Տպել
26.06.2018
Ներկայացվել են ՍԾՏՀ ԽՎ 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների մանրամասները
1 / 3

ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ հունիսի 19-21-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին:

Հունիսի 26-ին տեղի է ունեցած մամուլի ասուլիսին հայ պատվիրակները տեղեկացրել են, որ Հայաստանն ստանձնել է ԽՎ նախագահությունն առաջիկա 6 ամիսների ընթացքում: Նրանք իրենց ելույթներում դեմ են արտահայտվել ՍԾՏՀ ԽՎ-ն քաղաքականացնելու փորձերին՝ կարեւորելով կազմակերպության՝ տնտեսական ուղղվածությանը հավատարիմ մնալը:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է այն փաստը, որ անկախ ներքաղաքական տարաձայնություններից ու կուսակցական մոտեցումներից հայկական պատվիրակությունների անդամներն արտերկրում հանդես են գալիս պետականամետ ընդհանուր դիրքորոշմամբ:

Կայացել են հանդիպումներ ՍԾՏՀ ԽՎ-ում Հունաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի պատվիրակությունների ղեկավարների հետ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է հատկապես Ալբանիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումը, որի ընթացքում հստակ ընդգծել է, որ Կոսովոյի խնդիրն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը տարբեր են: Հայկական պատվիրակության ղեկավարը փաստել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես հայտնի երեք սկզբունքների հիման վրա եւ Թուրքիան անելիք չունի կարգավորման գործընթացում: ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ քաղաքականությունը եւ ապակառուցողական մոտեցումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը հարեւանների հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու կողմնակից է:

«Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ թույլ չի տա որեւէ մեկին իր հետ խոսել շանտաժի ու նախապայմանների լեզվով»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը նշել է, որ Հայաստանի նախագահության շրջանում պետք է ամեն ինչ արվի, որպեսզի կառույցը հավատարիմ մնա իր տնտեսական ուղղվածությանը:

Գագիկ Մինասյանն իր ելույթում անդրադարձել է անդամ երկրներում տնտեսական զարգացման հիմնական առանձնահատկություններին: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը` նա նշել է, որ քաղաքական դրդապատճառներով շրջափակումը որեւէ արդյունք չի տա, այլ լրացուցիչ խնդիրներ կհարուցի տնտեսական բնագավառում: Հայ պատվիրակը փաստել է, որ Հայաստանը, գտնվելով շրջափակման մեջ, այդուհանդերձ կարողանում է ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման արդյունքում ունենալ հաջողություններ:

«Մենք պետք է դատապարտենք տնտեսական շրջափակումները, փակ սահմանները, որոնք չեն բխում մեր կառույցի կանոնադրական դրսեւորումներից»,-ասել է Գագիկ Մինասյանը:

Երկրորդ ելույթում կառույցում հայկական պատվիրակության ղեկավարը խոսել է կիբերանվտանգության խնդիրների մասին:

Վահե Էնֆիաջյանը նշել է, որ պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի ու Արցախի շահերը, տարածաշրջանում տնտեսական շրջափակման քաղաքականության դրսեւորումները: Հայ պատգամավորն իր ելույթում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մեր երկրի ձեռքբերումներին:

Գեւորգ Գորգիսյանի խոսքով՝ կազմակերպությունը բացառիկ հարթակ է, որտեղ տնտեսական համագործակցության միջոցով կարող է երկխոսություն լինել, որն էլ հետագայում կարող է նպաստել քաղաքական շփումների խորացմանը: Պատգամավորն իր ելույթում խոսել է բարձր տեխնոլոգիաների զարգացման հարցում մեր երկրում իրականացվող քայլերի մասին:

ՍԾՏՀ ԽՎ 52-րդ լիագումար նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերին, Երեւանում:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...