Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ հերթական նիստի սկզբում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ գրանցվել է 27 պատգամավոր, անհրաժեշտ քվորում չի ապահովվել:
Խորհրդարանի նախագահը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան չորս ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության ապահովման դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին, իսկ չապահովման դեպքում նիստերը համարվում են չկայացած:
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ եւ չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքին:
Ժամը 14:00-ի դրությամբ գրանցվել է 33 պատգամավոր:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4 ժամվա ընթացքում նիստի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի այսօրվա նիստը համարվում է չկայացած: