Տպել
01.05.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ հատուկ նիստ
1 / 8

ՀՀ Ազգային ժողովը «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն` իրավունքի ուժով մայիսի 1-ին գումարել է հատուկ նիստ` քննարկելու ՀՀ վարչապետի ընտրության հարցը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ մասով եւ ՀՀ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով սահմանված կարգով` ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության որոշմամբ` ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Վովայի Փաշինյանը: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել:

Խորհրդարանի նախագահի խոսքով` այսօրվա նիստը տեղի է ունենում յուրահատուկ իրավիճակում: «Խորհրդարանական մեծամասնությունը թեկնածու չի առաջադրել եւ քննարկում ենք փոքրամասնության առաջարկած թեկնածուի հարցը: Սա աննախադեպ երեւույթ է մեր իրականության մեջ: Միեւնույն ժամանակ, վստահ եմ, որ անկախ նրանից, թե ինչպիսի կարծիք կամ դիրքորոշում կունենա մեզանից յուրաքանչյուրը` որպես պատգամավոր եւ որպես խմբակցություն, բոլորիս հիմնական նպատակը երկրի կայունությունը, անվտանգությունը եւ ժողովրդի բարօրությունն է: Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների նույնիսկ ամենալարված պահերին մենք ցուցաբերել ենք առավելագույն զսպվածություն եւ հանդուրժողականություն միմյանց հանդեպ, ինչը զարմացնում է ողջ աշխարհին: Հորդորում եմ այսօրվա քննարկումների ժամանակ նույնպես զուսպ եւ բարեկիրթ լինենք միմյանց հանդեպ, լսենք միմյանց, հարգենք դիմացինի խոսքը եւ կարծիք հայտնելու իրավունքը: Մենք կարող ենք եւ պարտավոր ենք քննարկումներն անցկացնել հանդուրժողականության մթնոլորտում, ինչպես ավանդաբար ընդունված է մեր Ազգային ժողովում»,- ասել է Արա Բաբլոյանը:

Վարչապետի թեկնածուին ներկայացրել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը: Նա նշել է, որ առաջադրված թեկնածուին սատարում են ՀՀ ԱԺ ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունները եւ, առնվազն, չխոչընդոտելու մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցությունը:

Վարչապետի թեկնածուի կենսագրությունը ներկայացնելուց հետո պատգամավորը մատնանշել է Նիկոլ Փաշինյանի գլխավորելիք ժամանակավոր անցումային կառավարության հիմնական գործառույթները: Ըստ նրա` առաջինը համազգային քաղաքական համերաշխությունն է: Երկրորդն այն, որ այս կառավարությունը պետք է ապահովի երկրի բնականոն գործունեությունը, սկսած սահմանների պաշտպանությունից եւ ֆինանսական համակարգի կայունությունից, վերջացրած ընթացիկ առաջացող խնդիրների օպերատիվ լուծումով: Երրորդ կարեւոր գործառույթը` ընտրական համակարգի բարեփոխումներն են, իսկ չորրորդը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը:

Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ՀՀ ԱԺ պատգամավորները դիմել են հարցերով, որոնք վերաբերել են երկրի անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը, հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներին, տնտեսության զարգացման հեռանկարներին:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը : Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ նա նշել է, որ իշխանությունն այս օրերին չի գնացել մերժողական ճանապարհով, ընդհակառակը՝ ցուցաբերել է բացառիկ հանդուրժողականություն, զսպվածություն եւ հասարակությանը տարբեր թեւերի չբաժանելու գործելաոճ: Նա ընդգծել է, որ իշխանությունը պատրաստ է եղել եւ այսօր էլ պատրաստ է ընթանալ երկխոսության ճանապարհով, բայց ոչ երբեք՝ վերջնագրերի: «Հայաստանում ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չպետք է ունենան: Ժողովրդավարությունը մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար: Բոլորս պարտավոր ենք հարգել բազմակարծությունը, այլակարծությունը, եւ ինձ համար անընդունելի է ճնշման միջոցով փորձել ազդել որեւէ պատգամավորի կարծիքի վրա: Մենք բոլորս հանրության ընտրյալներն ենք եւ յուրաքանչյուրս կընտրենք վարչապետին մեր խղճի մտոք՝ քվեարկելով կողմ կամ դեմ»,-շեշտել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրային դրույթներին, անհասկանալի համարել այն, նշել գաղափարախոսության բացակայությունը:

Ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորները

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է այն պատճառներին, որոնք դրդել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինքին՝ միանալու համաժողովրդական շարժմանը: Պատգամավորի խոսքով՝ այս շարժումն արժանապատիվ հնարավորություն է՝ դուրս գալու արատավոր համակարգային ճահճից, որը վերածվել է բնապահպանական աղետի: Նա նշել է, որ կողմ է քվեարկելու վարչապետի թեկնածուի օգտին:

Միհրան Հակոբյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հետ նախորդ օրը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության հանդիպման արդյունքներին, երկրի կառավարման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներին: Ըստ նրա՝ արժանահավատ չեն վարչապետի թեկնածուի հավաստիացումները հայ-ռուսական հարաբերությունների շարունակականության վերաբերյալ, քանի որ հարթակում՝ նրա կողքին, երեւում են հակառուսական հայացքներ ունեցող գործիչներ:

Արամ Սարգսյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին եւ նշել, որ խորհրդարանականները խոսում են ամեն ինչից, սակայն չեն փորձում ելքեր գտնել ստեղծված իրադրությունից: Ըստ նրա՝ պատգամավորները պարփակվել են դահլիճում՝ մոռանալով, որ խնդրի հանգուցալուծումը փողոցում է:

Այս համատեքստում նա կարեւորել է խորհրդարանական արտահերթ արդար ընտրությունների անցկացումը՝ այն համարելով ստեղծված բարդ իրավիճակի միակ հանգուցալուծում:

Արմենուհի Կյուրեղյանը պատմական է գնահատել ՀՀ ապագա վարչապետի ընտրության քննարկումը, բարձր գնահատել երիտասարդ սերնդի ակտիվ մասնակցությունը շարժմանը: Նա կարեւորել է քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացումն ու քաղաքացիական շարժումը՝ ընդգծելով, որ պատգամավորներն իրավունք չունեն հուսախաբ անելու ժողովրդին: «Մեր ժողովուրդը կոտրել է այն արատավոր կարծրատիպը, թե իրենք ոչինչ չեն կարող փոխել իրենց ընտրությամբ, եւ թե ամեն ինչ նախապես կանխորոշված է»,-շեշտել է նա:

Մանե Թանդիլյանն իր ելույթում նշել է, որ պետք է գա նոր իշխանություն, որը պետք է ամրապնդի անբեկանելին. իշխանությունը պատկանում է ժողովրդին: Պատգամավորի խոսքով՝ ժողովրդական ճնշման ներքո տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում ձեւավորվելու է նոր, ժողովրդի վստահության քվեն ունեցող իշխանություն: Մանե Թանդիլյանն անդրադարձել է նաեւ ՀՀԿ պատգամավորների՝ վարչապետի թեկնածուին ուղղված հարցադրումներին: Նա կարեւորել է ազատ, անկախ ընտրությունների կազմակերպումը:

Կարեն Բեքարյանը, խոսելով ժողովրդական շարժման էներգիայի մասին, կասկածելի է համարել դրա կառուցողական լինելը: Պատգամավորի խոսքով՝ խոսվում է սիրո եւ համերաշխության մասին, սակայն այսօր սոցիալական ցանցերում տիրում է ատելության եւ թշնամանքի մթնոլորտ: Նա անդրադարձել է ներքաղաքական ճգնաժամի տարրերին, որոնք վտանգավոր են մեր երկրի համար: Պատգամավորի խոսքով՝ կորել է վստահությունը, խախտվել է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը:

Արման Սաղաթելյանը նշել է, որ կառավարման յուրաքանչյուր համակարգ ունի իր փիլիսոփայությունը, գործունեության մեխանիզմները: Ըստ պատգամավորի՝ հարկադրանքը, սպառնալիքը հակահամակարգային են եւ կեղծ: Արման Սաղաթելյանի հավաստմամբ՝ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում կառավարությունը ձեւավորվում է խորհրդարանական մեծամասնության կողմից, որը կրում է պատասխանատվությունը: Նրա խոսքով՝ ասել թե, քաղաքական պատասխանատվություն կրողը շարժումն է, կեղծ կատեգորիա է: Պատգամավորն անդրադարձել է նաեւ քաղաքական ուժերի կողմից կոալիցիա ձեւավորելու, համատեղ պատասխանատվություն կրելու մշակույթին:

Սեդրակ Սարոյանը գործընկերներին համերաշխության կոչ է արել՝ հորդորելով չտրվել զգացմունքներին, չփնտրել մեղավորներ: Նրա խոսքով՝ պետք չէ ամեն ինչ կապել Սերժ Սարգսյանի անվան հետ. չկա մարդ, որն աշխատում է ու չի սխալվում: Պատգամավորը նշել է, որ ժողովուրդն իրավունք չունի բախման գնալու, քանի որ ցուցարարներն էլ են մերը, ոստիկաններն էլ: Սեդրակ Սարոյանը կոչ է արել լինել միասնական եւ հանդուրժող, խնդրել է բոլոր խմբակցություններին չշտապել, հանգիստ կերպով լուծում տալ հարցերին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հանդես է եկել արտահերթ ելույթով՝ հակադարձելով Կարեն Բեքարյանի ելույթին, որում նա անդրադարձել էր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության համաժողովրդական շարժմանը միանալուն: Միքայել Մելքումյանը հորդորել է գործընկերոջն անդրադառնալ երկրում տիրող իրավիճակին: ԱԺ փոխնախագահը կոչ է արել դրսեւորել քաղաքական ինքնագիտակցություն, որպեսզի լուծում տրվի ժողովրդի խնդիրներին:

Գագիկ Մելիքյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած որոշ դիտարկումների՝ դրանք համարելով սին պատրանքներ: Դրանք վերաբերում էին տնտեսության զարգացման Նիկոլ Փաշինյանի տեսլականին, «Նաիրիտ» գործարանի գործարկմանը, քաղաքացիների՝ երջանիկ ապրելու վերաբերյալ ծրագրերին: «Մենք շատ երկար չենք կարող ապրել նման լարվածության մեջ,-հավելել է խմբակցության քարտուղարը՝ նկատի ունենալով մեր երկրի կիսապատերազմական վիճակը:

Էդմոն Մարուքյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում առկա է քաղաքական նոր իրողություն եւ քաղաքական ճգնաժամ, որից պետք է հետեւություններ անել: Ըստ նրա՝ ճգնաժամի հանգուցալուծումը 105 պատգամավորների ձեռքերում է, այն Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու մեջ է, ուստի հարցը պետք է լուծվի նրա օգտին քվեարկելով: «Մենք հնարավորություն ունենք զարթոնքը վերածելու ներդրումների ներգրավման, ինչպես նաեւ պայքարել մենաշնորհների, կոռուպցիայի դեմ»,-հավելել է նա:

Արարատ Զուրաբյանի գնահատմամբ՝ խնդրով մտահոգ են բոլորը, սակայն խնդրահարույց են պատգամավոր գործընկերների որոշ արարքներ: Նա անարժանահավատ է համարել Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ հնչած որոշ տեսակետներ, թե նա հակառուսական տրամադրություններ ունի: «Ինչի է հանգեցնելու այս լարումը»,- հարց է տվել պատգամավորը եւ առաջարկել միասնական որոշմամբ կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Արմեն Աշոտյանը, Նիկոլ Փաշինյանին դիմելով, նշել է, որ նրան հաջողվել է ոգեւորել մարդկանց, տալ հույս, ինչպես նաեւ վեր հանել երկար տարիների ընթացքում երկրում կուտակված բազմաթիվ խնդիրներ: Նա անդրադարձել է վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ այն համարելով ասպետական քայլ: Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը պատգամավորը համարել է արժանապատիվ, սակայն դիմադրողական: Նրա կարծիքով՝ այն բավարարող եւ համարժեք չէր այն խնդիրների հաղթահարմանը, որոնք առկա են Հայաստանում. կոռուպցիա, աղքատություն, անվտանգություն, արտագաղթ եւ այլն: «Պարզ չէ, թե նա ինչպես է պայքարելու այդ ամենի դեմ»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Աղվան Վարդանյանն անդրադարձել է շարժմանը եւ փաստել, որ հավատում է Նիկոլ Փաշինյանի ձգտումների ազնվությանը: Նա նաեւ նշել է, որ վտանգ է կանխազգում: Բանախոսն իրազեկել է, որ հաշվի առնելով առկա վտանգները՝ չի կարող կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Պատգամավորը հավաստիացրել է, որ պատրաստ է վայր դնել պատգամավորական մանդատը, եթե դա պահանջի ՀՅԴ կուսակցությունը:

Գեւորգ Կոստանյանը նշել է, որ վարչապետի ընտրության հարցն արդեն դադարել է կուսակցական կամ քաղաքական լինելուց: Նա նշել է, որ ինքը կուսակցական չէ եւ որպես հիմք ընդունում է իրավական չափանիշները: Պատգամավորը ցուցարարների կողմից ճանապարհները փակելն ապօրինի է որակել: Նա փաստել է, որ Նիկոլ Փաշինյանին հարգում է, սակայն վարչապետի թեկնածուի կենսագրության մեջ կարեւորում է պետական կառավարման փորձը, որը նա չունի: Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ պետության ղեկավարման համար քաղաքական նպատակահարմարությունը պետության կառավարումից գերադասելը կարող է կործանարար լինել:

Կարինե Աճեմյանն իր ելույթում նշել է, որ մենք, իրոք, ապրում ենք նոր իրողության մեջ, սակայն երբեւէ որեւէ երկրի խորհրդարանում չի եղել, որ փոքրամասնությունը մեծամասնությանը թելադրի իր կամքը: Կարինե Աճեմյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին ճանաչում են որպես քաղաքական, հեղափոխական գործչի, իսկ այժմ որպես վարչապետի թեկնածուի, սակայն խոսքը սովորական վարչապետի թեկնածության մասին չէ, այլ քաղաքական պաշտոնի: Պատգամավորն անդրադարձել է նաեւ հավաքներին երեխաների մասնակցությանը, առաջարկել ողջախոհ լինել, ձեւավորել համերաշխության կառավարություն:

Խոսրով Հարությունյանը նշել է, որ հանրության առջեւ ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքական գործիչները: Իշխանությունների կողմից իրականացված բարեփոխումներն էական տեղաշարժեր են արձանագրել, սակայն մենք այսօր կանգնած ենք մեր հանրային օրգանիզմը բուժելու խնդրի առջեւ: Նա առաջարկել է խոր, համապարփակ բարեփոխումների իրականացում, ներքին կայունության ապահովում՝ սպառնալիքներին դիմակայելու նպատակով: Պատգամավորը մտահոգություն է հայտնել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կարող է կրել ծանր պատասխանատվությունը, որի իրականացման համար պետք են հմտություններ, գիտելիք, փորձառություն. հատկանիշներ, որոնք նա չունի: Խոսրով Հարությունյանը հորդորել է վարչապետի թեկնածուին դադար տալ:

Արտակ Զեյնալյանն ադրադարձել է ներքաղաքական իրավիճակին եւ նշել, որ հրապարակում երբեւէ այդքան մարդ չի եղել: Ըստ պատգամավորի՝ եթե երկրում չկա խախտված իրավունքների իրավական պաշտպանություն, մարդն ինքն է գտնում լեգիտիմ պաշտպանության միջոց: Արտակ Զեյնալյանը ժողովրդի պայքարը համեմատել է վահանի եւ սրի պայքարի հետ՝ նշելով, որ սուրն, ի վերջո, հաղթում է:

Կորյուն Նահապետյանն իր խոսքում շեշտել է, որ վարչապետի ընտրությունը խղճի, ոգու, համոզմունքների հարց է եւ տեղեկացրել, որ իր ընտրությունը կատարելու է այդ սկզբունքով: Նա հորդորել է համախմբվել, սթափվել եւ քննարկել խնդրի լուծման այլ տարբերակներ:

Արարատ Միրզոյանը հորդորել է սթափ գնահատել իրավիճակը եւ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Նա համոզմունք է հայտնել, որ եթե Նիկոլ Փաշինյանն այսօր չընտրվի վարչապետ՝ կընտրվի 7 օրից, իսկ եթե անգամ 7 օրից մեկ ուրիշ թեկնածու առաջադրվի, միեւնույն է կհաղթեն իրենք, քանի որ գիտեն հաղթելու ուղիները:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հետ 7-ամյա գործընկերային հարաբերություններին՝ ընդգծելով, որ փոխգործակցությունն իրականում եղել է համերաշխության, կառուցողական մթնոլորտում:

«Ես շարունակում եմ կարծել, որ պարոն Փաշինյանը մտահոգ է Հայաստանի Հանրապետության ճակատագրով»,-ասել է Արփինե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների սթափության կոչերին` ԱԺ փոխնախագահը նշել է, որ դրանք սպառնալիքով չեն արվում: Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դիրքորոշումն արտահայտելու է իր սկզբունքներին, համոզմունքներին ու կամքին համահունչ:

Մարգարիտ Եսայանը, ներկա իրավիճակը համարելով պայթյունավտանգ, խոսքն ուղղել է հրապարակում հավաքվածներին եւ նշել, որ Ազգային ժողով էր եկել Աստվածաշնչով: «Ես Նիկոլ Փաշինյանին հարգում եմ, նա կարողացավ անել այն, ինչ չհաջողվեց Վազգեն Մանուկյանին ու մյուսներին»,- ասել է պատգամավորն ու առաջարկել միասին փորձել գտնել լուծումներ:

Սասուն Միքայելյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին ու ժողովրդական շարժմանը: Ըստ նրա՝ ժողովուրդը պայքարում է ոչ թե պետության դեմ, այլ իր ազատության համար: Պատգամավորը, քննադատելով իշխանությունների գործունեությունը, հորդորել է կրակի հետ խաղ չանել: Նա նշել է, որ ժողովուրդն այսօր իր ճակատագիրը կապել է Նիկոլ Փաշինյանի հետ:

Իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Արմեն Ռուստամյանն անդրադարձել է Աղվան Վարդանյանի հայտարարությանը՝ նշելով, որ այն անակնկալ էր խմբակցության համար: Հարգելով պատգամավորի սահմանադրական իրավունքը, նա կարող է քվեարկել իր խճին եւ համոզմունքներին համաձայն, բայց, ըստ Արմեն Ռուստամյանի՝ նրա կատարած քայլը դեմ էր Դաշնակցության ավանդույթներին: ՀՅԴ պատգամավորն ընդգծել է, որ այդ պահվածքին անպայման, կտրվի համապատասխան գնահատական: Ներկայացնելով ՀՅԴ տեսակետը` բանախոսը նշել է, որ քվեարկելու են ի օգուտ Նիկոլ Փաշինյանի: «Մեր դիրքորոշման նպատակը հստակ է՝ հասնել այնպիսի հանգուցալուծման, որից կշահի մեր ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Մեր ժողովրդի եւ քաղաքական ուժերի հասունության եւ իմաստնության փորձություն է սա»:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշել է, որ պետությունը կանգնած է կարեւորագույն, շրջադարձային պահի առջեւ: Ընդգծելով, որ երկրում ծառացած բազում խնդիրները քաղաքական եւ տնտեսական մենաշնորհի հետեւանք են, բանախոսն ասել է, որ հանրապետության վարչապետը պետք է ունենա քաղաքական բովանդակություն: Ըստ Միքայել Մելքումյանի` ԲՀԿ-ն միացել է համաժողովրդական շարժմանը ճիշտ ժամանակին եւ միաձայն քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ կայացած քննարկումների ընթացքում խմբակցությունն ամբողջացրել է կարծիքը վարչապետի թեկնածուի վերաբերյալ: Նրա խոսքով` ներկայացված են հարցեր բանակին, անվտանգության խնդիրներին, պետության ճակատագրին առընչվող հարցեր: Ընդունելով ժողովրդական շարժման հաղթանակը, համաձայնելով հնչած քննադատությունների հետ՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ կուսակցությունը պատրաստակամ է կատարելու նոր քայլեր՝ երկրի սոցիալ-տնտեսական, ներքին խնդիրների լուծման ուղղությամբ: Խմբակցության ղեկավարը նշել է, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Նա բոլորին համբերություն է մաղթել՝ ասելով. «Աստված պահապան մեր ժողովրդին ու ազգին»:

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ խոսքում ողջունել է շարժման մասնակիցներին՝ նշելով, որ նրանց հաղթանակը չի կարող կասկածի տակ դրվել: Նա խորհրդարանին շնորհակալություն է հայտնել շահագրիգիռ քննարկումների համար: Անդրադառնալով հանրապետությունում պայթունավտանգ իրավիճակի մասին պնդումներին՝ նա նշել է, որ դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ կա ուժերի որոշակի հարաբերակցություն, ինչն ըստ նրա այսօր բացակայում է:

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել չխոսել բախումների, ցնցումների մասին, որոնք տեղի չեն ունենալու, քանի որ ժողովրդի առջեւ կանգնած ուժ չկա:

Վարչապետի թեկնածուն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախի Հանրապետությանը սպառնացող վտանգի դեպքում համաժողովրդական շարժումը լծվելու է հայրենիքի պաշտպանությանը, ծառայելու է այդ գործին:

Նիկոլ Փաշինյանը փաստել է, որ Հայաստանի տնտեսությամբ, կայունությամբ, ճգնաժամը լուծելու հարցերով մտահոգված մարդիկ կարող են խնդիրը հեշտությամբ հաղթահարել՝ քվեարկելով ժողովրդի թեկնածուի օգտին: Նա դիմել է ՀՀԿ պատգամավորներին՝ ընդգծելով, որ նրանք ունեն հնարավորություն: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ տարբերակ չկա, որ համաժողովրդական շարժումը չհաղթի առանց նախապայմանների:

Վարչապետի թեկնածուն անդրադարձել է նաեւ իր մասին հնչած կարծիքներին եւ վերահաստատել ազգային համաձայնության ժամանակավոր, անցումային կառավարություն ձեւավորելու մտադրությունը: Առաջարկել է միասին ձեռնամուխ լինել անցումային շրջանում հարցերի լուծմանը՝ նշելով, որ սկսվում է նոր փուլ, շարժումը փակել է ատելության շրջանը: Նիկոլ Փաշինյանը փաստել է, որ ժողովրդի հաղթանակը տեղի է ունենալու ամեն դեպքում եւ կոչ արել միանալ համաժողովրդական շարժմանը: Արձանագրել է, որ ինքը չի մերժել բանակցությունները, սակայն դրանք չեն կարող լինել գոյություն չունեցող թեմաների շուրջ: Վարչապետի թեկնածուն հույս է հայտնել, որ քվեարկության արդյունքները միտված կլինեն ապագային, ոչ թե անցյալին:

45 կողմ, 56 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել ՀՀ վարչապետ: