Հուլիսի 20-ին ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:
ՀՀ ԱԺ խմբակցությունները ներկայացրել են իրենց համար առավել ընդունելի ընտրական համակարգերը:
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է, որ իրենց համար ընդունելի է փակ համամասնական ընտրակարգը, սակայն, ինչպես նշել է խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, իրենք պատրաստ են քննարկելու նաեւ այլ մոդելներ:
ՀՀԿ խմբակցությունն առաջարկել էր քննարկել 4 մոդել. առաջինը ենթադրում է ունենալ բաց ցուցակներ՝ խոշորացված ընտրատարածքներով: Երկրորդի դեպքում ընտրողն իր ձայնը տալու է տարածքային ցուցակին, սակայն կուսակցությունն է որոշելու թեկնածուների հաջորդականությունը: Երրորդ մոդելով յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցություններն ի սկզբանե նշանակելու են հնարավոր մեկական թեկնածուի, սակայն ընտրողը քվեարկելու է ոչ թե թեկնածուի, այլ այս կամ այն կուսակցության օգտին: Չորրորդ տարբերակով առաջարկվում է երկու քվեաթերթիկ ունենալ՝ մեկում ներառված կլինեն առաջադրված կուսակցությունները, երկրորդում՝ քաղաքական ուժերի տարածքային թեկնածուները:
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կողմ է բաց համամասնական ցուցակներով քվեարկություն անցկացնելուն, ինչը հնարավորություն կտա ընտրողին որոշելու, թե կուսակցության ներսում մանդատներն ինչպես պետք է բաշխվեն: Այս մոդելը գործում է 31 երկրում եւ, ըստ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ հնարավորություն է ընձեռում կուսակցությունների ներսում զարգացնել ժողովրդավարությունը:
Էդմոն Մարուքյանը, ներկայացնելով «Ելք»-ի տեսակետը, նշել է, որ իրենց խմբակցության եւ ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի առաջարկը նույնն է՝ անցնել 100 տոկոս համամասնական դասական ընտրակարգի:
Քննարկման ընթացքում խմբակցությունները չեկան համախոհության եւ չընտրվեց բոլորի համար ընդունելի ընտրական մոդելը:
Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ «Ելք», ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցություններն անընդունելի են համարել ՀՀԿ խմբակցության առաջարկները, իսկ ՀՀԿ խմբակցությունը մերժել է «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկը: ՀՀԿ խմբակցության համար, իրենց առաջարկներից հետո, նախընտրելին ՀՅԴ առաջարկն է, քանի որ այն, ի տարբերություն մյուսների՝ ունի մեկ թերություն՝ թեկնածուների ստացած ձայների հաշվարկման մեխանիզմը:
ՀՅԴ խմբակցության առաջարկի վերաբերյալ նման տեսակետ ուներ նաեւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ՀՅԴ առաջարկը ռացիոնալ է, լուծումը՝ ռիսկային: Նա առաջարկում է գտնել այնպիսի մեխանիզմ, որը կբացառի ձայների հաշվարկման ընթացքում մարդկային գործոնը: Խմբակցության անդամներից Սերգեյ Բագրատյանն առավել ընդունելի է համարում «Ելք» խմբակցության եւ ՀՀ Կառավարության առաջարկը:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամների համար նախընտրելին իրենց առաջարկի ընդունումն է, սակայն քննարկելի է նաեւ ՀՅԴ առաջարկը: Խմբակցության անդամների համար խնդրահարույց եւ մտահոգիչ է թեկնածուների ստացած ձայների հաշվարկման մեխանիզմը:
Քննարկման արդյունքում ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը գործընկերներին հորդորել է ուսումնասիրել այլ երկրների փորձը եւ համոզվել, որ իրենց ներկայացրած մոդելը լավագույններից է: Նա առաջարկել է նաեւ անցնել կիսաբաց եւ կիսափակ համամասնական ընտրակարգի:
Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 24-ին՝ ժամը 12:00-ին:
Նիստը կվարի ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչը: Կհրավիրվի ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը. նախատեսվում է քննարկել նրա առաջարկը՝ կապված նախընտրական բանավեճերի անցկացման հետ: