ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հուլիսի 30-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական ժողովի փոխնախագահ Մահյուդինի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության անդամներին` Հայաստան-Ինդոնեզիա միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Միքայել Մելքումյանն ընդգծել է պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքի կարեւորությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Խորհրդատվական ժողովի փոխնախագահը հույս է հայտնել, որ խմբերն ակտիվորեն կհամագործակցեն` իրականացնելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող փոխշահավետ ծրագրեր:
Պատվիրակության ղեկավարը հայաստանյան կողմին հրավիրել է մասնակցելու 2018 թվականի սեպտեմբերի 12-13-ը Բալիում կայանալիք խորհրդարանական համաժողովին:
Միքայել Մելքումյանը ներկայացրել է ՀՀ խորհրդարանի կառուցվածքն ու գործունեությունը, անդրադարձել երկրում իրականացվող բարեփոխումներին:
Քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական կապերին, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին եւ ուղիներին, զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` երկուստեք ընդգծելով միայն խաղաղ ճանապարհով լուծում գտնելու կարեւորությունը:
Երեւանում գտնվող Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական ժողովի փոխնախագահ Մահյուդինի գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: