Տպել
11.04.2005
Կարեւորվեց երիտասարդ գրողների ներդրումը գրական կյանքում

Ապրիլի 11-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին եւ 25 երիտասարդ հայ գրողների` Հայաստանից, Լիբանանից, Իրանից, Թուրքիայից, Վրաստանից:

Ներկայացնելով երիտասարդներին` ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ արդեն ավանդույթ է դարձել երիտասարդ գրողների, քննադատների հավաքներ անցկացնելը եւ այս տարի այդ հավաքին նաեւ սփյուռքի երիտասարդ գրողներ են մասնակցում: Կարեւորելով սփյուռքահայերի մասնակցությունը` պարոն Անանյանը նշեց, որ մշակույթն ու գրականությունը այն դաշտն են, որը հայապահպանությունը հնարավոր է դարձնում սփյուռքում, որտեղ կան երիտասարդ ու կարող ուժեր: ՀԳՄ նախագահը Աժ նախագահին փոխանցեց «Մուտք» մատենաշարի հատորյակները,  որոնք ներկայացնում են երիտասարդներին եւ շնորհակալություն հայտնեց տպագրությանն աջակցելու համար:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորեց երիտասարդներին` իրենց անդրանիկ ստեղծագործությունները տպագրված տեսնելու առիթով եւ հաջողություններ մաղթեց` կարեւորելով նրանց  մասնակցությունը մշակութային-գրական կյանքին: Խորհրդարանի նախագահը պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ աջակցել երիտասարդներին ու «Մուտք» մատենաշարի տպագրությունը: