Տպել
16.10.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 2

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 16-ին հրավիրած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած երեք օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է սահմանել, որ մինչեւ կարգապահական տույժի կիրառումը գործատուն աշխատողից պետք է խախտման մասին գրավոր բացատրություն պահանջի: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով, ինչպես նշել է համահեղինակ Գեւորգ Պետրոսյանը, առաջարկվում է անկախ արհմիություն ստեղծելու եւ դրան անդամակցելու հնարավորություն տալ: Անկախ արհեստակցական կազմակերպությունը կախվածություն չի ունենա որեւէ գործատուից եւ կֆինանասավորվի բացառապես աշխատողների անդամավճարներից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Այն վերաբերում է ընտրովի պաշտոններ զբաղեցող կամ գիտամանկավարժական գործունեություն իրականացնող անձանց իրավունքների պաշտպանությանը: Առաջարկվում է անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը չփոխարինել ժամկետային աշխատանքային պայմանագրով, ինչն այսօր արվում է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը տեղեկացրել է, որ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ նախագծին սակայն կարծում է, որ այն պետք է լրամշակել եւ խնդրին տալ համապարփակ լուծում: Ըստ նրա, նախագիծն այս տեսքով հատվածական լուծումներ է առաջարկում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նույն օրը գումարած արտահերթ նիստում քննարկել եւ հաստատել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի կանոնակարգը:

Կոմիտեն ստեղծվել է 2017 թվականի նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365 հոդվածի հիման վրա, որին Եվրոպական խորհրդարանն իր համաձայնությունը տվել է 2018 թվականի հուլիսի 4-ին:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ կոմիտեի նպատակն է քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունների բոլոր ուղղությունները, մասնավորապես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը: Ըստ նրա՝ կոմիտեի առաջին նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի վերջին:


26.09.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերութ...

26.09.2024
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն  գրադարանների օգտագործման նպատակները,  ինչպես նաեւ պետությ...

26.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...