Տպել
31.10.2018
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է համաներում հայտարարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ hոկտեմբերի 31-ին գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ԱԺ որոշմամբ օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:

Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ առաջարկվող համաներումը բացառապես մարդասիրական քայլ է եւ քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման նպատակ չի հետապնդում:

Այս համատեքստում նա նշել է, որ այժմ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է կալանավորված եւ դատապարտված 2888 անձ, իսկ մահճակալների թիվն այդ հիմնարկներում 5346 է: Մասնավորապես, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում առկա է 780 տեղ, պահվում է 644 կալանավոր եւ դատապարտյալ: Վարդաշենի ՔԿՀ-ում պահվում է 155 կալանավոր, մահճակալների թիվը 339 է:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարն իրազեկել է, որ սա ամենաշատ շահառու ընդգրկող համաներման նախագիծն է Հայաստանի պատմության մեջ, քանի որ փաթեթի ընդունման արդյունքում համաներումից կօգտվի շուրջ 6500 մարդ:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ համաներումից չեն օգտվի ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարած, ցմահ ազատազրկման դատապարտված, ապօրինի հարստացած, ահաբեկչության, ավազակության, պետական դավաճանության, մարդու թրաֆիքինգի եւ շահագործման, սեռական անձեռնմխելիության եւ ազատության դեմ ուղղված հանցագործությունների, դիվերսիայի, ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հոդվածներով դատապարտված անձինք:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Գեւորգ Կոստանյանը նշել է, որ մարդասիրական այս քայլի արդյունքում կալանքից անմիջապես կազատվի 270 անձ: Ազատվողների թիվն այնուհետեւ կմեծանա:

Հանձնաժողովի նախագահն առանձնապես կարեւորել է հանցագործությունների հետեւանքով տուժած անձանց իրավունքների պաշտպանության հարցը, խոսել տուժողների կրած նյութական վնասների փոխհատուցման անհրաժեշտության մասին:

Գեւորգ Կոստանյանը կառավարությանն առաջարկել է ձեռնարկել միջոցառումներ՝ կանխարգելելու համաներման արդյունքում հանցագործությունների հնարավոր աճը:

Տեսակետներն են հայտնել պատգամավորները:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է մարդասիրական նպատակ ունեցող փաթեթի ընդունումը, անդրադարձել հանցագործությունների հետեւանքով տուժողների կրած նյութական վնասի փոխհատուցման հարցին՝ տեղեկացնելով, որ մեխանիզմները դեռեւս քննարկման փուլում են: Այս առնչությամբ արվել են մի շարք առաջարկներ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու փաթեթին:

Սերգեյ Բագրատյանը տեղեկացրել է, որ օրերս ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն այցելել են Արմավիրի եւ Նուբարաշենի ՔԿՀ-ներ: Պատգամավորն ընթերցել է կալանավորների բաց նամակը, որով նրանք խնդրել են վերանայել համաներման նախագիծը եւ դրանում չընդգրկված որոշ հոդվածներով դատապարտված անձանց եւս համաներումից օգտվելու հնարավորություն տալ:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում «Ծառուկյան» խմբակցությունը կներկայացնի որոշակի հոդվածներ համաներման ակտում ներառելու առաջարկներ, քանի որ, ըստ նրա, մարդասիրությունը չպետք է լինի ընտրովի: Նա կարծիք է հայտնել, որ ցմահ ազատազրկվածների հարցում պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի:

Լենա Նազարյանի գնահատմամբ՝ պետք է համաներումը տարածվի ոչ միայն երեք եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող դատապարտյալների, այլ նաեւ մեկ եւ ավելի անչափահաս երեխա ունեցողների վրա: Պատգամավորի գնահատմամբ՝ գոնե միայնակ մայրերի դեպքում կարելի է դիտարկել նրանց պատժից ազատելու հանգամանքը:

Շաքե Իսայանի գնահատմամբ՝ համաներման ակտը պետք է տարածվեր նաեւ ցմահ դատապարտվածների որոշակի խմբի վրա: Այս համատեքստում նա ներկայացրել է վիճակագրական տվյալներ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի խոսքով՝ համաներումը չպետք է դիտարկել միայն իրավական համատեքստում, այն ունի նաեւ սոցիալական հնչեղություն: ԱԺ փոխնախագահին հետաքրքրել է նախորդ համաներումների արդյունքներն ու վիճակագրական տվյալները: Նա խոսել է նաեւ հարկային համաներման անհրաժեշտության մասին:

Լուիզա Սարգսյանը խնդրին անդրադարձել է բարոյական հարթությունում, խոսել քրեակատարողական հիմնարկների խնդիրների մասին:

Տիգրան Ուրիխանյանի գնահատմամբ՝ արդարացի չեն գործել այն հանձնաժողովները, որոնք պարբերաբար վերանայել են վաղաժամկետ ազատման հանգամանքները: Կոչ անելով գործընկերներին ընդունել նախաձեռնությունը՝ պատգամավորն առաջարկել է համաներման շրջանակն ընդայնել, վերանայել բացառություններ նախատեսող հոդվածները:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ համաներման արդյունքում ազատ կարձակվեն առնվազն 342 անձ: Անդրադառնալով 2009, 2011, 2013 եւ 2018 թթ. համաներման ակտերին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ 2018 թ. համաներումն ամենաընդգրկունն է ու ամենածավալունը. ավելի քան 6500 շահառու է ընդգրկված:

Քվեարկության արդյունքում 72 կողմ ձայներով օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Հարցը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին:


14.05.2024
Մարիամ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Մարիամ Պողոսյանը մայիսի 14-ին hամայնքային հերթական այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ: Պատգամավորը  հանդիպել է  Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպր...

14.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ...

14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...