ՀՀ ԱԺ խմբակցությունները մայիսի 15-ին հանդիպել են Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակության հետ:
ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի կազմն ու գաղափարախոսությունը հյուրերին է ներկայացրել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այն ձեւավորվել է տարբեր հարցերի վերաբերյալ ունեցած համախոհության արդյունքում:
Անդրադառնալով դաշինքի ծրագրերին՝ Էդմոն Մարուքյանը կարեւորել է ընթացիկ տարում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն ու սոցիալ-տնտեսական իրավիճակի բարեփոխմանն ուղղված քայլերը, ներդրումների խթանումը: Առանձնապես կարեւորվել է կոռուպցիայի դեմ պայքարը: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ այժմ կազմավորվում է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով:
Շվեդ գործընկերները կոռուպցիայի դեմ պայքարում առանձնահատուկ դերակատարություն են վերապահել ՀՀ քաղաքացիներին եւ նշել, որ նրանք չպետք է սպասեն կառավարության քայլերին:
Պատվիրակության անդամների հետ հանդիպել են ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը եւ խմբակցության անդամ Ռոմիկ Մանուկյանը:
Ողջունելով շվեդ գործընկերների այցը Հայաստան՝ Արմենուհի Կյուրեղյանը կարեւորել է տարբեր մակարդակներում միջխորհրդարանական շփումներն ու փոխայցերը: Նա երախտագիտություն է հայտնել Շվեդիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար՝ այդ քայլը կարեւորելով ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից ու ընդգծել, որ այսօր էլ, Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց, Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը:
Հյուրերի խնդրանքով պատգամավորն անդրադարձել է ներքաղաքական վերջին գործընթացներին, ներկայացրել համաժողովրդական շարժմանը ՀՅԴ կուսակցության միանալու դրդապատճառներն ու կուսակցության ծրագրերը:
Արմենուհի Կյուրեղյանը հույս է հայտնել, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող ընդդիմության՝ ՀՀԿ խմբակցության հետ համագործակցությունն արդյունավետ կլինի, իսկ իրականացված քաղաքական գործընթացները կնպաստեն ներգաղթին ու ներդրումների հոսքին: ՀՅԴ խմբակցության քարտուղարն առաջնահերթ է համարել կոռուպցիայի դեմ պայքարը, սոցիալական արդարության վերականգնումն ու տնտեսության հետագա զարգացումը:
Ռոմիկ Մանուկյանը նշել է, որ տարաձայնություններ չկան թե արտաքին քաղաքականության, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ըստ նրա՝ արտաքին քաղաքականությանը վերաբերյալ հարցերում համընկնում են ՀՅԴ, ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունների տեսակետները:
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից պատվիրակության անդամների հետ հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Մարինա Մարգարյանը, Կարինե Պողոսյանը, Շաքե Իսայանը եւ Հակոբ Նազարյանը:
Շվեդիայի պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել խորհրդարանում արգասաբեր քննարկումներ ծավալելու համար: Նրանք դրական են գնահատել Հայաստանի ներքաղաքական կյանքում արձանագրված ժողովրդավարության դրսեւորումները:
Միքայել Մելքումյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Ցավոք, աշխարհում ցեղասպանությունների իրականացման տեխնոլոգիաները կատարելագործվում են եւ ռազմական գործողությունների անվան տակ եւս իրականացվում են նման ոճիրներ: Պետք է բացառել դրանք»,- ասել է նա:
ԱԺ փոխնախագահը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կարեւորել ստեղծված իրադրության կարգավորումը Սահմանադրության եւ օրենքների շրջանակում` ի շահ պետության կայունության ու անվտանգության, ժողովրդի բարօրության:
Ըստ Միքայել Մելքումյանի՝ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ նոր Ընտրական օրենսգրքով: Նա հույս է հայտնել, որ տնտեսությունը կապակենտրոնացվի, կբարելավվի արդարադատության համակարգը, կբարձրանա երկրի ներդրումային գրավչությունը:
Խմբակցության անդամները կարեւորել են երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից Շվեդիայի պատվիրակության անդամների հետ հանդիպել են Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը, Կարինե Աճեմյանը եւ Արսեն Միխայլովը:
Գագիկ Մելիքյանը, ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացը, նշել է, որ նաեւ իրենց ջանքերի շնորհիվ իշխանությունը փոխանցվեց խաղաղ ճանապարհով: Նա հավաստիացրել է, որ առաջիկայում խորհրդարանական խմբակցությունը չի խոչընդոտի կառավարության աշխատանքին: Պատգամավորն ընդգծել է, որ ռուսական, ասորական, քրդական եւ եզդիական համայնքներն ունեն իրենց ներկայացուցիչները խորհրդարանում` գնահատելով այն որպես ժողովրդավարության եւս մեկ խոսուն օրինակ:
Ըստ Գագիկ Մելիքյանի` կոռուպցիայի դեմ պայքարն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լուրջ խնդիրների հետ է կապված: «Կոռուպցիան միշտ չէ, որ ցանկանում է հետ նահանջել: Այդ հարցում համագործակցելու ենք նոր ձեւավորված կառավարության հետ»,- ասել է նա:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին` պատգամավորն առաջնային է համարել խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Կարինե Աճեմյանն անդրադարձել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը եւ միջխորհրդարանական հարթակներում պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությանը:
Քննարկվել են հայ-շվեդական հարաբերությունների զարգացմանը, երկկողմ առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 15-ին Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ կայացած հերթական նիստի ժամանակ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենքների նախագծերի: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի ...
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 15-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Շվեդիայի հետ բազմաշերտ եւ փոխշահավետ համագործակցությունը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, ինչին նպաստում են ն...
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Բարձր գնահատելով հայ-ճապոնական հարաբերությունների ներկա մակարդակը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ դրանք կառուցված են...
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձն Ընտանիքի օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Ընտանիքի օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ Հայաստանի եւ Արցախի բոլոր ընտանիքներին, նրանց մաղթում ամենայն լավն ու բարին: Իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում Սփյուռքի հայ գաղթօջախներում մայր հայրենիքի ուրախություններով եւ հոգսերով ապրող մեր քույրերին ու եղբայրներին: Միաժամանակ, առ...