել են նիստերի դահլիճում:

Հաջորդ բաց դասը եւս «Այբ» դպրոցի սաների հետ անցկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Պատգամավորն ընդգծել է, որ «Այբ»-ը կրթական համակարգում ուղենշային դպրոց է: Նրա խոսքով՝ հասարակության բարեկեցության ապահովման, երկրի տնտեսության զարգացման անկյունաքարը մարդկային կապիտալն է, եւ Հայաստանի նման բնական ռեսուրսներ չունեցող երկիրը պետք է հենվի մտավոր այդ ներուժի վրա: Պատգամավորը երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու հարցում կարեւորել է հայության միասնական ու համախմբված լինելը:

Բանախոսը մանրամասն ներկայացրել է խորհրդարանական կառավարմանն անցնելու գործընթացը՝ նշելով, որ այն ժողովրդավարության զարգացման առավել գործուն հիմքեր է ստեղծում: Ռուզաննա Մուրադյանի ներկայացմամբ՝ սահմանադրական բարեփոխումները միտված էին երկրի կառավարմանը մասնակցող ճյուղերի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Նա անդրադարձել է ԱԺ մարմինների, խորհրդարանական բարեկամական խմբերի, միջխորհրդարանական հանձնաժողովների գործունեությանը, նշել, որ խորհրդարանական կառավարման համակարգում բարձրացել է ընդդիմության դերը, ընդլայնվել են օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթները:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է կատարվել նոր Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված լիազորություններին, աջակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցներին վերաբերող օրենքի ընդունմանը, քաղաքական գործընթացներում կանանց մասնակցությանը եւ խորհրդարանում նրանց ներկայացվածությանը, կրթության որակի բարձրացմանն ուղղված օրենսդրական հիմքերին եւ այլ հարցերի:

Բաց դասի ընթացքում կարեւորվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից ստեղծված «Արարատյան բակալավրիատ» միջազգայնորեն ճանաչված հայալեզու հանրակրթական ծրագիրը, որը նախատեսված է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի դպրոցների համար:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...