Տպել
29.08.2018
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովն օգոստոսի 29-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար պատգամավորները քննարկել են «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը տեղեկացրել է, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովում հարցը քննարկվել եւ ստացել է դրական եզրակացություն: Նա նշել է, որ նախագծում խմբագրական որոշ շտկումներ են կատարվել:

ՀՀ ԱԺ պատգամավորները՝ նախագծի վերաբերյալ

Արամ Սարգսյանը նշել է, որ ՀՀ ջրային ռեսուրսների կառավարումը ռազմավարական նշանակության խնդիր է եւ պետք է ընդգրկվի ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններում:

Հայկ Բաբուխանյանը կարծիք է հայտնել, որ չեն տրվել մի շարք հարցերի պատասխաններ, օրինակ՝ որքա՞ն գումար է նախատեսվում ստանալ լրացուցիչ ջրառի էլեկտրաէներգիայի վաճառքից, որքա՞ն վնաս է կրել գյուղացիությունը, բաց թողնված ջրից որքա՞ն է լինելու օգուտը եւ այլն:

Արաիկ Հովհաննիսյանը նշել է, որ ելնելով հարցի հրատապությունից՝ իրենց խմբակցությունն այս պահին ձեռնպահ է մնացել առաջարկներ ներկայացնելուց: Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանական լսումներում առաջիկայում կքննարկվեն Սեւանա լճի համալիր խնդիրները, որի արդյունքում կձեւավորվեն նոր առաջարկներ:

Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծն ընդունվել է:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: